ԲԼԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վերջին տասնյակ տարիներին առաջին անգամ է, որ քաղաքաշինության ղեկավարը ճարտարապետ է, եւ ինչքան էլ որ տարբեր բաներ գրվեն, ամեն դեպքում, իմ հանդիպումները գործընկերների հետ ցույց են տալիս, որ մարդիկ շատ լուրջ սպասումներ ունեն»:

Նարեկ Սարգսյան «Հրապարակ»

Ի՞նչ սպասումներ կարող են մարդիկ ունենալ մեկից, ով Երեւանի ճարտարապետության դահիճի համբավ ունի, ում գործունեության խայտառակ արդյունքներին ծանոթ են բոլորը: Քաղաքաշինության նորանշանակ նախարարից սպասումներ կարող են չունենալ անգամ նշանակողները, որոնց համար երեւի թե կարեւորը Ն. Սարգսյանին ընդամենը անպաշտոն չթողնելն էր, որովհետեւ տխրահռչակ այս գործչի համար իշխանությունները անիմաստ կառույցներ էին ստեղծում, ինչպես կառավարությանն առընթեր ճարտարապետության կոմիտեն էր, որպեսզի Ն. Սարգսյանն այն ղեկավարի, որ նախարար դառնալուց հետո էլ կոմիտեն միացվի նախարարությանը:

 

«Իշխանությունների լեգիտիմացիա, քաղաքական էլիտայի սելեկցիա, քաղաքական կոնֆլիկտների լուծում: Պիտի արձանագրեմ, որ նախորդ տարիներին ընտրական պրոցեսներն ու ընտրություններն այս երեք խնդիրները չեն կարողացել լուծել»:

Հրայր Թովմասյան Armlur.am

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար, նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամը, ով ոչ հեռավոր անցյալում զբաղեցնում էր արդարադատության նախարարի պաշտոնը, երբ խոսում է ընտրական համակարգի փոփոխությունների, ընտրությունների եւ դրանց միջոցով լուծվող երեք հիմնական խնդիրների մասին, մոռանում է, որ Հայաստանի դեպքում իր ասածը միֆ է, եւ դրա՝ միֆ մնալը ներկայում ապահովում է հենց իր քաղաքական թիմը, հակառակ դեպքում, եթե լիներ իր ասած լեգիտիմացիան, իշխանությունները նման «ղալաթ» չէին անի, որ Հրայր Թովմասյանին պաշտոններ տային:

 

«Կարծում եմ, որ անհրաժեշտ է, կամ ես դեռեւս ունեմ հնարավորություն ու հարուստ փորձ՝ պիտանի լինելու: Կարծում եմ՝ Կոտայքի մարզպետի պաշտոնում 13,5 տարի աշխատելուց հետո իմ տեսակետը պետք է որ արժեքավոր լինի»:

Կովալենկո Շահգալդյան Yerkir.am

Կոտայքի նախկին մարզպետը, ում անունը մշտապես առնչվել է չարաշահումների եւ կոռուպցիոն երեւույթների հետ, վարչապետի խորհրդական դառնալուց հետո Հովիկ Աբրահամյանին դեռ ոչ մի մասնագիտական խորհուրդ չի տվել: Ամեն դեպքում, հանրությունը գոնե տեղյակ չէ նրա «արժեքավոր» տեսակետներին: Իսկ նախկինում նրա հայտնած տեսակետներին, ցավոք սրտի, շատերս ենք ծանոթ, եւ միայն տհաճության զգացումն է եղել Շահգալդյանի տեսակետներին ծանոթացողների ուղեկիցը: Չենք կարծում, թե ներկայում իրեն «պիտանի» համարող խորհրդականի տեսակետները կարող են հաճելի լինել: Եթե լինեն, թերեւս միայն նրան, ում խորհուրդ կտա:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

 




Լրահոս