ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՐԿՈՒ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑ

Երեկ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը բոլորի ուշադրությունը հրավիրեց 2 կարեւոր հարցի վրա: «Առաջին՝ սա արվում է, որ իշխանություններն իրենց համար վերարտադրվելու մեխանիզմներ ստեղծեն: Որեւէ մեկը չի ասում, որ նման մտադրություն չունի: Անգամ գործող իշխանությունն ինքն է հայտարարում, որ բոլոր դեպքերում ընտրությունը Մելիք-Ադամյան 2 հասցեով է անցնելու»,-ասաց պատգամավորը, ում խոսքով՝ Սահմանադրությունը պետք է այնպիսի փոփոխությունների ենթարկվի, որ եկողը հասկանա՝ ինքը չի կարող իշխանությունը չարաշահել: «Երկրորդ՝ պետք է անկեղծ լինենք եւ ասենք, որ իշխանափոխության համար երկու տարբերակ կա՝ կա՛մ խաղաղ ճանապարհով ընտրությունների միջոցով իշխանության փոփոխություն, կա՛մ արյունահեղությամբ իշխանափոխություն»,-ընդգծեց Մինասյանը: ՀՅԴ պատգամավորը նաեւ կարծում է, որ եթե իշխանությունը մերժում է առաջին տարբերակը, պետք է կանգնել եւ ժողովրդին անկեղծ ասել, որ միայն արյունահեղությամբ կարելի է հասնել իշխանափոխության:

ԳՅՈՒՂՄԹԵՐՔՆԵՐԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ

Հունիսի 8-ին եւ դրան հաջորդող յուրաքանչյուր շաբաթ եւ կիրակի օրերին Երեւան քաղաքի Կասյան փողոցի վերին հատվածում նախատեսվում է կազմակերպել գյուղատնտեսական մթերքների առաջին տոնավաճառը: Տոնավաճառին մասնակցելու են ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող գյուղացիական տնտեսություններ, որոնք սպառողներին են ներկայացնելու բացառապես սեփական արտադրանքը: Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: Տոնավաճառն անցկացվում է 2011թ. եւ գյուղատնտեսական մթերք արտադրողների համար տոնավաճառին մասնակցելու պայմաններն անփոփոխ են՝ տոնավաճառին միայն սեփական արտադրանքը ներկայացնող գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը ապահովելու եւ միաժամանակ առեւտրային միջնորդների մասնակցությունը բացառելու նպատակով տոնավաճառի կազմակերպիչների կողմից տեղում իրականացվելու է վերահսկողություն: Տոնավաճառներն ուղեկցվելու են երաժշտությամբ, ներկայացումներով եւ համերգային ծրագրերով: Տոնավաճառի տարածքում հասարակական կարգը եւ երթեւեկությունը կարգավորում է ՀՀ ոստիկանությունը:

 




Լրահոս