ԲՀԿ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՀԱՇՎԱՊԱՀԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2013թ. մայիսի 29-ին Ավանի 7-րդ փողոցում ԱԺ ԲՀԿ խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերության` «Կլեոպատրա» ՍՊԸ-ի, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող Երեւանի քիմիադեղական գործարանի գլխավոր հաշվապահ Հակոբ Գեւորգյանը կրակոցներ էր արձակել, որի հետեւանքով երկու քաղաքացի հրազենային վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել: Այս տարվա ապրիլ 4-ին, Գագիկ Ծառուկյանի կազմակերպությունների գլխավոր հաշվապահը 4.000.000 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:

Ի՞նչ էր պատահել այդ օրը Ավան վարչական շրջանում
2013թ. մայիսի 29-ին՝ ժամը 01:45-ի սահմաններում, Ավանի 7-րդ փողոցում կրակոցներ էին հնչել: Դեմքի եւ ճակատի մասերում հրազենային վնասվածքներով Գրիգոր Լուսավորիչ ԲԿ էին տեղափոխվել Ավանի 7-րդ փողոցի բնակիչներ՝ 24-ամյա Արտյոմ Ալեքսանյանը եւ 25-ամյա Ռոբերտ Հովսեփյանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կրակոցների հեղինակները Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի բնակիչներ Գեւորգ եւ Հովիկ Հակոբյաններն են եղել: Հովիկն աշխատում է «Գոլդեն Գլաս» ՍՊԸ-ում՝ որպես կոմերցիոն տնօրեն, իսկ Գեւորգը՝ «Կլեոպատրա» ՍՊԸ-ի եւ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի՝ Երեւանի քիմիադեղական գործարանի գլխավոր հաշվապահ: Իսկ նշված ընկերությունները պատկանում են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:
Սույն քրեական գործն այժմ քննվում է Ավան եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Իսկ ահա դատարանի պաշտոնական փաստաթղթով այս գործով կա մեկ մեղադրյալ՝ Գեւորգ Հակոբյանը: Իսկ թե ինչ հանգամանքներում Հովիկ Հակոբյանը չի հայտնվել մեղադրյալի աթոռին, պարզ չէ:
Իսկ ինչո՞ւ էին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աշխատողները հայտնվել աղմկալի կրակոցների կիզակետում: Պարզվում է՝ այս գործի նախապատմությունը հին է ու սկսվել է ազգակցականների միջեւ՝ խանդի հողի վրա: Գեւորգի քեռին` Փարսադան Փարսադանյանը, 2010թ. հունվարի 26-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու համար Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է 1 տարի 6 ամիս ազատազրկման:
Ազատազրկման վայրում գտնվելու ընթացքում Փարսադանի քրոջ որդին` ներկայում մեղադրյալ Գեւորգ Հակոբյանը, պարբերաբար նյութական աջակցություն է ցուցաբերել մորեղբոր ընտանիքին: Ավելին՝ իր քեռու կնոջը` Իվետային, ուղեկցել է քրեակատարողական հիմնարկ` ամուսնու մոտ տեսակցության: Արդյունքում այս ամենը Գեւորգի քեռուն` Փարսադանին, դուր չի եկել եւ վերջինս իր կնոջը անհավատարմության մեջ է կասկածել:
Երբ Փարսադանն իր պատիժը կրել վերջացրել է, կնոջ՝ Իվետայի հետ վիճաբանություններ են սկսվել, ինչի հետեւանքով նրանք ամուսնալուծվել են:
Եվ ահա 2013 թվականի մայիսի 28-ին Փարսադանն Իվետային ասել է՝ Գեւորգն իրեն sms է գրել, որտեղ հաստատել է, որ նրանք սեռական հարաբերություններ են ունեցել: Իսկ երբ Իվետան պարզաբանում է խնդրել Գեւորգից, Գեւորգն ասել է, թե ինքը նման բան չի ասել:
Ու ինչպես երեւում է, Փարսադանը հանգիստ չի նստել եւ որոշել է վրեժխնդիր լինել քրոջ որդուց: Հաջորդ օրը՝ մայիսի 29-ին, երբ Գեւորգը եւ Հովիկը, Խուդյակով փողոցում իրենց մեքենաներով կանգած են եղել, Փարսադանն աննկատ մոտեցել է Գեւորգի ավտոմեքենային, քարով հարվածել է նրա պարանոցին եւ դիմել փախուստի: Գեւորգն էլ ավտոմեքենայի բեռնախցիկից վերցնելով իրեն պատկանող որսորդական հրացանը, երկու անգամ կրակոցներ է արձակել Փարսադանի ուղղությամբ: Արդյունքում «կռիվ կինոյի» հետեւանքով, կրակոցներից տուժում են փողոցով քայլող Արտյոմ Ալեքսանյանը եւ Ռոբերտ Հովսեփյանը:
2014 թվականի ապրիլի 2-ի դատական նիստի ընթացքում ամբաստանյալի պաշտպան Վ. Քոսյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան Գեւորգի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ: Գրավի չափը պաշտպանը սահմանել էր 2. 100 000 ՀՀ դրամ, սակայն դատարանը՝ գործի քննության այս փուլում գրավի չափը բավարար երաշխիք չէր համարել եւ Գեւորգի ազատ արձակվելու գրավի չափը սահմանել էր 4.000 000 ՀՀ դրամ:
Այս գործով դատական հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 16-ին, իսկ թե ինչ է սպասվում Գագիկ Ծառուկյանի հաշվապահին, դեռ հայտնի չէ, թեեւ կանխատեսելի է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս