ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՆՈՐ «ԴԵՄ ԵՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների ուղղությամբ ակտիվ քայլերի դիմեց Տիգրան Սարգսյանի կառավարության հրաժարականից անմիջապես հետո: Սա ամենեւին էլ պատահական չէր. իշխանությունները պարբերաբար քննարկումներ կազմակերպելով սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, ըստ էության, դրանով փորձում են թելադրել իրենց օրակարգը՝ հասարակության ուշադրությունը շեղելով կատարվածից:

Այս առումով ուշագրավ է մեկ հանգամանք. իշխանությունները արդարացնելու համար սահմանադրական փոփոխությունների՝ իրենց նախաձեռնությունը, փորձում են համոզել, թե հասունացել է դրա անհրաժեշտությունը: Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամներից «կարկառուն համոզող»՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը երեկ ասել է, թե «Այն պետք է քննարկումների փուլով անցնի եւ հնչող կարծիքները մասնագիտական հանձնաժողովի համար շատ կարեւոր են… Սահմանադրությունը ոչ միայն իրավական, այլ նաեւ քաղաքական փաստաթուղթ է, եւ քաղաքական կուսակցությունների դիրքորոշումներն ու քաղաքական իրականությունը պետք է արտացոլված լինեն այդ փաստաթղթում»: Ի դեպ, հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ էլ Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Քաղաքական երանգ ունեցող հարցերին վերջնական գնահատական տալուց չպետք է անտեսվեն կամ թերագնահատվեն մեր երկրի քաղաքական ուժերի մոտեցումները»: Այսօր, սակայն, պարզվում է, որ հիմնական քաղաքական ուժերը գրեթե միակարծիք են՝ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չկա: Խորհրդարանական 6 ուժերից միայն ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն են պնդում սահմանադրական փոփոխությունների մասին, իսկ ահա մյուս չորս ուժերը վստահեցնում են, որ հիմա դրա ժամանակը չէ:
Երեկ, սահմանադրական փոփոխությունների թեմայով միջազգային կառույցների կազմակերպած քննարկումների ժամանակ ավելի ամրապնդվեց այդ տեսակետը: Քննարկումների ժամանակ նախ՝ դահլիճը լքեցին ՀԱԿ ներկայացուցիչներ Արամ Մանուկյանն ու Վլադիմիր Կարապետյանը՝ հայտարարելով, որ իրենք հրաժարվում են բովանդակային որեւէ քննարկումից: Ավելի ուշ, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արամ Մանուկյանը նշեց, թե այդ փոփոխություններն իրականում բլեֆ են եւ նպատակ ունեն ծառայել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկարաձգմանը: Մանուկյանի խոսքերով՝ Ս.Սարգսյանը հայտարարել է, թե չի առաջադրվի նախագահի պաշտոնում, չի ցանկանում լինել վարչապետ, իսկ մյուս կողմից՝ գնում է խորհրդարանական կառավարման համակարգի, ասել է թե՝ ցանկանում է իշխել որպես ԱԺ նախագահ: ԲՀԿ-ականները եւս հրաժարվում են բովանդակային քննարկումներից: Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ այսօր փորձ է արվում ձեւավորել արհեստական օրակարգ, որը չի արտացոլում ժողովրդի տրամադրությունները: «Իրական օրակարգը բացառապես այլ մարտահրավերներ է ներառում՝ գործազրկություն, ահագնացող արտագաղթ, աղքատություն, սոցիալական լրջագույն ճգնաժամ, որում այսօր հայտնված է երկիրը»,-նշեց նա՝ հավելելով, թե ցանկացած փոփոխության կարելի է գնալ այն դեպքում, երբ որ կա վստահության մթնոլորտ, այնինչ, ընդհակառակը՝ այսօր կա վստահության դեֆիցիտ եւ վստահության գործակիցը գրեթե զրոյական է: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ պնդում էր, որ «սահմանադրական փոփոխությունների փոխարեն այսօր երկրին անհրաժեշտ է իշխանափոխություն, եւ միայն ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը պետք է գնա երկրի մայր օրենքը փոխելու ճանապարհով»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչո՞ւ են իշխանությունները ձեռնարկել մի գործընթաց, որին դեմ են հիմնական քաղաքական ուժերը, հատկապես՝ ոչ իշխանական կուսակցությունները, Ավետիսյանը պատասխանեց, որ իրենք ինչ էլ անեն, ընդդիմությունը միշտ մերժելու է կամ ասելու է՝ դրա ժամանակը չէ: «Թյուր կարծիք է, երբ ասում են՝ ամեն ինչի պրոբլեմը Սահմանադրությունը չէ: Ամեն ինչի պրոբլեմը մարդն իր մեջ պետք է ման գա, իսկ այն, որ մենք Սահմանադրության մեջ ունենք խնդիրներ, դա ակնհայտ է եւ տեսնում ենք ամեն քայլափոխի»: ՀՀԿ խմբակցության պատգամավորներից Խոսրով Հարությունյանն էլ պնդեց. «Ապացուցված է, որ այդ խեղումների վերացումը թեկուզեւ չօգնի այդ հանապազօրյա հացի ձեռքբերմանը, ապա հաստատ չի վնասի…։ Եվ վերջապես, սա ընդամենը բարեփոխումների հայեցակարգի նախագիծ է, թե ինչպիսին կլինի այս փաստաթղթի ճակատագիրը` ոչ ոք չի կարող ասել: Միգուցե բոլորս գանք այնպիսի եզրակացության, որ գուցե այս փուլում բավարարվենք միայն քննարկումներով»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս