ԱՆԱՐԳՈՂՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անաստաս Միկոյանի արձանի շուրջ կրքերը ոչ միայն չեն մարում, այլեւ, ըստ ամենայնի, ավելի են թեժանալու: Խորհրդային պետական գործչի արձանի տեղադրմանը դեմ հանդես եկողներն օրեցօր նորանոր փաստեր են ի հայտ բերում` ապացույցն այն բանի, որ Միկոյանի ձեռքերը հազարավոր անմեղ մարդկանց արյան մեջ են թաթախված եղել: Դրան ի հակակշիռ` միկոյանասերներն էլ` հիմնականում իշխանական շրջանակներից, ներկայացնում են Միկոյանի ունեցած մեծ ներդրումը Խորհրդային Հայաստանի զարգացման եւ համաշխարհային քաղաքականության մեջ` հընթացս հանդիմանելով միկոյանատյացներին այն բանի համար, որ նրանց բարձրացրած աղմուկի արդյունքում հեղինակազրկվում է համաշխարհային համբավ ունեցող հայազգի գործիչը: Օրինակ` մշակույթի հարատեւ նախարար Հասմիկ Պողոսյանը խորհուրդ էր տալիս Միկոյանի արձանի եւ նրա գործունեության հետ կապված հարցերը «սուսուփուս քննարկել»՝ չուրախացնելու համար մեր ազգի չուզողներին:
Նմանօրինակ մտավախություններով պայմանավորված` ընդդիմադիրներին ամոթանք էին տալիս նաեւ Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության «հաստիքավոր մտավորականները», որոնց ձայնն, ի դեպ, տարիներ ի վեր` հանրությանը հուզող ամենակարեւոր հարցերում անգամ լսելի չէր եղել:
Դժվար է ասել՝ արդյո՞ք Միկոյանի արձանի տեղադրման նախաձեռնությունն այդպիսի մեծ հակազդեցության կարժանանար, եթե դա արվեր երկու տարի առաջ` երբ Հայաստանի իշխանությունները հստակորեն կողմնորոշված էին դեպի Եվրամիություն եւ մեր երկիրը կանգնած չէր նեոսովետական կայսրության մասնիկը դառնալու վտանգի առջեւ: Անկեղծ լինելու համար պետք է նկատել, որ Միկոյանի դեմ խոսողներից շատերի շարժառիթները նաեւ քաղաքական են` պայմանավորված վերը նշված գործոնով:
Սակայն եթե նույն հանրապետականների, կամ հենց Միկոյանի ժառանգների եւ համակիրների համար թանկ էր պետական գործչի հեղինակությունն ու հիշատակը, ապա նրանք պարզապես չպետք է նախաձեռնեին այս գործընթացը: Ի վերջո, ստալինյան ռեպրեսիաներին Միկոյանի մասնակցության մասին տարիներ ի վեր գիտեին թե՛ գիտական շրջանակներում, թե՛ բռնադատվածների ընտանիքներում, եւ առհասարակ` կարդացած, մտավորական շերտերում: Սակայն այդ մասին առանձնապես չէր բարձրաձայնվում, եւ խորհրդային պետական գործչի հիշատակին որեւէ մեկը չէր դիպչում: Հանրության լայն շերտերի համար Միկոյանը խորհրդային շրջանի կարեւորագույն գործիչներից էր, որի՝ հայ լինելու փաստից շատերը շոյվում էին եւ հպարտանում: Իսկ նեղ գիտական շրջանակներն էլ պարզապես շատ չէին փորփրում անցյալն ու Միկոյանի հիշատակը հանգիստ էին թողել:
Մինչդեռ Միկոյանի մահարձանը Երեւանի կենտրոնում տեղադրելու նախաձեռնությամբ հենց Միկոյանի ժառանգն ու այս գործընթացի մեջքին կանգնածները պատճառ հանդիսացան, որ խորհրդային գործչի անցյալի բոլոր սեւ էջերը վերհիշվեն եւ նրա հիշատակն անարգվի:




Լրահոս