«ՎԱՆԱՁՈՐՅԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ՀԵՏՔԵՐԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել 2012թ. ԱԺ ընտրությունների ժամանակ Վանաձորի թիվ 30 ընտրատարածքում կատարվածի վերաբերյալ իր լրագրողական հետաքննությունը։

Արդեն նշել ենք, որ պատգամավորության թեկնածու Էդմոն Մարուքյանին տրված վիճահարուց տեղեկանքի հարցում իրենց դերակատարությունն են ունեցել ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն: Վանաձորում տեղի ունեցածի կապակցությամբ հայաստանյան մամուլն իրականացրել է 4 լրագրողական հետաքննություն, որի վերաբերյալ եղել են բազմաթիվ հրապարակումներ դեռեւս 2012թ. ընտրություններից հետո՝ մասնավորապես «Ինքնախոստովանական ցուցմունք. Թիվ 30 ընտրատարածքի առեղծվածը» («Առավոտ», 8.06.2012թ.), «ԱԺ ընտրությունների հետագծով. Միջազգային սկանդա՞լ, թե՞ հայկական ավանդական «հնարամտություն» («Իրատես դե ֆակտո», (12.06-14.06 2012թ.), «Ազգային ժողովի փոխարեն՝ մեկուսարան» («Չորրորդ Ինքնիշխանություն», 21 հունիսի 2012թ.), «Կեղծ պատգամավորին սպառնում է չորս տարի ազատազրկում: ՀՀ գլխավոր դատախազությունը պարտավոր է հարուցել քրեական գործ, իսկ ՀՀ Ոստիկանությունն ու ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է անցկացնեն ծառայողական քննություն («Չորրորդ Ինքնիշխանություն», 4 հուլիսի 2012 թ.), «Կեղծ պատգամավորը կամ Աղվան Հովսեփյանի դրածոն» («Չորրորդ Ինքնիշխանություն», 13 հուլիսի, 2012 թ.), «Անդադար Մարուքյան» («Ժողովուրդ», 23 հոկտեմբերի 2012թ.) «Դատախազության կեղծ տեղեկանքով պատգամավոր է դարձել եւ պահանջում է դատախազներին պատժել» («Չորրորդ Ինքնիշխանություն», 7 նոյեմբերի 2012 թ.) եւ այլն:
Այս հրապարակումների վերնագրերն անգամ, չխոսելով արդեն դրանց փաստարկված ու հիմնավոր լինելու մասին, ցանկացած քիչ թե շատ նորմալ երկրում իրավապահ մարմինների կողմից կարժանանային համարժեք արձագանքի: Սակայն այս դեպքում նման բան չի եղել, ինչից կարելի է ենթադրել, որ որոշ շրջանակների մոտ ինքնաբացահայտման մտավախություն է եղել: Մամուլի վերոհիշյալ հրապարակումներում մեր գործընկերները բազմիցս դիմել են ՀՀ գլխավոր դատախազությանը, ոստիկանությանը եւ ԱԱԾ-ին՝ պահանջելով հարուցել քրեական գործ եւ հանցագործներին ենթարկել պատասխանատվության: Մասնավորապես «Չորրորդ Ինքնիշխանություն» թերթի 2012 թ. հուլիսի 4-ի՝ «Կեղծ պատգամավորին սպառնում է 4 տարի ազատազրկում. ՀՀ գլխավոր դատախազությունը պարտավոր է հարուցել քրեական գործ, իսկ ՀՀ Ոստիկանությունն ու ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է անցկացնեն ծառայողական քննություն» խոսուն վերնագրով հրապարակման մեջ նշվում էր. ««ՉԻ» թերթի 2012 թ. հունիսի 21-ի եւ այս (հուլիսի 4-ի-խմբ.) հրապարակումներում ներկայացված անհերքելի եւ աղաղակող փաստերը հիմք են հանդիսանում եւ պարտավորեցնում, որպեսզի ՀՀ գլխավոր դատախազությունը՝ կատարելով ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի այն պահանջը, որ քրեական գործ հարուցելու առիթ է՝ մասնավորապես «հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումը», մասնավորապես ՀՀ քրեական օրենսգրքի 314 (պաշտոնատար անձի կողմից պաշտոնական փաստաթղթում կեղծում կատարելու, կեղծ փաստաթղթեր կազմելու կամ հանձնելու համար նախատեսվում է չորս տարի ազատազրկում-խմբ.) եւ 325 (կեղծ փաստաթուղթ իրացնելու կամ օգտագործելու համար նախատեսվում է չորս տարի ազատազրկում-խմբ.) հոդվածներով հարուցել համապատասխան քրեական գործ՝ այդ մասին պատշաճ ձեւով տեղեկացնելով մեր թերթին»:
Սակայն ՀՀ գլխավոր դատախազությունը, ԱԱԾ-ն եւ Ոստիկանությունը խախտելով օրենքը չէին կատարել մեր գործընկերների այս օրինական պահանջը: Այդ առիթով «Չորրորդ Ինքնիշխանություն» թերթը 2012 թ. հուլիսի 13-ին «Կեղծ պատգամավորը կամ Աղվան Հովսեփյանի դրածոն» վերնագրով հրապարակման մեջ գրել է. «Աղվան Հովսեփյանը «վերբովկա» է արել Մարուքյանին եւ վերջինս գլխավոր դատախազի դրածոն է: Այդ իսկ պատճառով էլ ՀՀ գլխավոր դատախազությունը հապաղում է քրեական գործ հարուցել անգամ ճչացող փաստերի առկայության դեպքում», կամ «Մարուքյանին կեղծ տեղեկանք է տրամադրվել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրահանգով: Պատահական չէ, որ Հովսեփյանը, խախտելով օրենքը, հիմք չի ընդունում զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները՝ որպես քրեական գործ հարուցելու հաղորդում, եւ Մարուքյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությամբ չի դիմում Ազգային ժողով» (տես՝ «Չորրորդ Ինքնիշխանություն», 7.11.2012թ.):
Մամուլի հրապարակումների համաձայն՝ Մարուքյանին պատգամավորության թեկնածու գրանցելու համար կեղծ տեղեկանք տրամադրելու շղթան ունեցել է մի շարք օղակներ՝ այդ թվում դատախազական: Այսպես. քաղաքական պատվերի շրջանակներում՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի հրահանգով՝ Վանաձորի նախկին դատախազ Կարեն Շահբազյանը Վանաձորի անձնագրային բաժանմունքի պետ Վաչիկ Միսկարյանին երաշխիքներ եւ խոստումներ տալով պարտադրել էր Հայաստանից 1 տարի 17 օր մշտապես բացակայած Մարուքյանին տրամադրել կեղծ տեղեկանք, թե իբր նա վերջին 5 տարում մշտապես բնակվել է Հայաստանում: Գիտակցելով իր կատարած քայլի հանցավորությունը Վ. Միսկարյանը մերձավորների մոտ արդարանալով դժգոհել էր, որ Մարուքյանին կեղծ տեղեկանք է տվել Վանաձորի դատախազ Կ. Շահբազյանի հրահանգով: ՀՀ նախկին գլխավոր դատախազը, Վանաձորի նախկին դատախազը եւ Վանաձորի անձնագրային բաժանմունքի պետը իրենց կատարածի մասին մամուլում եղած հրապարակումներին (տես՝ «Չորրորդ Ինքնիշխանություն», 21 հունիսի, 7 նոյեմբերի 2012թ.) երբեւէ չեն արձագանքել՝ դրանով իսկ անուղղակիորեն խոստովանելով այդ հրապարակումների ճշմարտացիությունը:
Մեր գործընկերները իրավապահ մարմիններին նաեւ հուշել են, թե որն է կատարվածի բացահայտման բանալին: Նույն «Չորրորդ Ինքնիշխանություն» թերթը 2012 թ. հուլիսի 4-ին գրել է. «Մարուքյանի կատարած հանցագործության բացահայտման բանալին նրա կողմից իր անձնագիրը կորցնելու հանգամանքն է….«ՉԻ» հավաստի աղբյուրների վկայությամբ՝ Մարուքյանը օգտվել է փաստաթուղթ կեղծելու տարածված մեթոդից եւ Ամերիկա հասնելուն պես պատկան մարմիններին տեղեկացրել է, թե կորցրել է իր անձնագիրը: Այս ճանապարհով նա ձեռք է բերել նոր անձնագիր եւ փորձել թաքցնել, որ շուրջ մեկ տարի բացակայել է Հայաստանից: Հետեւաբար, եթե ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության եւ Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները կատարեին ընդամենը տեխնիկական մեկ գործողություն եւ Մարուքյանի հին անձնագրում Հայաստանից առկա ելքի եւ Հայաստանի մուտքի տվյալները համեմատեին նրա նոր անձնագրում առկա համապատասխան տվյալների հետ, ապա կեղծիքը կբացահայտվեր»:

ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ
շարունակելի




Լրահոս