Առաջարկում են պարտադիրը տարածել միայն պետական աշխատողների վրա. Ա. Մինասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպում էր ունեցել ԱԺ պատգամավորների հետ և նրանց բանավոր ներկայացրել կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված նոր առաջարկների փաթեթը:

Հանդիպումից հետո ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը armlur.am-ի հետ զրույցում հայտնեց կառավարության առաջարկի մանրամասները:

«Կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված քննարկումը եղել է մոտ 1 ժամից ավել: Այս պահին սպասում ենք առաջարկների գրավոր տեսքին, որից հետո կներկայացնենք մեր հստակ դիրքորոշումը կուտակայինի հետ կապված», – նշեց նա:

Պատգամավորը նաև ներկայացրեց, թե ինչ է ենթադրում նոր նախագիծը:

«Նախնական իրենց սցենարը, որ ներկայացվեց, փորձ է արվում ներդնել պետական աշխատողների համար, 2017թ. կեսից հետո՝ նաև մասնավորների համար: Այս պահին մեզ համար սա ընդունելի տարբերակ չէ, քանի որ ՍԴ-ի որոշմամբ՝ պարտադիր բաղադրիչը համարվել է անվավեր և հակասահմանադրական՝ անկախ նրանից՝ դա կվերաբերվի մասնավոր, թե պետական սեկտորի աշխատողներին», – պարզաբանեց Մինասյանը:

Նա ասաց, որ կառավարության ներկայացրած նախագծում կամավոր կուտակային համակարգի ցուցանիշները պարզապես բացակայում են: Եվ մեր հարցին, թե ինչու է առաջարկվել պարտադիրը ներդնել հենց պետական աշխատողների վրա, պատասխանեց.

«Ներկայացվում է, քանի որ հուլիսի 1-ից պետական աշխատողների կամ բյուջետային աշխատողների աշխատավարձերը բաձրանում են, դրա համար սա որպես ցավոտ ռեֆորմ չի ընդունվի նրանց կողմից: Սա մեզ համար բացարձակ ընդունելի չէ, որովհետև որևէ ռեֆորմով հնարավոր չէ մարդու սեփականությունը փոխանցել կամ պահել», – հայտարարեց նա:

Մինասյանի խոսքով` իրենք շարունակելու են պայքարել կամավոր համակարգի ներդրման համար և սատարելու են «Դեմ.եմ»-ի առաջարկները:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս