ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՌԱՑՄԱՆ ՄՈՒԹ ԷՋԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանի նախագահ Տիգրան Պետրոսյանի լիազորությունները դադարեցվեցին: Պատճառը, ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, իբր թե եղել են առողջական խնդիրները: Սակայն «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախագահի լիազորությունների դադարեցումը պայմանավորված է բոլորովին այլ հանգամանքներով:

Եվ այսպես, ինչ հանգամանքներում եւ ինչ դրդապատճառներով կարող էին դարարեցվել Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանի նախագահ Տիգրան Պետրոսյանի լիազորությունները:
«Ժողովուրդ»-ը դեռեւս 2012թ. անդրադարձել էր Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի որդու՝ Շահեն Պետրոսյանի ենթադրյալ մասնակցությամբ կատարված մի շարք մութ պատմություններին: Բանն այն է, որ դատարանի նախագահի որդին մարդկանց «կռուպնի քցելու» սովորություն ուներ: Դա արվում էր այնպիսի մեխանիզմով, որ «քցվածը» վախենա բողոքի, «քցված» գումարներն էլ վերադարձնելու հնարավորություն չլիներ:
Ահա այդպիսի տասնյակ քաղաքացիական գործեր կան (քանի որ գործը քրեականին չէր հասնում) տարբեր դատարաններում, որոնցով, որպես պատասխանող, ներգրավված էր դատավորի որդին` Շահեն Պետրոսյանը: Վերջինս, զբաղվելով գործունեության մի քանի տեսակներով` անշարժ գույքի գործարքներով, իրավաբանական տարաբնույթ ծառայություններով, վարկավորմամբ, փաստաթղթերի պատրաստմամբ եւ զբոսաշրջությամբ, գտել է շահագրգիռ անձանց, իսկ հետո նրանց հետ մտել համապատասխան գործարքների մեջ. նրանց գայթակղիչ խոստումներ է տվել շահույթ ստանալու մասին, մեծ գումարներ վերցրել ու չէր վերադարձրել:
Ներկայացնեք «քցված» քաղաքացիներից մեկի մի մութ ու առեղծվածային դեպքի մանրամասները: 2012թ. նոյեմբերի 8-ին՝ ժամը 17:00-ին, «Ֆոլքսվագեն գոլֆ» մակնիշի ավտոմեքենան, Երեւանի Մյասնիկյան պողոտայում դուրս գալով երթեւեկելի մասից, բախվել էր էլեկտրասյանը: Պատահարի հետեւանքով ուղեւորը՝ Հակոբ Նադարյանը, տեղում մահացել էր, իսկ վարորդը՝ 54-ամյա Վարդան Նադարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց եւ գիտակցության չգալով եւս մահացել էր: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ վերջինս հայտնի «բոքսի հայաթի Նադալն» է, ում տան մութ պատմությունը եւս կապված է դատարանի նախագահի որդու հետ: Բանն այն է, որ Վարդան Նադարյանը նույն «բոքսի հայաթի» իր բնակարանը վաճառել էր քաղաքացի Հրեղեն Խաչատրյանին եւ ստացած գումարը տվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի որդուն՝ Շահեն Պետրոսյանին: Վերջինս էլ վերցրել էր գումարն ու չէր վերադարձնում: Նադարյանները կանգնել էին երկընտրանքի առաջ. կա՛մ դատավորի որդուց ամեն կերպ պետք է հետ ստանային գումարը եւ տային Հրեղենին, կա՛մ կորցնեին բնակարանը։
Ուստի չի բացառվում, որ դատավորի լիազորությունների դադարեցումն այդքան էլ կապ չունի նրա առողջական խնդիրների հետ, «շան գլուխը» թաղված է միանգամայն այլ տեղ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս