Նախիջեւանի հետ սահմանին, նախօրեին խախտված հրադադարի ռեժիմը կարելի է ուշագրավ համարել այն առումով, որ ՀՀ սահմանի այդ հատվածը մշտապես համարվել է համեմատաբար հանգիստ եւ այնտեղ հրադադարի ռեժիմի խախտումները եզակի բնույթ են կրել: Բայց նախօրեին դիպուկահարի կրակոցներից հայկական կողմը երկու զոհ տվեց:
«Ժողովուրդ»-ը նախօրեի համարում տեղեկացրել էր, որ Նախիջեւանում գործում է ադրբեջանական առանձին համազորային բանակ, որը, սակայն, դե ֆակտո ենթակա է Թուրքիային: Այդ բանակի վերաբերյալ երեկ արտահայտվել էր նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որ ուշադիր հետեւում եւ վերահսկում էր այդ զորամիավորման գործողություններին՝ նշելով՝ եթե կրակոցներ են հնչում այնտեղից, նշանակում է՝ դա ոչ միայն Բաքվի, այլեւ Անկարայի ցանկությունն է: Համենայնդեպս, դժվար է պատկերացնել, որ այս գործողությունները տեղի ունենային առանց այդ երկրների բարձրագույն իշխանության հետ համաձայնեցնելու:
Հատկանշական է, որ նման միջադեպ տեղի ունեցավ հատկապես այն բանից հետո, երբ Եվրասիական տնտեսական միության հիմնադիր երկրներն Աստանայի համաժողովի ժամանակ հրապարակավ աջակցեցին ոչ թե Հայաստանին, որը ցանկանում է փութաջանորեն դառնալ այդ միավորման անդամ, այլ՝ Ադրբեջանին, որը ոչ մի դեպքում չի ցանկանում անդամակցել Եվրասիական միությանը: Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Նազարբաեւն, ընթերցելով Իլհամ Ալիեւի նամակը, հայտարարեց, թե Հայաստանը ԵՏՄ-ին կարող է անդամակցել ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն՝ առանց ԼՂՀ-ի: Իսկ Եվրասիական միության անդամ մյուս երկրների նախագահները՝ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն, այդպես էլ չառարկեցին հնչած նախապայմաններին՝ լռությամբ համաձայնություն տալով Ալիեւի քայլին:
Մեկ այլ ուշագրավ հանգամանք եւս. երբ տեղի ունեցավ այս միջադեպը՝ թուրքական Բոդրում քաղաքում ընթանում էր Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքիայի, Ղրղզստանի եւ Թուրքմենստանի ղեկավարների՝ թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում Իլհամ Ալիեւն իր երախտագիտությունն էր հայտնում Նազարբաեւին մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն նիստում իր նամակի ընթերցման եւ Հայաստանի ու Ղարաբաղի սահմանազատման խնդիրը բարձրացնելու համար:
Եվ վերջապես. հատկանշական է, որ դիպուկահարի կրակոցների նախօրեին, Մոսկվայում ՌԴ պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինն ընդունել էր Ադրբեջանի միլի մեջլիսի նախագահ Օգթայ Ասադովին եւ հայտարարել, թե Ռուսաստանը շահագրգռված է Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդմամբ եւ ընդլայնմամբ: Մյուս կողմից՝ հունիսի 17-ին սպասվում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռագոզինի այցը Բաքու: Ի դեպ, Ռագոզինը ՌԴ կառավարությունում պատասխանատու է ռազմարդյունաբերական համալիրի համար: Ուստի, կարելի է ենթադրել՝ Ռագոզինի այցը միտված է լինելու ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական գործակցության ընդլայնմանը, Ադրբեջանին զենքի նոր խմբաքանակի վաճառքին: Ու որքան էլ ռուս պաշտոնյաները հայտարարեն, թե սա ընդամենը սովորական բիզնես է, առնվազն տհաս պետք է լինել՝ չհասկանալու համար, որ Ադրբեջանը ռուսական զենքն ուղղելու է Ռուսաստանի ռազմավարական գործընկեր համարվող Հայաստանի դեմ:
Այլ կերպ ասած, այսօր ականատես ենք լինում ռուս-ադրբեջական համագործակցության՝ նոր թափով խորացմանը, փոխարենը՝ Հայաստանը միջազգային ասպարեզում օրեցօր կորցնում է իր դիրքերը՝ հեղինակազրկվելով ու մեկուսանալով: Իսկ այս ամենը չի կարող իր հետեւանքները չունենալ ԼՂ խնդրի վրա:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ