ՄՐՑԱՎԱԶՔԻ ԵՆ ԴՈՒՐՍ ԵԿԵԼ
Անգլիական ակումբները շարունակում են պայքարել կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասին ձեռք բերելու համար: «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու Լոնդոնի «Չելսի»-ն պատրաստ են Իսպանիայի հավաքականի կիսապաշտպանի համար վճարել 9 միլիոն եվրո: Նրա համար պայքարում են նաեւ այլ թիմեր: «Մանչեսթեր սիթի»-ն առաջարկել է 8,5 միլիոն եվրո, իսկ Լոնդոնի «Արսենալ»-ը՝ 8 միլիոն: Սակայն Ֆաբրեգասը ցանկանում է տեղափոխվել «Չելսի»: Նշենք, որ 27-ամյա կիսապաշտպանը Պրիմերայի ավարտված մրցաշրջանում մասնակցել է 36 խաղի եւ դարձել 8 գոլի, 13 արդյունավետ փոխանցման հեղինակ:
ՄՈԼՈՐԱԿԻ ԱՄԵՆԱԹԱՆԿԱՐԺԵՔ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ
Միջազգային հետազոտությունների մարզական կենտրոնը (CIES) «Բարսելոնա»-ի եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին ճանաչել է մոլորակի ամենաթանկարժեք ֆուտբոլիստ: Ամենաարժեքավոր խաղացողների ցանկը կազմելիս՝ CIES-ը «Ոսկե գնդակ»-ի քառակի դափնեկրի իրական արժողությունը գնահատել է 216 միլիոն եվրո: Վարկանշային ցուցակի երկրորդ տեղում է «Ռեալ»-ի պորտուգալացի գոլահար Կրիշտիանու Ռոնալդուն, ով արգենտինացուց «էժան» է 102 միլիոն եվրոյով: Ֆուտբոլային «թանկարժեք տղաների» լավագույն եռյակը եզրափակում է «Լիվերպուլ»-ի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուեարեսը, ում արժողությունը 106.5 մլն եվրո է:
ԱՐՈՆՅԱՆԸ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՏՆԵՑ
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող շախմատային գերմրցաշարի 2-րդ տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցն էր ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը: Սեւերով խաղացող Արոնյանը պարտիայի 55-րդ քայլում ստիպեց անձնատուր լինել Կարյակինին եւ գեղեցիկ հաղթանակ տոնեց: Գերմրցաշարի 2 տուրերից հետո Արոնյանը վաստակել է 1,5 միավոր: 1-ին տուրում հայկական շախմատի առաջատարը սպիտակներով ոչ-ոքի էր խաղացել Սայմոն Ագդեշտեյնի հետ: