ՀԱՐՑ. Ես ապրում եմ վարձակալած բնակարանում, օգտվում եմ այդ տան քաղաքային հեռախոսից: Այժմ բնակարան եմ գնել եւ պիտի տեղափոխվեմ իմ նոր բնակարան: Կարո՞ղ եմ այդ վարձակալած տան հեռախոսի համարը տեղափոխել իմ տուն: Ո՞ւմ պիտի դիմեմ, ինչպե՞ս պիտի անեմ, եւ տան սեփականատերերն ի՞նչ պիտի անեն, որտե՞ղ պիտի դիմում գրենք եւ այլն: Կխնդրեի փոքր-ինչ մանրամասնել:
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ նշված դեպքում համարի տեղափոխումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Ընդհանուր առմամբ նշենք, որ եթե նոր բնակարանում առկա է ֆիքսված հեռախոսակապ տրամադրելու տեխնիկական հնարավորություն, իսկ այն անձը, ում անունով գրանցված է վարձակալվող բնակարանի հեռախոսահամարը, համաձայն է հրաժարվել դրանից, եւ նոր բնակարանը գտնվում է նույն ԱՀԿ-ի սպասարկման տարածքում, ապա տեղափոխությունը հնարավոր է: Սակայն հաշվի առնելով, որ Ձեր գրությունում բացակայում են որոշ տվյալներ (վարձակալվող նոր բնակարանների հասցեները, նոր բնակարանում հեռախոսի առկայությունը եւ այլ), որոնք պետք են հստակ պատասխան տալու համար, հորդորում ենք քաղաքացուն այցելել «Beeline» գրասենյակ, որտեղ մեր աշխատակիցները կպատասխանեն բոլոր հարցերին:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ոչ հեռու ապագայում մեր հայրենակիցները թերեւս այս մի հոգսից ազատվեն: Ենթադրվում է, որ բջջային հեռախոսակապն այնքան կզարգանա, որ լարայինից օգտվելու նպատակահարմարությունը կվերանա: Իսկ մինչ այդ, միանալով «Արմենտել»-ի կոչին, մենք էլ ենք մեր քաղաքացիներին հորդորում այցելել գրասենյակներ` նշված խնդիրը կարգավորելու նպատակով: