ՍԻԼՎԱՅԻՆ ՉԻ ՏԵՍԵԼ, ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է մանկապղծության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանի կնոջ` Մադլեն Թաշճյանի ներկայացրած հայցի քննությունն ընդդեմ գործարար Սիլվա Համբարձումյանի:  Հիշեցնենք,  որ Մադլենը հայց էր ներկայացրել ընդդեմ Սիլվայի, քանի որ վերջինս մամուլով հայտարարել էր, թե Մադլենն ասել է, որ եթե Սերոբին խիստ պատիժ տան, ապա ինքը կխոսի 99-ի դեպքերի մասին: Նշենք, որ Համբարձումյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել էր, թե տիկին Մադլենը չի կարող իր խոսքերից հրաժարվել, քանի որ խոսակցությանը ներկա է եղել երրորդ մարդը` քույր Արուսյակը: Զրուցեցինք Տեր-Պողոսյանի կնոջ` Մադլենի հետ` պարզելու, թե ինչ էր բացահայտելու` 99թ-ի հետ կապված:
-Ես նման բան չեմ ասել, նախ` ես Սիլվային չեմ ճանաչում, Սիլվային բնավ չեմ տեսած, եւ որեւէ հանդիպում չէր եղած «Մարիոթ»-ում, քույր Արուսյակի կամ իմ ընկերուհիներիս չէր եղած: Մենք քույր Արուսյակի հետ մոտ ենք, բայց այդ ժամանակահատվածում, ես ինչքան կհիշեմ, ինքը Հայաստանում չէր, գործով Եվրոպայում էր:
-Իսկ այդ դեպքում որտեղի՞ց է տիկին Համբարձումյանը վերցրել, որ ինքը Ձեզ հետ հանդիպել է, ինչին ներկա է եղել նաեւ քույր Արուսյակը
-Չգիտեմ, Դո՛ւք ըսեք: Թող գա, փաստերով ապացուցի, ինքը կարծեմ Ձեր թերթի մեջ հայտարարել էր, որ իմ ընկերուհիներս գուքան եւ ինձ կհիշացնեն, թող բերեն իմ ընկերուհիներիս, չգիտեմ` ով է իմ ընկերուհին, որ պետք է գա ու ինձ հիշացնի, որ ես խոսել եմ: Նախ` ես 99-ի մասին բան չեմ գիտեր, ես ի՞նչ գիտեմ, որ ինչ պիտի ասեմ, ինչ բացահայտում պիտի անեմ: Ես կարծում եմ, որ դա պատվեր էր, կազմակերպված մի բան, չեմ կարող հասկնալ, թե ինչու այդ ձեւով  ըրին:
-Բայց, ըստ Ձեզ, ո՞վ է տիկին Համբարձումյանին պատվիրել նման քայլի գնալ:
-Ես չգիտեմ, ուղղակի վատություն անելու համար, ես չգիտեմ` ով է դրա հեղինակը, անկեղծորեն չգիտեմ:
-Տիկի՛ն Մադլեն, չե՞ք փորձել այս ժամանակահատվածում հանդիպել տիկին Սիլվայի հետ` պարզելու համար, թե ինչու է նման հայտարարություն արել, եթե դուք իրար չեք ճանաչում:
-Չէ՛, ինձ պետք չի հետը խոսեմ, ի՞նչ խոսեմ, ես իրեն չեմ ճանչնար, չեմ ճանչնար զինք, ինչո՞ւ գնամ, նստիմ, հետը հաշվի գամ: Սարքել են անշուշտ: Քույր Արուսյակն էլ է զարմացած:
-Իսկ դատական գործընթացը ո՞ր փուլում է գտնվում:
-Ինչքան որ գիտեմ` ինքը ապացույցներ չունի, ասել է, որ նման բան չի ասել:  Իսկ ինչո՞ւ թերթերը գրեցին, եթե ինքը նման բան չի ասել: Ես դատարան չեմ գնում, ինքն էլ դատարան չի գալիս, իմաստ չունի իմ էրթալը: Ասել է, հիմա էլ տակից չի կարող դուրս գալ, ուզում է բարիշե՞լ, բայց ես չեմ ուզեր բարիշել: Ինքն ըսել է` ընկերուհուս կբերի, թող բերի եւ թող հիշացնի: Ես որոշել եմ մինչեւ վերջ պայքարել, դա զրպարտություն է, դա հորինած է: Ես 99-ը թվից ոչինչ չգիտեմ, ինչպես որ ամեն մարդ, էնպես էլ ես: Ես այդ ժամանակ Հայաստանում էի, մենք նույն օրը հանդիպում ունեինք «Արմենիա» հյուրանոց, գացի, այնտեղի մենեջերն ըսավ, որ շո՛ւտ գնա, ըսավ` Ազգային Ժողովում մարդասպանություն է եղել, էդ է: Ավել բան չեմ գիտեր, մեկին չեմ ճանչնար: Հաջորդ դատական նիստը 23-ին է, եւ մենք սպասում ենք, որ ինքը ձայնագրություն բերե:
Հ.Գ. Ի դեպ, Մադլեն Թաշճյանն իրեն զրպարտելու համար դատարանից պահանջում է պարտադրել Սիլվա Համբարձումյանին ներողություն խնդրել եւ հօգուտ իրեն բռնագանձել մեկ լումա:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս