Կնոջը կասկածել է դավաճանության մեջ և դաժանաբար սպանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի 53-ամյա բնակիչ Վոլոդյա Մուրադյանը կնոջը` Դիաննա Նահապետյանին, կասկածելով դավաճանության մեջ, սպանել է` մի քանի անգամ հարվածելով խոհանոցային դանակներով:

Ինչպես տեղեկացավ Armlur.am-ը, դեպքը տեղի է ունեցել 2012 թվականի ապրիլի 12-ին` գիշերը ժամը 4-ի սահմաններում, ամուսինների` Արարատ քաղաքում գտնվող բնակարանում:

Այսպես, Վոլոդյա Մուրադյանն ամուսնական անհավատարմության հարցի շուրջ վիճաբանության մեջ է մտել իր կնոջ` Դիաննա Նահապետյանի հետ, որի ընթացքում ապակյա վազով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Այնուհետև կնոջ մազերից քաշելով` տարել է խոհանոցի մուտքի մոտ, որտեղ խոհանոցային դանակներով դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Դիաննա Նահապետյանը տեղում մահացել է:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` Դ.Նահապետյանը վնասվածքներ է ստացել գլխի ձախ կողմի հատվածում, ինչպես նաև՝ ծոծրակային շրջանների սալջարդ վերքեր, ճակատի թվով 2 հատ արյունազեղումներ, գլխի փափուկ հյուսվածքների ներքին մակերեսի, գլխուղեղի թաղանթների և ուղեղանյութի տարածուն, մուգ կարմիր գույնի արյունազեղումների, դեմքի, պարանոցի, իրանի աջ վերին վերջույթի բազմաթիվ կտրած ծակած, թափանցող և չթափանցող վերքերի, զույգ թոքերի, լյարդի վնասվածքների, ներքին /3400 մլ / և արտաքին մասսիվ արունահոսությունների, ներքին օրգանների արտահայտված սակավարյունության, աջ բազկի արյունազեղում:

Փաստի առթիվ հարուցվել է քրգործ` ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1 մասի հատկանիշներով (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով):

Նախկինում դատվածություն չունեցող Վոլոդյա Մուրադյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրգործը մակագրվել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի դատարանի դատավոր Գագիկ Սարգսյանին: Վ. Մուրադյանի շահերը դատարանում ներկայացնում է ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Արմեն Ումրշատյանը:

Սպանվածի իրավահաջորդն է մայրը` Վալյա Նահապետյանը:

Տաթև Հարությունյան




Լրահոս