ԴԱՏԱՎՈՐՆ «ԻՐԵՆՈՎ Է ԱՐԵԼ» ՀԱՍԱՐԱԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՏՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի դատավոր Աշոտ Խաչիկյանը չարաշահելով պաշտոնական դիրքը տիրացել է իր հարազատներից մեկի հողակտորին եւ տանը: Այս մասին «Ժողովուրդ»-ին պատմեց խմբագրություն այցելած 23-ամյա Լեւոն Բաբաջանյանը` հայտարարելով, թե ինքն ունի նաեւ ձայնագրություն, որտեղ դատավորը խոստովանում է, թե ինչպես է տիրացել իրենց տանը: Լեւոնի ընտանիքը դատավորի ապօրինությունների հետ կապված դիմել է Հատուկ քննչական ծառայությանը, որտեղ այժմ քննություն է ընթանում:

Եվ այսպես, ըստ 23-ամյա Լեւոնի` ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի համայնքի 1-ին փողոցի 7-րդ փակուղու թիվ 4 տունը պատկանել է իր պապիկին՝ Գրիգոր Սարուխանյանին, ում մահից հետո ժառանգությունը ընդունել է իր խորթ տատիկը՝ Անահիտ Խաչիկյանը. «2012թ. տատիկս մահացավ, որից հետո մայրս՝ Աղունիկ Սարուխանյանն էր բնակվում այդ տանը: Մենք երբեւէ տան ժառանգության հարցով չենք դիմել որեւէ տեղ, քանի որ չենք մտածել, որ կարող է ինչ-որ մեկը հետաքրքրվի այդ հարցով: 2013թ. դեկտեմբերի 29-ին տան կոմունալ խնդիրների հետ կապված հարց է առաջանում ու մայրս դիմում է դատարան՝ հայրական տան նկատմամբ ժառանգության իրավունք ստանալու դիմումով: Մորս դիմումը վարույթ է ընդունել ՀՀ Տավուշի մարզի Առաջին ատյանի դատավոր Աշոտ Խաչիկյանը, ով նաեւ խորթ տատիկիս եղբորորդին է: Դատավոր Խաչիկյանը ինքնաբացարկ է հայտնել` պատճառաբանելով, որ ազգակցական կապ ունի մեզ հետ»:
Լեւոնի խոսքերով` 2013թ. ապրիլին մայրը՝ Աղունիկ Սարուխանյանը, դիմել է Նոյեմբերյանի տարածքային նոտարին, ժառանգություն ստանալու պահանջով, սակայն վերջինս ասել է, թե նա չի կարող ընդունել ժառանգությունը: Իսկ երբ 2014թ. մարտի 3- ին արդեն գրավոր կերպով դիմել են Նոյեմբերյանի տարածքային նոտարին՝ ժառանգություն ստանալու պահանջով, մերժում են ստացել: «Մերժման մեջ գրված է, որ մենք բաց ենք թողել ժառանգություն ստանալու՝ օրենքով սահմանված ժամկետը: Իսկ այդ մերժման մեջ մի կետ անգամ չկար գրված, որ ինչ-որ մեկը տիրացել է մեր հողակտորին: Ավելի ուշ պարզում ենք, որ իմ տատիկի եւ պապիկի ժառանգության իրավունքը ստացել է դատավոր Աշոտ Խաչիկյանը: Նրանից պարզաբանում պահանջեցիք: 2014թ. մարտի 18-ին հանդիպեցինք դատավորի հետ: Խոսակցության ընթացքում պարզեցինք, որ երբ մենք դիմել էինք Տավուշի մարզի Առաջին ատյանի դատարան եւ ներկայացրել բոլոր անհրաժեշտ իրավաբանական փաստաթղթերը եւ դատավոր Աշոտ Խաչիկյանը ինքնաբացարկ էր հայտարարել, թե բարեկամական կապ ունի մեր հետ, այդ ընթացքում նա մեր կողմից դատարան ներկայացրած բոլոր փաստաթղթերը օգտագործել է կադաստրում մեր տան եւ հողերի նկատմամբ սեփականության իրավունք ստանալու համար: Ավելին, Ա. Խաչիկյանն այս մասին մեզ անձամբ է ասել ու մենք ունենք նրա այդ խոսքի ձայնագրությունը: Մենք կանխավ ենթադրելով Աշոտ Խաչիկյանի մտադրությունները՝ որոշել էինք անձամբ ձայնագրել մեր խոսակցությունը»,-ասաց Լեւոն Բաբաջանյանը:
Իսկ դատավոր Աշոտ Խաչիկյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքն ամեն ինչ կատարել է օրենքի շրջանակներում. «Կարող եմ ներկայացնել բոլոր փաստաթղթերը, որ ամեն ինչ օրենքի շրջանակներում եմ իրականացրել: Այս պատմությունը բավականին երկար պատմություն է, բայց կրկնում եմ՝ կարող եմ ապացուցել, որ ամեն ինչ օրինական է եղել: Ինձ հետ այդ կորած-մոլորած մարդիկ չեն կարող խաղ անել, դա չի լինի: Մինչեւ այսօր նրանց նկատմամբ որեւէ հակառակ գործողություն չեմ իրականացրել, բայց ինձ պետք է պաշտպանեմ»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս