ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ՝ ԱՌԱՋԻՆ ՋՈՒԹԱ՞Կ, ԹԵ՞ ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ Հովիկ Աբրահամյանը նշանակվեց վարչապետ, տարօրինակ ակտիվությամբ, անմիջապես ձեռնամուխ եղավ երկրի թե՛ արտաքին, եւ թե՛ ներքին քաղաքական դաշտերում ընթացող գործընթացներին ակտիվ մասնակցություն ցուցաբերել, հանդես գալ հրապարակային մեկնաբանություններով՝ «ստվերում» թողնելով անգամ ՀՀԿ խոսնակին: Երեկ էլ ի պատասխան լրագրողների հարցին, թե արդյոք ծանոթացել է Տեր-Պետրոսյանի՝ կառավարության հասցեին հնչեցրած քննադատությանը, Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, ասել է. «Ժողովուրդը նման դեպքերում ասում է` աղվեսն իր պոչն է վկա բերում: Թալանի նախահայրը ամենուր թալան է փնտրում: Այսքանը»: Բայց այսքանով հանդերձ, պարզվում է, որ Հովիկ Աբրահամյանը բավականին ինքնավստահ է ընդդիմության հետ շփումներում: Մասնավորապես, Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգին անցնելու վերաբերյալ օրենքի քննարկման ժամանակ (այս տարվա ապրիլի 25-ին), երբ վերջինս անսպասելիորեն հայտնվել էր ԱԺ-ում ու մասնակցել Քառյակի նիստին, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Աբրահամյանն ուղիղ տեսքով Քառյակի անդամներին ասել է. «Ինչ պաշտոն ուզում եք, հենց հիմա պատրաստ եմ նշանակելու: Դուք մենակ ասեք: Պատրաստ եմ գնալ, Սերժ Սարգսյանի հետ էլ խոսել, ու ցանկացած պաշտոնում նշանակեմ»: Առայժմ ցանկալի արձագանքներ չկան, հետեւաբար անհայտ է, թե ինչ ճակատագիր է սպասվում Հ. Աբրահամյանին:

 

Համաձայն «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ ԲՀԿ-ում դեռեւս շարունակվում են խմորումները՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին անդամ Գրիգոր Գորիգորյանին (Շերիֆ) խորհրդարանում փոխարինելու հարցի հետ կապված: Ըստ ԲՀԿ-ի համամասնական ցուցակի հերթականության՝ Գ. Գրիգորյանին խորհրդարանում պետք է փոխարիներ եզդի համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Մախմուդյանը, սակայն Գագիկ Ծառուկյանը որոշել է, որ խորհրդարան կգնա Հրազդանի հացի գործարանի տնօրեն Տիգրան Ներսիսյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս Ռ. Մախմուդյանը փաստաթղթերով «զինված» հանդիպել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ եւ փորձել նրան համոզել, որ ինքն էլ է բավականին թվով ձայներ բերել եզդիական համայնքից, սակայն ապարդյուն: Ըստ ամենայնի, Մախմուդյանի «ոտքի տակը փորել» են ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներ Ռուստամ Գասպարյանն ու Բազմասեր Առաքելյանը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ռուստամ Մախմուդյանը հաստատեց լուրը, որ հանդիպել է Գ. Ծառուկյանի հետ, սակայն դրանից իրավիճակը չի փոխվել:

 

«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է խնդրին, թե ինչպես է ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը ՀՀ պետական բյուջեի միջոցները «մսխում» իրեն պատկանող «Քեթրին գրուպ» ընկերության ծառայություններից օգտվելու համար: Իսկ ծառայությունները բազմաթիվ են: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ԴԱՀԿ-ն ամեն տարի ՀՀ պետական բյուջեի հաշվին նորոգում է BYD մակնիշի իր ավտոմեքենաները՝ հենց ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի հիմնադրած «Քեթրին գրուպ» ընկերությունում: Ավելին՝ ոչ միայն նույն ընկերությունում են անընդհատ նորոգվում մեքենաները, այլ անգամ ուշագրավ զուգադիպությամբ ամեն տարի ԴԱՀԿ-ը վերանորոգման է ուղարկում հենց նույն մեքենաները: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նախորդ տարի վերանորոգվել է 13 մեքենա, այս տարի եւս վերանորոգվել են հենց այդ նույն մեքենաները՝ այդ թվում եւ BYD F3 մակնիշի 113SS03, 114SS03, 116SS03 համարանիշի ավտոմեքենաները: Հետաքրքիր է՝ սա «ատկատ»-ի նոր մեխանի՞զմ է, թե՞ այդ մեքենաներն այնքան անորակ են, որ ամեն տարի նորոգման կարիք են զգում:

 

Մինչ «Արմավիա» ավիաընկերության նախկին աշխատակիցները սրտատրոփ սպասում են իրենց աշխատավարձերին, այս ընթացքում Միխայիլ Բաղդասարովը զբաղված է ընկերության ինքնաթիռների վաճառքով: «Ժողովուրդ»-ը զրուցեց «Արմավիա» ավիաընկերության ֆինանսների գծով տնօրեն Հրայր Սահակյանի հետ՝ պարզելու, թե երբ են «Արմավիա» ընկերության նախկին աշխատակիցները աշխատավարձ ստանալու. «Դեռ նորություն չկա, ընկերության ներկայացուցիչները զբաղված են գույքի, ինքնաթիռների վաճառքով, որից ստացած գումարով կմարվեն աշխատակիցներին պարտք մնացած աշխատավարձերը»: Նկատենք, որ Միխայիլ Բաղդասարովն առաջին ու, հավանաբար, վերջին գույքը չէ, որ օտարում է, սակայն նրա նախկին աշխատակիցներն ամիսներով աշխատավարձ չեն ստանում: Ստացվում է՝ սնանկացման ճանապարհով գնացող, բայց այդպես էլ տեղ չհասած Բաղդասարովը միանձնյա տնօրինում է «Արմավիա»-ի գույքը, ինքնաթիռ վաճառում, նոր բիզնեսներ հիմնում, իսկ աշխատակիցներն անհույս սպասում են:




Լրահոս