Վարդան Օսկանյանի` ԲՀԿ շարքերն ընդունվելուց հետո կրկին ծայր առան խոսակցություններն այն մասին, որ ԲՀԿ համամասնական ցուցակը վերածվելու է Ռոբերտ Քոչարյանի կադրային բանկի: Ինչ խոսք, «Բարգավաճ Հայաստան»-ի դեպքում դժվար է ժխտել Քոչարյանի ազդեցության գործոնը, մանավանդ որ` Գագիկ Ծառուկյանը երբեք էլ առանձնապես չի թաքցրել կամ հերքել դա: Սակայն ԲՀԿ-ին Քոչարյանի կցորդ կամ մեկ մարդու կուսակցություն լինելու մեջ մեղադրող ուժերն իրենք էլ, մեղմ ասած, հեռու են կատարելությունից: Օրինակ` ԲՀԿ-ի թիվ մեկ մրցակից Հանրապետական կուսակցությունը տարիներ շարունակ փորձ է արվում ներկայացնել իբրեւ քաղաքական ուժ, որի առանցքը ոչ թե որեւէ անհատ է, այլ անփոփոխ գաղափարախոսություն: Այն, որ ՀՀԿ-ն իրոք այդպիսին է եղել Աշոտ Նավասարդյանի շրջանում, ոչ ոք կարծես թե չի հերքում: Սակայն այդ տարիներին ՀՀԿ-ն իրենից առանձնապես մեծ հետաքրքրություն չէր ներկայացնում, իսկ դրանից հետո արդեն` թե՛ Վազգեն Սարգսյանի եւ առավել եւս թե՛ Անդրանիկ Մարգարյանի օրոք, այն դարձավ պարզապես սովորական իշխանական կուսակցություն, որտեղ որոշիչ խոսքը պատկանում էր իշխանության մեջ բարձրագույն պաշտոն զբաղեցնող ՀՀԿ առաջնորդին: Այդուհանդերձ, հատկապես Ա.Մարգարյանի մարդկային որակների շնորհիվ, ՀՀԿ-ն դեռեւս կարող էր ներկայանալ իբրեւ սեփական տեսակետ ունեցող մարդկանց համախումբ, որոնք կուսակցությունում ապահովում են բազմակարծություն ու ընդհանուր առմամբ թույլ չեն տալիս գաղափարական զգալի շեղումներ:
Սակայն Սերժ Սարգսյանի` ՀՀԿ նախագահ դառնալուց հետո պատկերը կտրուկ փոխվեց: (Ի դեպ, զարմանալի է, որ Օսկանյանի` 60 տարեկանում ԲՀԿ կամ Տիգրան Սարգսյանի` 48 տարեկանում ՀՀԿ անդամակցությունն ամոթալի համարող ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը մոռացավ նշել Սերժ Սարգսյանի` 52 տարեկանում Հանրապետական դառնալու փաստը): Հատկապես 2008թ. նախագահական ընտրություններից հետո ՀՀԿ-ն իսպառ կորցրեց իր երբեմնի քաղաքական որակները, եւ այսօր դժվար է միանշանակ ասել` ԲՀԿ-ն է ավելի շատ մեկ մարդու կուսակցություն, թե ՀՀԿ-ն: Դժվար է հիշել գոնե մեկ դեպք, երբ ՀՀԿ-ական հայտնի դեմքերից որեւէ մեկը համարձակվեր Սերժ Սարգսյանի ասածին ոչ թե հակադրվող, այլ գոնե թեթեւակիորեն տարբերվող տեսակետ հայտնել: Ինչն, ի դեպ, ԲՀԿ-ի դեպքում պատահում է: Այն, որ ՀՀԿ-ն վերածվել է ՍՍԿ-ի` ակնհայտ է դառնում անգամ կուսակցության պաշտոնական կայքէջից, որտեղ տեղադրված վերջին 4 տարիների հայտարարությունների 99 տոկոսը բացառապես Սերժ Սարգսյանի խոսքն է, եւ այնպիսի տպավորություն է, որ դա ոչ թե ՀՀԿ կայքն է, այլ անձամբ Սերժ Սարգսյանի:
Իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ-ն Քոչարյանի կադրային բանկ դարձնելուն, ապա նույնը պատրաստվում է անել նաեւ Սերժ Սարգսյանը` ՀՀԿ ցուցակ խցկելով այլ կուսակցությունների` իրեն ցանկալի դեմքերին: Այնպես որ, վաղուց ժամանակն է, որ ԲՀԿ-ն էլ, ՀՀԿ-ն էլ անվանափոխվեն համապատասխանաբար` ՌՔԿ-ի եւ ՍՍԿ-ի:
ՍՍԿ ԵՎ ՌՔԿ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ