«Բանդայի գործով» ամբաստանյալին սպառնում է նվազագույնը 19 տարվա ազատազրկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի «բանդայի» գործով ամբաստանյալ 22-ամյա Թոռնիկ Ամոյանի մասով դատական առաջին նիստի օրը նշանակվել է սույն թվականի հունիսի 16-ին ժամը 12:00-ին:

Քրգործը մակագրվել է Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանին:

Ըստ մեղադրական եզրակացության` Քյարամ Ամոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011 թվականի սեպտեմբերին անդամագրվել է Արտուշ Հակոբյանի և Գուրգեն Հայրապետյանի կողմից ստեղծված և ղեկավարվող կայուն կազմակերպված խմբին` բանդային: Այն ստեղծվել էր անձանց նկատմամբ ավազակային հարձակումներ կատարելու նպատակով:

Քյարամ Ամոյանը բանդայի մյուս անդամների հետ միասին կրել է ապօրինի կերպով ձեռք բերված հրազեն հանդիսացող 9մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ-գնդացիրով, 5,45մմ տրամաչափի «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ, 7,62մմ տրամաչափի «ՏՕԶ-49» տեսակի թմբուկավոր, 9մմ տրամաչափի «Մակարով» տեսակի, 7,62մմ տրամաչափի «ՏՏ» տեսակի, «ՏՏ» տեսակի առանց գործարանային համարի, «ԲԼՈՈւ Ց 06» տեսակի մարտականի ձևափոխված հրազեն հանդիսացող ձայնագազային ատրճանակներ:

Ամբաստանյալ Ամոյանը բանդայի կազմում մասնակցել է 2011 թվականի սեպտեմբերի 22 լույս 23-ի գիշերը բանդայի կողմից կատարվելիք ավազակային հարձակման նախապատրաստությանը:

Բացի այդ, Քյարամ Ամոյանը մինչև բանդային անդամագրվելը, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք է բերել և իր մոտ պահել-կրել է «ԲԼՈՈւ Ց 06» տեսակի մարտականի ձևափոխված հրազեն հանդիսացող ձայնագազային ատրճանակը և դրանից կրակոցներ արձակելու համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող փամփուշտները:

Մեղադրական եզրակացությունից տեղեկանում ենք, որ Քյարամ Ամոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 222 հոդվածի 1-ին մասով (բանդայի կողմից կատարվող հարձակումներին մասնակցելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա),  35-175 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (ավազակությունը, որը կատարվել է` առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով և կազմակերպված խմբի կողմից պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա) և 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով և տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հինգհարյուրապատիկի չափով կամ առանց դրա):

Գործը վարույթ է ընդունվել սույն թվականի մայիսի 27-ին:

Քյարամ Ամոյանի շահերը դատարանում կպաշտպանի ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Սամվել Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ տևական ժամանակ Ամոյանը գտնվել է հոգեբույժի հսկողության տակ` ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում:

Իսկ ապրիլի 17-ին մահացել է նրա հայրը, ում հուղարկավորությանը Ամոյանին չի թույլատրվել մասնակցել:

Տաթև Հարությունյան




Լրահոս