ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՄՈՍԿՎԻՉԿԱ»-Ն ՏՈՒԳԱՆՎԵՑ

Նախօրեին՝ «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցում,ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ավարտել է իր պլանային ստուգումները: ՀՀ ԳՆ ՍԱՊԾ մամլո խոսնակ Արմինե Սուքիասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցի նկատմամբ կիրառվել են վարչական տուգանքներ: «Ստուգումների արդյունքում հայտնաբերվել են թերի եւ առանց մակնշման սննդատեսակներ: Դրանց վաճառքը կասեցվել է եւ հանձնարարվել է շտկել առկա թերությունները: Այս պահին դրանք շտկված են»,-ասաց մամլո խոսնակը: Հիշեցնենք, որ մայիսի 28-ին armlur.am-ի լրագրողները սուպերմարկետից գնել էին սննդամթերք, որի մեջ եղել էր ապակու կտոր:

ԱԶԱՏՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ

Երեկ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել դադարեցնել Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության Առաջին ատյանի դատարանի նախագահ Տիգրան Պետրոսյանի լիազորությունները: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Տիգրան Պետրոսյանի լիազորությունները դադարեցվել են առողջական խնդիրների պատճառով: Չնայած, չի բացառվում, որ Տ. Պետրոսյանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը պայմանավորված լինի նաեւ դատավորի որդու՝ Շահեն Պետրոսյանի գործողություններով, որոնց արդյունքում մի խումբ քաղաքացիներ զրկվել էին իրենց բնակարաններից: Նշենք, որ Շ. Պետրոսյանի մասնակցությամբ կատարված այդ դեպքերով զբաղվում են իրավապահ մարմինները:

ՀԵՐԹԱԿԱՆ ՏՈՒԳԱՆՔԸ

«Սպայկա» ընկերությունը, որը դեռ չի հասցրել բարեկարգել շուրջ մեկ տարի առաջ հրդեհված իր շենքը, օրերս կրկին տուգանքի է ենթարկվել ՊԵԿ-ի կողմից: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ մայիսի 14-ին ընկերության տնօրենը տուգանվել է 100.000 դրամով: Պատճառը եղել է այն, որ գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը հայտարարագրել է 20926կգ նետտո քաշով թարմ սպիտակագլուխ կաղամբ, որի փաստաթղթերը մաքսային մարմին սահմանված ժամկետում չի ներկայացրել: Հիշեցնենք, որ Դավիթ Ղազարյանը, նախկինում անդրադառնալով հրդեհի հասցված վնասի չափերին, նշել էր, որ 15 հազ. քմ տարածք զբաղեցնող եւ 12 հազ. տոննա տարողությամբ ամբողջությամբ այրված սառնարանային տնտեսության մեջ ներդրվել էր 15 մլն դոլարից ավելի գումար:

ՊԱՏՃԱՌՆ ԱՆՀԱՅՏ ՄՆԱՑ

Մայիսի 12-ին տեղեկություններ էին տարածվել, որ ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ում շուրջ 20 կին դատապարտյալ էր թունավորվել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ թունավորման տարածման վտանգը կանխելու նպատակով 6 կին դատապարտյալ մեկուսացվել էր: Պարզելու համար թունավորման պատճառը, ՔԿՀ հիմնարկից սննդի եւ ջրի նմուշները ուղարկվել էին փորձաքննության: ՔԿՀ տնօրինությունն իր հերթին հիմնականում կասկածում էր, որ կանայք թունավորվել են կամ հյութից կամ մսից: Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նախօրեին «Աբովյան» ՔԿՀ ղեկավարությունը ստացել է փորձաքննության արդյունքները, որտեղ նշվել է, որ սնունդը, ջուրը, հյութը չեն եղել կանանց թունավորման պատճառը: Իսկ թե ինչն է եղել, դեռ հայտնի չէ: Ավելին, մեզ հասած տեղեկություններով՝ թունավորման պատճառը պարզելու նպատակով, «Աբովյան» ՔԿՀ-ի պետը դիմել է ոստիկանության Աբովյանի բաժին՝ քննության առնելու կատարվածը:

ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

Հունիսի 5-ին մահացու հրազենային վիրավորում ստացած Անդրանիկ Սամվելի Եղոյանի եւ Բորիս Բենիկի Գասպարյանի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 13 կետով` սպանություն ազգային, ռասայական, կամ կրոնական ատելության, կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով: Հիշեցնենք՝ Armlur.am-ը տեղեկացրել էր, որ Արարատի զորամասերից մեկում հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող, 26-ամյա Անդրանիկ Եղոյանը եւ մեկ զինծառայող՝ 22-ամյա Բորիս Գասպարյանը: Իսկ մեկ զինծառայող էլ ծանր վնասվածքներ էր ստացել:




Լրահոս