ԱԺ ՕԵԿ խմբակցությունը շարունակում է հանդիպումները խմբակցությունների հետ: Այսօր տեղի ունեցավ ՀՀԿ-ՕԵԿ հանդիպումը, որի մանրամասները լրագրողների հետ զրույցում նշեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
Բիշարյանն ասաց, որ հանդիպումը շատ կառուցողական էր, և քննարկվել է 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու հարցը:
«ՀՀԿ խմբակցությունում նույնպես համաձայն են մեզ հետ համագործակցել, որպեսզի տեսնենք, թե ինչ խնդիրներ կան ընտրական օրենսգրքում` սկսած ամենակարևորից՝ 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելուց»,- ասաց նա:
Այն ճշտող հարցին, թե ՀՀԿ-ն համաձայն է, որ փոխեն ընտրական համակարգը, Բիշարյանը պատասխանեց. «Իրենք համաձայն են, որ սկսենք համագործակցել դրա շուրջ, սկզբունքորեն դեմ չեն, որ աշխատանքային խումբ ստեղծվի, ու քննարկումներին դեմ չեն»:
«Դաշնակցությունը» բերել էր նախագիծ, մեր խմբակցությունը ևս միացավ դրան, բայց չկարողացանք անցկացնել որպես օրենք: Ինչևէ, չպետք է դադարենք պայքարել, որ 100 տոկոս համամասնականը դարձնենք իրողություն», – ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ նախկինում այդ հարցով ՕԵԿ-ը հանդիպումներ է ունեցել նաև ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի ու «Ազատ դեմոկրատների» հետ: