ՄԱՐՔՍԻՍՏԸ ՓՐԿԵՑ ՆԺԴԵՀԱԿԱՆՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բախտը երեկ ժպտաց ՀՀԿ-ին. այս կուսակցությունը կարող է հպարտանալ, որ քաղաքական դաշտում միայն իրենք չեն, որ դեմ են հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին անցնելուն: Պարզվում է՝ այս գաղափարին դեմ է նաեւ Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը, որն էլ խորհրդարանական լսումների ժամանակ իր երեկվա ելույթում հերքեց ՀՅԴ-ի՝ «կոնսենսուս-1» որակավորումը:
ՀՀԿ-ականները երեկ ջանք ու եռանդ չէին խնայում` համոզելու՝ այս պահին աննպատակահարմար է անցումը համամասնական ընտրակարգի: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը որպես հիմնական պատճառ նշեց, որ  ընտրություններից առաջ խաղի կանոնները չեն փոխում: ՀՀԿ-ից կարմիր թելի պես եկող այս տեսակետը, թերեւս, պատահական չէ. ՀՀԿ-ն որոշել է իր ընտրացուցակում գործարարների չընդգրկել` փոխարենը նրանց գործուղելով մեծամասնական ընտրատարածքներ՝ այդպես նաեւ միջազգային հանրությանը ցույց տալով, թե իրենց ցուցակում եղածները չեն խախտում Սահմանադրությունը: Այնպես որ, պատահական չէ, երբ ՀՀԿ-ականներն ամեն անգամ խոսում են խաղի կանոնները չփոխելու մասին: Երեկ Դավիթ Հարությունյանը նույնիսկ հայտարարեց, որ համամասնական ընտրակարգի հետեւանքով Գերմանիայում ֆաշիստական կուսակցությունը եկավ իշխանության, իսկ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հիշեց իտալացի պոռնոաստղ Չիչոլինիին, որը եւս պատգամավոր էր դարձել համամասնականով, հիշեց նաեւ 1995-99 գումարման խորհրդարանի «Շամիրամ» կուսակցությանը, որն այլեւս չկա:
Համամասնական ընտրակարգին անցումը վաղաժամ համարեց անգամ ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը, որն, ի դեպ, ընտրվել է մեծամասնականով: Ուշագրավն այն է, որ ԲՀԿ-ն իր ծրագրում ամրագրել է համամասնական ընտրակարգի անցման մասին, նույնիսկ՝ այդ մասին բարձրաձայնումները պատճառ հանդիսացան կոալիցիոն հարաբերությունների լարվածության համար: Այդ ելույթից հետո Բալասանյանին հարցրինք՝ արդյոք սա նշանակում է, որ ինքը դեմ է իր կուսակցության ծրագրին: «Մինչեւ ՀՀ-ում քաղաքացիական հասարակություն չձեւավորվի, մենք պետք է ըստ փուլերի անցնենք համամասնական ընտրակարգի: 2005թ. երբ քննարկում էինք ԸՕ-ն, մեծամասնականի տեղերը 56-ից 41 իջեցրինք: Հիմա կարող ենք իջեցնել ավելի քիչ,-ասաց նա՝ հավելելով,-ես դեմ չեմ հարյուր տոկոս համամասնականին, բայց փուլերով: Եւ հետո՝ ես իմ անձնական կարծիքն եմ հայտնել»: Փոխարենը համամասնականին կողմնակից էր մեծամասնականով ընտրված անկուսակցական Լյովա Խաչատրյանը: Նա նշեց, թե մեծամասնական ընտրությունները թշնամացնում են ժողովրդին, ու մարդկանց իրար դեմ հանում: Խաչատրյանը նաեւ նշեց, որ թեեւ ինքը հեղինակում է օրենքի նախագծեր, սակայն քանի որ միայնակ է, հաճախ իր նախագծերն անտեսվում են ու հետաձգվում: «Ժառանգություն»-ից Արմեն Մարտիրոսյանը երեկ հերքեց պնդումները, թե այս պահին տեխնիկապես հնարավոր չէ անցնել համամասնական ընտրակարգի: «Օրինագիծը երբ ընդունվեց, մեկ րոպե հետո կարող է կիրառվել, այն որեւէ տեխնիկական խնդիրներ չի հետապնդում, որեւէ լրացուցիչ բան չի պահանջում»,-մատնանշեց նա: ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանը նշեց, որ մեծամասնականն ընդամենը ընդդիմությանը խորհրդարանից դուրս մղելու եւ ընդդիմության տեղերը նվազեցնելու նպատակ է հետապնդում:
Ի դեպ, խորհրդարանական լսումներին մասնակցում էին նաեւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները: Լեւոն Զուրաբյանը նշեց, որ իրենք լսումներին եկել են, քանի որ երկիրը սպասում է արմատական լուծումների: «Դրանք մեր ժողովրդին պետք է հույս տան, որ իշխանության ոչ լեգիտիմության ճգնաժամը հնարավոր է լուծել սահմանադրական եղանակով, օրինական ընտրությունների միջոցով: Բոլորը պետք է հասկանան, որ այլընտրանքը ժողովրդի անկառավարելի ընդվզումն է եւ հեղափոխական ցնցումներով հարցը լուծելու հակվածությունը»,-ասաց նա: Զուրաբյանը նաեւ նշեց, որ համաձայնության ճանապարհով գնալու բացառիկ շանս է ստեղծված: «Մի՛ տարեք երկիրը առճակատման: Փորձե՛ք մեկ քայլ կատարել ընդդիմությանն ու հասարակությանն ընդառաջ: Իսկ եթե նորից համառեք, չզարմանաք հետեւանքների համար: Այսօր մենք միայն զգուշացնում ենք, իսկ որոշում եք դուք: Ճի՛շտ որոշում ընդունեք, քանի դեռ այդ հնարավորությունն ունեք»,-զգուշացրեց նա: Իսկ ՀԱԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Դավիթ Մաթեւոսյանը հիշեցրեց, որ դեռ 90-ականների վերջին ինքը հանդես էր եկել նման նախաձեռնությամբ։ «Նախագծով ոգեւորված էր նույնիսկ Հանրապետականը, որը, սակայն, առաջնորդվելով կորպորատիվ հաշվարկներով, ԱԺ կանոնագրքի կոպտագույն խախտումներով նախաձեռնությունը հանեց քննարկումից՝ պահպանելով մեծամասնական համակարգը»,-ասաց նա։ Մաթեւոսյանը նշեց, որ եթե անգամ հավատանք՝ մեծամասնական համակարգը պահպանելու Հանրապետականի մղումն իրոք բխում է քաղաքացու իրավունքից, ապա առաջարկեց ՀՀ տարածքը դարձնել մեկ մեծամասնական ընտրատարածք, «ուր իրենց ընտրվելու իրավունքը կփորձեն իրացնել բոլոր օլիգարխները, թաղային հեղինակությունները եւ մյուս ցանկացողները։ Կարելի է նույնիսկ այդ հանգամանքով առաջադրվողներին օրենքով թույլատրել ընտրակաշառք բաժանելը, եւ անգամ սահմանել ընտրակաշառքի դրույքաչափի նվազագույն շեմ»։

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս