ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՓԵՍԱՆ ՄԵՆԱԿ ՉՄՆԱՑ

Աժ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարոյի) փեսան` Գոռ Առաքելյանը մայիսի 17-ին «Վերնիսաժ»-ի տարածքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում միակ կասկածյալը չէ: Երեկ հայտնի դարձավ, որ ոստիկանությունում հարցաքննությունից հետո ձերբակալվել է Ներսես Մելքոնյանը, ով Վալերի Հովհաննիսյանի հետ պատգամավորի փեսայի հետ վիճաբանել էին: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ այս երկու երիտասարդները՝ Վալերին եւ Ներսեսը Հայաստան էին եկել Ռուսաստանից եւ դեռ ավելին՝ նրանցից մեկն էլ ցանկանում էր «օրենքով գող» դառնալ:

ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ

Բնապահպանության նախկին նախարար, այժմ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը խախտել է էթիկայի նորմերը, ասված է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի եզրակացության մեջ, համաձայն որի՝ «թույլ է տրվել Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով սահմանված էթիկայի խախտում, այն է` չի ցուցաբերել հարգալից վերաբերմունք այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվել է լիազորություններն իրականացնելիս»: Հիշեցնենք` հանքարդյունաբերությանը նվիրված կոնֆերանսի ժամանակ միջադեպ էր առաջացել բնապահպան ակտիվիստների եւ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի միջեւ, եւ վերջինս ակտիվիստներից մեկին ասել էր. «Չափդ ճանաչի, ականջներդ կպոկեմ ձեռդ կտամ, լակոտ»:

ՆԵՐԿԱ ՆԱԽԱՐԱՐԸ

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հունիսի 2-ից 5-ը Ժնեւում մասնակցել է «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի (էՍՊՈ կոնվենցիայի) Կողմերի 6-րդ հանդիպմանը: Միջոցառման շրջանակներում հունիսի 5-ին ՀՀ բնապահպանության նախարարը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը քննարկվող բնապահպանական հիմնախնդիրների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ բնապահպանության նախարարությունից:

ԱՃՈՒՄ Է Ե՛Վ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, Ե՛Վ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՔԸ

Երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց երկու վարկային համաձայնագրերի, որոնց արդյունքում Հայաստանի արտաքին պարտքը կավելանա եւս 180 միլիոն դոլարով, կամ ավելի ստույգ՝ 100 միլիոն դոլարով եւ 60 միլիոն եվրոյով: Առաջին վարկային համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2013թ. նոյեմբերի 18-ին: Այս պայմանագրով բանկը Հայաստանի «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ֆինանսավորման նպատակով տրամադրում է 60 միլիոն եվրո վարկ, որով պետք է կառուցվի «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի Մարալիկ-Գյումրի հատվածը: Իսկ ՀՀ եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2014թ. մարտի 11-ին ստորագրված վարկային համաձայնագրով ԱԶԲ-ն հատկացնում է 100 միլիոն դոլար, որով պետք է կառուցվի Թալինից Մարալիկ հատվածը եւ կատարվեն մի շարք նախագծահաշվարկային աշխատանքներ, խորհրդատվություն եւ աուդիտ:




Լրահոս