ԱՆԱՍՆԱԲՈՒՅԺՆԵՐԸ ՉԵՆ ԲԱՎԱՐԱՐՈՒՄ
Տավուշի մարզի 62 համայնքներում աշխատում է 41 անասնաբույժ: Հարեւան գյուղից անասնաբույժ հրավիրելը անասնապահի համար խնդիր է: Նոյեմբերյանի տարածաշրջանի Ջուջեւան համայնքի ղեկավար Ժորա Չիլինգարյանը Տավուշի մարզխորհրդի՝ հունիսի 3-ի նիստում մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանին հարց տվեց մարզի անասնաբույժների վարձատրության կարգի վերաբերյալ: Սուքոյանն ասաց, որ անասնաբույժները վճարվում են ըստ իրենց կատարած պատվաստումների քանակի: Անասնաբուժական սանիտարիայի Տավուշի մարզային կենտրոնի տնօրեն Սերյոժա Քամալյանը հայտնեց, որ իրենք աշխատանքային պայմանագիր են կնքել անասնաբույժների հետ, ովքեր վճարվում են իրենց կողմից սպասարկվող տարածքի՝ մեկ անասունի հաշվով 70 դրամի չափով: Քամալյանն ասաց, որ իրենք անասնաբուժական ծառայության առնչությամբ գյուղնախարարությունից բարեփոխումներ են ակնկալում: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ընդունեց, որ այս ոլորտում լուրջ խնդիրներ կան եւ վստահեցրեց, որ մինչեւ տարեվերջ բոլոր համայնքները կունենան իրենց անասնաբույժները, ովքեր կլինեն հաստիքային աշխատողներ եւ հնարավորություն կունենան նաեւ լրացուցիչ վճարովի ծառայություններ կատարել:
ՉԵՆ ՀԱՎԱՔԱԳՐՎԵԼ
Տավուշի մարզխորհրդի` օրերս կայացած նիստում մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռոբերտ Ներսեսյանը ներկայացրեց մարզի համայնքների՝ 2014 թվականի տեղական բյուջեների եկամուտների 5 ամսվա կատարողականը: Նա հայտնեց, որ հունիսի 1-ի դրությամբ մարզի համայնքների եկամուտների փաստացի մուտքը կազմել է 1 միլիարդ 99 միլիոն 600 հազար դրամ, որը եռամսյակային համամասնություններով սահմանված եկամուտների 98,8 տոկոսն է: Հունիսի 1-ի դրությամբ սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 266,8 միլիոն դրամ, հավաքագրվել է նախատեսվածի 96,6 տոկոսը: 2014թ. հունիսի 1-ի դրությամբ մարզի համայնքների սեփական եկամուտներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի են հավաքագրվել 59.1 միլիոն դրամով: Սակայն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հողի հարկը պակաս է հավաքագրվել՝ 568.5 հազար դրամի, տեղական տուրքերը՝ 802.6 հազար դրամի չափով: Հողի հարկի մասով ամենացածր կատարողականներն ունեն հետեւյալ համայնքները՝ Պտղավան(10.2 տոկոս), Նորաշեն (16.7տոկոս), Հաղթանակ(24,1տոկոս), Լճկաձոր (25տոկոս), իսկ Զորական համայնքը 2014թվականի համար նախատեսված 666 հազար դրամ հողի հարկից ընդհանրապես գումար չի հավաքագրել: Ռոբերտ Ներսեսյանը նշեց, որ մարզի համայնքապետարանները բավարար ուշադրություն չեն դարձրել հողի հարկի բազային տվյալները ճշտելու, հավաքագրված գումարները տեղեկատվական ավտոմատ համակարգ մուտքագրելու համար:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ