ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՕԳՈՒՏ՝ ԱՂՋԻԿ ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ

Առողջապահության նախարարությունը նոր օրինագիծ է նախաձեռնել, ըստ որի՝ առաջարկվում է պտղի՝ մինչեւ 30 շաբաթական դառնալն արգելել բժիշկներին հայտնել ծնողներին ապագա երեխայի սեռը: Armlur.am-ը ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արա Բաբլոյանից եւ նույն հանձնաժաղովի ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանից փորձեց ճշտել նրանց վերաբերմունքը վերոհիշյալ նախագծի մասին: Պարզվում է՝ ՀՀԿ-ական Արա Բաբլոյանը դեմ է այս նախագծին, քանի որ կոռուպցիոն ռիսկեր է տեսնում: Իսկ Լյուդմիլա Սարգսյանը կողմ է այս օրինագծին, քանի որ Հայաստանում պաշտպանված չէ աղջիկ երեխաների ծնվելու իրավունքը: «Շատ դեպքերում, սեռով պայմանավորված, հղիության արհեստական ընդհատումներ են լինում, եւ հենց դրա արդյունքում են աղջիկները քիչ ծնվում: Կարեւորը՝ ծնելիություն լինի, հղիությունը ժամանակից շուտ չընդհատվի, հետեւաբար շատ ճիշտ է այս մոտեցումը», -ասաց պատգամավորը:

ԴԵՍՊԱՆԻ ՀԱՎԵՍ ՉՈՒՆԻ

Վերջին օրերին, համացանցում ակտիվորեն քննարկվում են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին Իրաքում ՀՀ դեսպան նշանակելու մասին շրջանառվող լուրերը: Ըստ խոսակցությունների՝ Սամվել Ալեքսանյանը, ով Իրաք է արտահանում մեծ քանակությամբ կեղծ վիսկիներ, հիմա էլ պատրաստվում է Իրաքում անցնել դիվանագիտական աշխատանքի, որպեսզի ձեռքի հետ էլ բիզնեսն առաջ տանի: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, Սամվել Ալեքսանյանն իրեն հատուկ ոճով ասաց, որ ինքը շատ գոհ է իր պատգամավորական աշխատանքից, ու դեսպան գնալու հավես չունի, վերջում հավելելով. «Քուրիկ ջան, մի անգամ էլ գրի, որ ես բիզնես չունեմ, բիզնեսով չեմ զբաղվում»:

ԲՈՒԴԱՂՅԱՆՆ՝ ԸՆԴԴԵՄ ԼԻՍԿԱՅԻ

Armlur.am-ի տեղեկություններով` հունիսի 8-ին կայանալիք Գորիսի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ Արա Բուդաղյանը կոչ է անում գորիսեցիներին իրենց ձայնը տալ Հրայր Յոլյանին: Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է երկու թեկնածու` Հրայր Յոլյանը եւ Վաչագան Ադունցը, ում հովանավորում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Մեզ հետ զրույցում, թե ինչու է նման հայտարարությամբ հանդես եկել, Արա Բուդաղյանն ասաց.
-Որովհետեւ Վ. Ադունցի հետեւում կանգնած է Լիսկան:
-Իսկ գորիսեցիները կլսե՞ն Ձեր կոչը:
-Ես իմ խնդրանքն այն մարդկանց եմ ուղղել, ովքեր կլսեն ու կընդունեն:
-Ձեր կարծիքով` ո՞վ կհաղթի:
-Կարծում եմ` Յոլյանը:
-Տեղեկություններ կան, որ Գորիսում վախի մթնոլորտ է, եւ շատերը, Սուրեն Խաչատրյանից վախենալով, ստիպված իրենց ձայնը տալու են Խաչատրյանի հովանավորյալ Վաչագան Ադունցին:
-Բայց Լիսկան ո՞վ է, որ նրանից վախենան: Նրանից վախենում են միայն թույլ մարդիկ:




Լրահոս