ՍՈՎԸ ՀԱՂԹԵՑ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրազդանում տեսա այն, ինչ կարդացել եւ տեսել էի Վիկտոր Հյուգոյի ու Ֆրանց Կաֆկայի գործերում, դրանց հիման վրա նկարահանված ֆիլմերում»,-իր երեկվա ասուլիսում նման կարծիք հայտնեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը՝ խոսելով Հրազդանի քաղաքապետի ընտրությունների մասին: Ըստ Մանուկյանի` այնտեղ ճակատ առ ճակատ բախվեցին աղքատության, թշվառության եւ արտագաղթի հետեւանքները: Պարոն Մանուկյանի խոսքերով` ընտրություններն աղքատ ժողովրդի համար փող աշխատելու առիթ են դարձել: «Հինգ հազար դրամը փրկություն է: Արտագաղթը եւ թշվառությունն այս իշխանության համար հիմնական միջոցներն են ընտրություններում հաղթելու համար»,-նշեց նա՝ հավելելով, որ Հրազդանում կեղծիքները տեղի են ունեցել ոչ թե ընտրատեղամասերում, այլ դրսում՝ գերատեսչություններում ու պետական հաստատություններում: «Սովը հաղթել է քաղաքացուն»,-ասաց նա: Արամ Մանուկյանը երեկ հրապարակեց նաեւ մեկ ուշագրավ տվյալ. Հրազդանի վերջին ՏԻՄ ընտրություններից հետո ընտրացուցակներում ընտրողների թիվն ավելացել է 3 հազար հոգով: «Չի կարող Հայաստանի բնակչությունը քչանա, եւ Հրազդանի բնակչությունն ավելանա: Իմ տեղամասում մարդիկ խնդրում էին` Արտաշատից եմ գալիս, Ապարանից եմ գալիս, Աբովյանից եւ Չարենցավանից եմ, թողե՛ք` շուտ քվեարկեմ, հասնեմ, ձյուն է, ճանապարհները փակ են: Եւ այն գաղտնիքը, թե ինչու դրոշմակնիքներ չդրեցին, պարզ է` որպեսզի չերեւա, թե ովքեր են Աբովյանից, Արտաշատից եւ այլն»,-ասաց նա:




Լրահոս