ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐԺԵՔ ՀԱՐՎԱԾԸ ՉՊԵՏՔ Է ՈՒՇԱՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զինադադարի կնքումից ի վեր, երեկ, թերեւս, առաջին անգամ հայ-նախիջեւանյան սահմանի մարտական հենակետերում զգալի կորուստներ տվեց հայոց բանակը: Armlur.am-ի տեղեկացմամբ՝ Արարատի զորամասերից մեկում հակառակորդի դիպուկահարի կրակոցից երեկ զոհվել է պայմանագրային զինծառայող, 26-ամյա Անդրանիկ Եղոյանը եւ 22-ամյա Բորիս Գասպարյանը: Եվս մեկ զինծառայող էլ ծանր վնասվածքներ է ստացել: Այս իրավիճակն աննախադեպ է այն առումով, որ Հայաստանի եւ Նախիջեւանի սահմանը համարվել է հակառակորդի հետ շփման գծի՝ համեմատաբար անվտանգ եւ հանգիստ հատվածը: Սակայն երեկվա միջադեպը միտում ունի փոխելու շփման գծի ստատուս քվոն: Այս միջադեպի արմատները եւ ըստ այդմ արդեն հեռուն գնացող ծրագրերը, կարելի է ասել, սկսվում են 2013թ. դեկտեմբերի 20-ի՝ Իլհամ Ալիեւի ստորագրած հրամանից, որով Նախիջեւանի 5-րդ բանակային կորպուսի հիման վրա ստեղծվեց «Առանձին համազորային բանակ» զորամիավորումը: Ռազմական փորձագետների կարծիքով՝ Ադրբեջանի 5-րդ բանակային կորպուսը միշտ եղել է Թուրքիայի զինված ուժերի առանձնահատուկ ուշադրության ներքո եւ, փաստորեն, կարելի է ասել, որ սա որոշ չափով թուրքական բանակի արշավային կորպուս է: Armlur.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը նշել է. «Նախկինում Նախիջեւանի կողմում եղել են կրակոցներ, բայց դրանք շատ քիչ են եղել՝ համեմատած ղարաբաղյան ճակատի հետ: Եթե արդեն երկու զոհ ունենք, նշանակում է՝ սա արդեն վտանգավոր է, քանի որ Նախիջեւանն ամբողջական Թուրքիա է, ոչ թե Ադրբեջան»: Տեսնենք, թե ինչ համարժեք հարված կլինի հայկական կողմից:

 

ԱԺ գազի հանձնաժողովը հաջորդ շաբաթ արդեն ավարտական տեսքի կբերի եւ խորհրդարանին կներկայացնի իր նախնական զեկույցը: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ հանձնաժողովն, ըստ էության, հիմնավորել է ընդդիմության կասկածները, որ, օրինակ, գազի սակագինը ձեւավորվել է չհիմնավորված: Պարզվում է՝ նախկին «ՀայՌուսգազարդ»-ը մեծ կորուստներն ու համակարգի մաշվածությունը հիմնավորելու համար ՀՀ տարածքում գազի բարձր սակագին սահմանելու «անհրաժեշտություն» է ցուցաբերել: Բացի այդ, ընկերությունն ահռելի ծախսեր է կատարել՝ մասնավորապես հսկայական չափերի աշխատավարձեր տալով իր ենթականերին: Հանձնաժողովում պարզվել է նաեւ, որ «ՀայՌուսգազարդ»-ի 20 տոկոս բաժնեմասը, որ պարտքի դիմաց՝ 150 մլն դոլարի չափով տրվեց արդեն «Գազպրոմ»-ին, որեւէ մեկը չի գնահատել, ասել է թե՝ չկան համապատասխան արժանահավատ փաստաթղթեր, որոնք կհիմնավորեն, որ այդ բաժնեմասերն արժեցել են հենց 150մլն դոլար, այլ ոչ թե դրանից շատ, եւ այսպես շարունակ:

 

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ «Ազատամարտի նվիրյալներ միավորում» հասարակական կազմակերպությունը կրկին ակտիվացել է: ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Գասպարյանն ամեն ինչ անում է, որպեսզի կառույցը սկսի «աշխատել»: Մեր տեղեկություններով՝ կազմակերպության միավորման գործընթացին մասնակցում են նաեւ ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատարների կազմը: «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը՝ նշելով, որ իրենք դեռեւս ծրագրեր մշակելու փուլում են գտնվում: «Նման կառույց ստեղծվում է, բայց ոչ Գասպարյանի գլխավորությամբ, բոլոր հրամանատարներն են հավաքվել այնտեղ: Բայց այժմ պայմանավորվածություն կա, որ որեւէ մեկը չբարձրաձայնի այդ մասին՝ մինչեւ կառույցը վերջնական տեսքի կբերենք»,-հայտարարեց մեր զրուցակիցը:

 

Հովիկ Աբրահամյանը վերջերս կառավարության աշխատակազմի գործերի կառավարիչ է նշանակել Սարգիս Բաղինյանին: Վերջինս Տիգրան Սարգսյանի վարչապետության ժամանակ եղել է Քաղաքաշինության նախարարության ԾԻԳ-ի տնօրենը, սակայն նախկին վարչապետը նրան ազատել էր այդ պաշտոնից, քանի որ ԾԻԳ-ում «ատկատներ»-ի մի քանի գործերով լուրջ փաստեր էին բացահայտվել: Դրանից հետո, ըստ շրջանառվող լուրերի, Բաղինյանը հեռացել էր Հայաստանից ու Երեւան վերադարձել միայն Տ.Սարգսյանի հրաժարականից հետո: Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Հայինկասացիա»-ի մի քանի աշխատակցի դեմ առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակման համար հարուցված քրեական գործով սկզբում որպես մեղադրյալ ներգրավված է եղել նաեւ Բաղինյանի կինը՝ Լիլիկ Հակոբյանը: Հիշեցնենք, որ այդ գործով հաշվապահության մի քանի աշխատակիցներ դատապարտվել են: Սակայն Բաղինյանի շնորհիվ, նրա կնոջը հաջողվել է խուսափել պատասխանատվությունից: Հիմա առավելեւս կհաջողվի:




Լրահոս