ՍՊԱՌՈՂԻՆ ԽԱԲԵԼ Է ՈՒ ՓԱԽԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում որոշ տնտեսվարողների մոտ արդեն սովորական երեւույթ է դարձել սպառողներին խաբելն ու մոլորեցնելը: Օրերս «Ժողովուրդ»-ը նման մի ահազանգ ստացավ Երեւանի բնակիչ Քրիստինե Առաքելյանից, ով խաբվել է «Այ թի մաստեր» համակարգչային խանութ-սրահի տնօրինության կողմից եւ այսօր հայտնվել «սեւ ցուցակ»-ում: Արդյունքում տուժած քաղաքացին չի կարողանում բանկերի հետ համագործակցել եւ ապառիկ ձեւակերպումներ կատարել:

«Ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացի Քրիստինե Առաքելյանը պատմեց, որ դեռեւս 2012 թվականի աշնանը դիմել է «Այ թի մաստեր» համակարգչային խանութ-սրահ` ապառիկով համակարգիչ ձեռք բերելու նպատակով: Նրա խոսքով՝ «Անելիք բանկ»-ի միջոցով բոլոր անհրաժեշտ գործարքները կատարվել են, սակայն համակարգիչը մինչ օրս Առաքելյանների ընտանիքը չի ստացել: Իսկ «Այ թի մաստեր»-ի սեփականտերերն էլ անհետացել են: «Ամիսուկես տեւեց այդ համակարգչի ապառիկ ձեւակերպումը: Գնում էի խանութ, այնտեղ ասում էին՝ գնա, վաղը կգաս կամ էլ առաջարկում էին համակարգչի մասերը կես-կես տալ: Ասում էին՝ գնացեք, վաղը կգաք ստեղնաշարը կտանեք կամ հինգ օրից՝ մկնիկը, իսկ պրոցեսորի համար խնդրեցին երկու շաբաթից մոտենալ: Ես էլ արդեն չդիմացա ու խանութում վիճեցի աշխատակիցների ու տնօրենի հետ: Հրաժարվեցի այդ համակարգչից եւ գնացի բանկ գործարքը կասեցնելու պահանջով: Այնտեղից զանգեցին խանութ, որից հետո մեզ ասացին, թե գնացեք, դուք ազատ եք: Բայց մենք արդեն բանկին մեր անհրաժեշտ մուծումն արել էինք՝ 5000 դրամ: Դրանից անցավ մեկ տարի եւ 2013-ին բանկից զանգեցին ու փոխանցեցին, որ ես չվճարած ապառիկ ունեմ»:
«Անելիք բանկ»-ից զանգ ստանալուց հետո Քրիստինեն գնում է խանութ` «Այ թի մաստեր»: «Այդ ժամանակ դեռ խանութը կար, տնօրեններն էլ: Նրանք մեզ առաջարկեցին գնալ բանկ եւ վերցնել վերջնական հաշիվը` պարտավորվելով այն մուծել: Բայց, փաստորեն, խաբեցին: Հետո պարզեցինք, որ փախել են, անհետ կորել: Ընդհանուր վարկի գումարը կազմում էր 300 հազար դրամ, մնացել էր 110 հազար դրամը մարել: Դրանից հետո երկու ամիս շարունակ կրկին բանկից զանգահարեցին, ես հրաժարվեցի այն վճարելուց, իսկ հիմա էլ կանգնել եմ փաստի առաջ: Հայտնվել եմ «սեւ ցուցակ»-ում եւ չեմ կարողանում գործարք կատարել բանկերի հետ»,-մտահոգվեց Քրիստինեն:
«Այ թի մաստեր»-ի սեփականատերերի մասին ներկայում ոչ ոք տեղեկություն չունի: Այդ պատճառով էլ «Ժողովուրդ»-ը փորձեց կապվել «Այ թի մաստեր» համակարգչային խանութի տարածքը վարձակալած ընկերության հետ: Պարզվեց, որ «Այ թի մաստեր»-ի փոխարեն այսօր գործունեություն է ծավալում մեկ այլ` «Այ թի մաստեր էլեկտրոնիկս» խանութ-սրահը, որն, ինչպես աշխատակիցները պնդեցին, կապ չունի «Այ թի մաստեր»-ի հետ: Ի դեպ, ՀՀ պետռեգիստրում գրանցված է միայն «Այ թի մաստեր էլեկտրոնիկս» անվանումով ընկերություն, որի հիմնադիրն է Նորիկ Գրիգորյանը: Սակայն «Ժողովուրդ»-ին չհաջողվեց նրա հետ խոսել:
Զրուցեցինք միայն «Այ թի մաստեր էլեկտրոնիկս» խանութի աշխատակցի հետ, ով խուսափեց նշել իր անունը. «Վեց տարի շարունակ` Կիեւյան 5 հասցեի 74 բնակարանում եղել է համակարգչային խանութ, մարդիկ սովորել էին, որ այդ հասցեում կա նման խանութ: Մենք, որ եկանք վարձակալելու այս տարածքը, պարզվեց, որ գովազդի համար ծախսվել էր ավելի քան 2 մլն դրամ գումար, դրա համար էլ չցանկացանք այն փոխել: Մեր կողմից ընդամենն ավելացրեցինք էլեկտրոնիկսը: Իհարկե, հիմա մենք դրա համար շատ ենք ափսոսում: Բացի ձեզ բողոքած քաղաքացուց, նախկին խանութի տնօրենին փնտրելու հույսով, մեր խանութ գալիս են նաեւ ոստիկանությունից եւ այլ պետական կառույցներից: Գալիս են ու տեսնում, որ մենք ընդհանրապես կապ չունենք, ու գնում են: Մենք, առհասարակ, «Այ թի մաստեր» խանութի հետ կապ չունենք: Ոչ էլ գիտենք, թե ովքեր են, ինչով են զբաղվում, որտեղ են: Մենք այս տարածքը դատարկ ենք վերցրել»,- ներկայացրեց «Այ թի մաստեր էլեկտրոնիկս» խանութի աշխատակիցը:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ «Անելիք բանկ»-ի փիառ-պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանի հետ, ով ասաց. «Բոլոր այն քաղաքացիները, ովքեր երբեւիցե որեւէ մի բանկում ինչ-որ շատ փոքր թերացում են ունենում, դա համակարգ է, որը ֆիքսում է: Այս դեպքում էլ «Անելիք բանկ»-ը չի ֆիքսել: Ես ձեզ խոստանում եմ, որ կխոսեմ բանկի վարկային մասնագետների հետ եւ կաշխատենք փորձել ինչ-որ կերպ օգնել քաղաքացուն: Մենք պատրաստակամ ենք քաղաքացուն օգնելու հարցում»:
Հ.Գ. Տեղեկացնենք, որ «Այ թի մաստեր» համակարգչային խանութն իր գործունեության տարիներին հասցրել էր նաեւ տուգանվել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից: ՏՄՊՊՀ-ի ստուգումների արդյունքում պարզվել էր, որ ընկերությունը գովազդում է, թե յուրաքանչյուր ոք կարող է ընկերություն դիմել եւ առանց աշխատանքային համապատասխան տեղեկանքի ապառիկ գնումների ձեւակերպումներ անել, սակայն քաղաքացիները հենց խանութի սրահում բացահայտել էին հակառակը: Ընկերության նման վարքագիծն անբարեխիղճ մրցակցության դրսեւորում էր դիտվել, ինչի համար էլ տուգանվել էր տարեկան հասույթի մեկ տոկոսի չափով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս