«Ֆինանսական բուրգի» գործով ամբաստանյալը կկարողանա՞ մասնակցել դատական նիստերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոն և Նորք-Մարաշ համայանքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ կայացավ «ֆինանսական բուրգի» գործով հերթական դատական նիստը:

Հիշեցնենք, որ նախորդ նիստը հետաձգվել էր՝ ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի առողջական վիճակի մասով փորձաքննություն անցկացնելու համար: Պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել այն մասին, որ իր վստահորդն ի վիճակի չէ մասնակցելու դատական նիստերին` վատառողջ լինելու պատճառով: Եվ փորձագիտական եզրակացության պատասխանից էլ պարզ կդառնա` արդյոք ամբաստանյալը կմասնակցի մյուս նիստերին, թե՝ ոչ:

Դատական նիստի ժամանակ պաշտպան Սարգսյանը հայտնեց դատարանին, որ այս շաբաթ կձևավորվի հանձնաժողովը և նշեց, որ հստակ չի կարող ասել` պատասխանը երբ կլինի:

Պաշտպանը միաժամանակ ասաց, որ իր վստահորդն ի վիճակի չէ այսօրվա նիստին մասնակցել, քանի որ սուր գլխացավ ունի, և խնդրեց նիստը հետաձգել մինչ փորձագիտական եզրակացության պատասխանի հայտնումը:

Այս առիթով նախագահողը հարց հնչերեց. «Որ եզրակացությունը պատրաստ լինի, իրեն լա՞վ է զգալու»: Գագիկ Պողոսյանը նշեց նաև, որ ամբաստանյալը պետք է նախքան դատարան ներկայանալը հաղորդում տար:

Մեղադրող Սարգսյանն էլ ասաց, որ ամբաստանյալի վիճակից չի զգացվում, որ նա հիվանդ է, քանի որ կարողանում է ադեկվատ պատասխաններ տալ, ինչին ի պատասխան` դատավոր Պողոսյանը նշեց, թե ամբաստանյալը հոգեկան հիվանդ չէ, պարզապես գլխացավեր ունի, և ադեկվատ պատասխաններ տալու կամ չտալու մասին խոսք չի կարող լինել:

Այսպիսով` կողմերի համաձայնությամբ՝ նիստը հետաձգվեց 2 շաբաթով:

Հիշեցնենք, որ Արթուր Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առուվաճառքով զբաղվելու արդյունքում հայտնվելով փաստացի անվճարունակ վիճակում՝ 2010թ. հունիսին որոշել է ՀՀ ԿԱ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության ու դրանով պայմանավորված իր անձի նկատմամբ շրջապատում ձևավորված վստահության շահարկմամբ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու և դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գումարները և ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ։

Տաթև Հարությունյան




Լրահոս