ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ՉԵՆ ԹՈՂՆԻ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից Կարինե Մինասյանի ազատվելուց հետո իշխանական կուլիսներում ակտիվ խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ նա նշանակվելու է Սերժ Սարգսյանի խորհրդական: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Մինասյանին վերը նշված պաշտոնից ազատել են, քանի որ վերջինս վատ հարաբերություններ է ունեցել էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի եւ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հետ: Բայց քանի որ Մաքսային Միության հետ կապված բանակցություններն ու խմբի աշխատանքները ինքն էր համակարգում, այդ պատճառով էլ Սերժ Սարգսյանը չի ցանկանում անգործ թողնել Կ. Մինասյանին, եւ, ամենայն հավանականությամբ, մոտ օրերս նրան կնշանակի իրեն խորհրդական: Ի դեպ, Սերժ Սարգսյանի մոտ արդեն սովորություն է դարձել «գործազուրկ» նախարարներին խորհրդական նշանակելը: Հիշեցնենք, որ վերջերս էլ խորհրդական նշանակվեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանը:

ՔԱՌՅԱԿԸ ՀՅԴ-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երկուշաբթի օրը «հրաշալի քառյակ»-ը կրկին նախատեսել է հանդիպում ունենալ: Մեր տեղեկություններով՝ այս անգամ հանդիպումը լինելու է ԱԺ ՀՅԴ խմբակցությունում: Օրակարգում կրկին ընդգրկված են այն 12 պահանջները, որոնք Քառյակը պատրաստվում է ներկայացնել հայրենի կառավարությանը: Տեղեկացանք, որ Քառյակում ցանկանում են վերջնական «տեսքի» բերել իրենց պահանջները, որից հետո այն հրապարակել: Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ Քառյակը կրկին հանդիպել էր, այն տեւել էր մոտ 4 ժամ, որից հետո ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարել էր, որ իրենք մշակել են 12 պահանջ ու նշել, որ Քառյակը պատրաստվում է աշնանը հանդես գալ հանրահավաքներով: Հավելենք, որ երկուշաբթի օրը մեկնարկելու է ԱԺ քառօրյան:

ՔՈՉԱՐՅԱՆԸ ԵՐԿՐՈՒՄ ՉԷ

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանից պարզել, թե արդյոք Ռ. Քոչարյանը ցանկանում է միանալ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից ստեղծվելիք վարչապետերի ակումբին: Վ. Սողոմոնյանն ասաց, որ դեռեւս այդ հարցը չի քննարկել նրա հետ, քանի որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չէ: Մեր զրուցակիցը նշեց, որ ՀՀ երկրորդ նախագահը մասնավոր այցով գտնվում է երկրից դուրս: Սակայն գրասենյակի պատասխանատուն չցանկացավ նշել, թե կոնկրետ որտեղ է գտնվում Ռ. Քոչարյանը: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանում հայտարարել էր, որ ինքը մտադիր է ստեղծել վարչապետերի ակումբ եւ այնտեղ հրավիրել բոլոր ՀՀ նախկին վարչապետերին, իսկ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի Հանրապետության վարչապետ էր նշանակվել 1997թ. մարտի 20-ին:




Լրահոս