ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՓՈԽԵՑ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը բավականին ուշադիր է իր անվտանգության ապահովման հարցում: Կառավարության աշխատակազմը վերջերս 315 հազար դրամ է ծախսել՝ անվտանգության համակարգերի սարքերի վերանորոգման հարցում՝ մասնավորապես խոսքը վերաբերում է կառավարության մուտքի վերահսկման համակարգերին: Հիշեցնենք, որ նույն Աբրահամյանի՝ ԱԺ նախագահ եղած ժամանակ, խորհրդարանի ողջ շենքում եւ բակում տեղադրվեցին տեսախցիկներ: Դե ինչ արած, սա էլ Աբրահամյանի բնավորությունն է։ Նա սիրում է մարդկանց հետեւել ու վերահսկել:

ԹԱՔՆՎԱԾ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՑ

Հայաստանում պաշտոնյաների մի խավ կա, ովքեր աչքի չեն ընկնում, բայց լուրջ ունեցվածքի տեր են: Նրանցից է, օրինակ, ՀՀ քաղաքաշինության նախկին փոխնախարար Անուշավան Այվազյանը, ով պաշտոնավարել է 2013թ. դեկտեմբերից մինչեւ այս տարվա մայիս: Եվ ահա, Այվազյանը հայտարարագրել է «Տոյոտա Սոլարա» մակնիշի մեքենա, երկու հողամաս: Նա իր հաշվին ունի 18.5 մլն ՀՀ դրամ, 68.3 հազար ԱՄՆ դոլար եւ 54.5 հազար եվրո: Խոստովանենք՝ սովորական մարդու համար հսկայական կարողություն, մանավանդ որ նա ստացել է 853.377 հազար դրամ աշխատավարձ եւ գույքի օտարումից՝ 1 մլն դրամ:

ԲՈՒՆՏ «ԱՐԹԻԿ» ՔԿՀ-ՈՒՄ

Armlur.am-ի հավաստի աղբյուրները փոխանցեցին, որ «Արթիկ» ՔԿՀ-ի մի քանի դատապարտյալներ իրար հետեւից անժամկետ հացադուլ են հայտարարել: Մեր տեղեկություններով՝ այդ դատապարտյալներն են՝ Արթուր Բաղդասարյանը, Կարեն Փայտյանը, Արմեն Կիրակոսյանը, Սամվել Սարոյանն ու Յանիս Սարկիսովը: Հացադուլի պատճառը, ինչպես հայտնի է դարձել, այն է, որ «Արթիկ»-ի վարչական հանձնաժողովը մերժում է դատապարտյալներին հասանելիք պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորությունները: Դատապարտված անձինք այսկերպ նպատակ ունեն իրենց խոսքն ու անհանգստությունը լսելի դարձնել գործող իշխանություններին: Նշենք նաեւ, որ մեր տեղեկություններով՝ մի քանի այլ դատապարտյալներ եւս մոտ օրերս միանալու են հացադուլ հայտարարածներին՝ ի նշան բողոքի:

ՄԻՆՉԵՎ ՏՈՒԺՈՂ ՉԼԻՆԻ

Երեկ Armlur.am-ին ահազանգել էին Սայաթ-Նովա 10 հասցեի բնակիչները եւ հայտնել, որ տարածքում կառուցվող շենքի շինարարության համար նախատեսված երկաթներն ուժեղ քամու պատճառով ցած են ընկնում` վտանգ ներկայացնելով անցորդների համար: Բնակիչները հայտնեցին, որ ահազանգել են ոստիկանություն, որտեղից նրանց պատասխանել են, որ իրենք ոչինչ չեն կարող անել, քանի դեռ տուժածներ չկան: Հիշեցնենք, որ վերոնշյալ բազմաֆունկցիոնալ շենքի շինարարությունը մեծ աղմուկ էր բարձրացրել, եւ բնակիչները դեմ էին դրա կառուցմանը:




Լրահոս