«ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՆՎԻՐՅԱԼՆԵՐ»-ՈՒՄ ՈՐՈՇԵԼ ԵՆ ԳԱՂՏՆԻ ԳՈՐԾԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազատամարտի նվիրյալներ միավորում» հասարակական կազմակերպությունը կրկին սկսել է իր գործունեությունը: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Գասպարյանն ամեն ինչ անում է, որպեսզի այդ կառույցը կազմավորվի: ՀԿ-ի կազմավորման աշխատանքներին մասնակցում են նաեւ ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատարների կազմը: Մեր տեղեկություններով՝ նրանք շատ հաճախ են հավաքվում ու քննարկում կազմակերպության գործունեության հետ կապված հարցերը:

«Ժողովուրդ»-ը զրուցել է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի հետ:

-Պարոն Եղիազարյան, Դուք եւս մասնակցում եք «Ազատամարտի նվիրյալներ միավորում» հասարակական կազմակերպության աշխատանքներին, որը ղեկավարում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Գասպարյանը: Կառույցի կազմավորման աշխատանքներն ինչ փուլում են:
-Այդպիսի կառույց ստեղծվում է, բայց ոչ Ռուստամ Գասպարյանի գլխավորությամբ, բոլոր հրամանատարները հավաքվում են: Բայց այժմ պայմանավորվածություն կա, որ որեւէ մեկը չբարձրաձայնի այդ մասին մինչեւ կառույցը վերջնական տեսքի կբերենք, որից հետո ամեն ինչ կդառնա հրապարակային: Մենք շուտով հայտարարությամբ հանդես կգանք:
-Բայց արդեն հստակեցրե՞լ եք, թե կառույցն ինչ գործունեությամբ է զբաղվելու, որո՞նք են լինելու Ձեր քայլերը: Կա՞ կոնկրետ գաղափար, որի շուրջ համախմբվել եք:
-Վերջնական որոշում չկա, որ ասեմ, թե այս գաղափարի շուրջն ենք հավաքվել: Դեռեւս տղաները բաներ են մշակում, ամեն մեկն իր տեսակետն է հայտնում, որը վերջնական չէ:
-Նշվում է, որ կառույցի հիմնական խնդիրը լինելու է ազատամարտիկների սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացումը, քանի որ նրանք փողոց են դուրս եկել իրենց օրվա հացի խնդրի համար:
-Եթե այդպիսի խնդիր դրվի՝ ես առաջինը դուրս կգամ այդ միությունից:
-Ինչո՞ւ:
-Եթե հարցը դրվի ազատամարտիկների սոցիալական խնդրի վրա, ես այդ միությանը չեմ միանալու, 100 տոկոսով եմ ասում:
-Այդ դեպքում, ինչի՞ շուրջ պետք է ազատամարտիկները համախմբվեն, որ Դուք միանաք նրանց:
-Երբ նորմալ մարդն անցնում է փողոցով եւ տեսնում՝ մի կնոջ բռնաբարում են ու չի կարողանում օգնել, պաշտպանել, ապա այդ դեպքում նորմալ տղամարդն իրեն շատ վատ է զգում: Նույն վիճակն է, երբ քո հայրենիքն են բռնաբարում ու չես կարող օգնել քո հայրենիքին: Ես այս վիճակի համար մղկտում եմ: Ու ինչ ուժ ուզում է լինի, որը կկարողանա մեր հայրենիքը այս վիճակից հանել, ես նրան աջակցելու եմ, ես նրան օգնելու եմ: Դրա համար հրամանատարները հավաքվում ու իրենց կարծիքն են արտահայտում: Ու դեռեւս պետք է ծրագիր մշակվի, այդ ծրագրի շուրջ մենք կմիանանք, կաջակցենք ու կլրացնենք այդ շարքերը:
-Տեղեկություններ կան, որ Ձեր կողմից ստեղծվելիք կառույցը լինելու է երկրորդ ԵԿՄ-ն, իսկապե՞ս երկրապահական երկրորդ կառույցն է ստեղծվում:
-Ես մի բան կարող եմ ասել. կան կուսակցություններ, չէ՞, որ կազմավորվում են, ինչո՞ւ են այդքան կուսակցություններ կազմավորվում, ԵԿՄ-ն իր գործն է կատարում, մենք էլ մեր գործը կկատարենք: Ես կարծում եմ, որ իրենք ոչ մեկը իրավունք չունեն իրար խանգարելու, կարեւորը, որ հարցը վերաբերվում է հայրենիքին: Այդ տղաների սոցիալական վիճակը բոլորն էլ լավ գիտեն, սոված են, ծարավ, տուն չունեն, տեղ չունեն: Մարդիկ դրա մասին չէին բարձրաձայնում, մտածում էին, որ հայրենիքը կարգի կգա ու իրենք լավ կապրեն, բայց այսօր այլ իրավիճակ է ստեղծվել: Մենք այսօր ցավում ենք հայրենիքի համար, որ այսօր այս վիճակն է: Մենք ԵԿՄ-ին հակադիր կառույց չենք լինում, մարդիկ միավորվում են մեկ գաղափարի շուրջ:
-ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Գեւորգյանը (Ծաղիկ Ռուբո) եւս մասնակցում էր կառույցի կազմավորման աշխատանքներին, սակայն այժմ կառույցից հեռացել է: Ի՞նչ տարաձայնություններ կային նրա հետ կապված:
-Ես տեղյակ չեմ, մենք դեռեւս քննարկում ենք, թե ինչ պետք է անենք, բայց որոշել ենք դրա մասին չբարձրաձայնել ու վերջ:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս