«ԱԿԱԴԵՄԻԿՈՍ» ՆԱԽԱՐԱՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած այն բանին, որ մեր նախարարների մեջ կան գիտության երկու դոկտոր` Հրանուշ Հակոբյանը եւ Հարություն Քուշկյանը, պարզվում է, որ գիտնականների գիտնականն էլ կա` Մանուկ Վարդանյանը, ով, ընդամենը տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան ունենալով, ակադեմիկոս է: Եւ այն էլ` մի քանի ակադեմիաների. Բնության եւ հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի, Ֆրանսիայի «Արարատ» գիտությունների միջազգային ակադեմիայի, Գերմանիայի բնական գիտությունների եվրոպական միջազգային ակադեմիայի, նաեւ Եվրոպական համալսարանի մոսկովյան մասնաճյուղի պատվավոր դոկտոր: Այս բոլոր ակադեմիաներն ու Եվրոպական համալսարանն, իհարկե, կոոպերատիվ կառույցներ են, բայց դե ակադեմիկոսի կոչումը շա՜տ զրնգուն է հնչում: Ու, փաստորեն, կառավարության կազմում գրեթե Վիկտոր Համբարձումյանին հավասար «համաշխարհային համբավի գիտնական» ունենք,  «խաբար» չենք:  
Մինչեւ «Օրինաց երկրի» քվոտայով նախարար նշանակվելը, Գյումրիում ծնված Մանուկ Վարդանյանը հետաքրքիր ճանապարհ է անցել: 1978թ. Երեւանում ավարտել է N 159 դպրոցն ու սովորելու մեկնել Մոսկվա` հողաշինարարական ինստիտուտ: Այդ ժամանակների համար ուրախալի էր, որ նա ընտրել էր այն նույն մասնագիտությունը, որն ուներ ՍՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի գլխավոր քարտուղար եւ ՍՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության նախագահ Լեոնիդ Բրեժնեւը: Մանուկ Վարդանյանից նոր Բրեժնեւ չստացվեց, բայց նա նվիրված կերպով երկար տարիներ զբաղվեց իր մասնագիտությամբ: Ինստիտուտն ավարտելուց հետո բանակում չծառայեց, այլ աշխատանքի անցավ «Հայպետհողշիննախագիծ» ինստիտուտում, ուղիղ տասը տարի աշխատեց Հրազդանում` 1985-1995թթ.-ին լինելով Հրազդանի շրջանային խորհրդի գործկոմի գլխավոր ճարտարագետ-հողաշինարար: 1995-ին Մանուկ Վարդանյանը պատգամավոր դարձավ, լուռումունջ հետեւեց ԱԺ աշխատանքներին, պատգամավոր եղած ժամանակ` 1996-97-ին, նաեւ աշխատեց ՀՀ քաղաքաշինության նախարարությունում որպես կադաստրի վարչության պետ:
Դարձյալ պատգամավորության շրջանում` սկսած 1997-ից, դարձավ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ: Գրեթե նախարարի նման մի բան, երկրի համար շատ կարեւոր անձնավորություն, որովհետեւ այս շրջանում սկսվեցին  համընդհանուր թալանն ու կողոպուտը, որոնք անպայմանորեն պիտի օրինականացվեին, պետական գրանցում ստանային: Մինչեւ 2009թ. զբաղեցնելով այս պաշտոնը` Մանուկ Վարդանյանը նպաստեց այն բանին, որ պետական գույքի մի զգալի մասն օտարվեր, դրա տերեր դառնային նորընծա օլիգարխները, պատգամավորները, բազմաթիվ պետական պաշտոնյաներ, դատարանների ու դատախազությունների «առաջատար» դեմքեր: Բայց պատահեց այնպես, որ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի ու Մանուկ Վարդանյանի ջրերը մի առվով չգնացին, ու 2009-2010թթ.-ին նա աշխատեց որպես նախագահի խորհրդական: Դե, մեր երկրում եթե կա մի պաշտոն, որից ոչինչ չի պահանջվում, որը յուրատեսակ «տուգանային գումարտակ» է,  նախագահի խորհրդականի պաշտոնն է: Բայց նախագահականում աշխատելու շրջանում Մ.Վարդանյանը «ռեաբիլիտացվեց», երեւի սկսեց դուր գալ Սերժ Սարգսյանին, այդ պատճառով էլ 2010թ. մարտի 15-ից նշանակվեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար` փոխարինելով ՕԵԿ-ական նախկին նախարար Գուրգեն Սարգսյանին, ում` ոլորտից անտեղյակությունն ու երբեմն ծիծաղ հարուցող «մասնագիտական» հայտարարություններն արդեն հունից հանել էին բոլորին: ՕԵԿ-ի հետ որեւէ աղերս չունեցող Մ.Վարդանյանը կրծքին ամրացրեց ՕԵԿ ադամանդակուռ կրծքանշանը եւ դարձավ օրինացական:  Ինչ խոսք, այս տեսակի համար պաշտոնն ու նյութական բարեկեցությունը բարձր են ամեն մի սկզբունքից ու հավատամքից:
Կադաստրային ոլորտում իր պաշտոնավարման շրջանում Մանուկ Վարդանյանը կառուցեց մի հրաշալի առանձնատուն, որն ունի լողավազան, մի քանի տասնյակ հազար դոլար արժեցող շոգեբաղնիք, ձեռք բերեց թանկարժեք ավտոմեքենա, եւ այդ ամենը պետական պաշտոնյայի ոչ բարձր աշխատավարձով:
Վերջերս  Մանուկ Վարդանյանի եւ վարչապետի հարաբերությունները խիստ լարվել էին, սակայն նախարարը վստահ էր, որ իրեն «ձեռք չեն տա», քանի որ ինքն է հովանավորում «Արմավիա»-ի վայրիվերո գործունեությունը, իր հովանու ներքո են գործում բազմաթիվ ուղեւորափոխադրող կազմակերպություններ, որոնք շատ վաղուց արհամարհում են հայաստանցիների նվազագույն պահանջները:
 Ի դեպ, հենց Մանուկ Վարդանյանի ոչ «միամիտ» կեցվածքի հետեւանքով է հետաձգվում մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարությունը: Թերթերից մեկը գրել էր. «Անցած տարեվերջին «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի մաս կազմող Երեւան-Աշտարակ ճանապարհահատվածի վերակառուցման համար հայտարարված մրցույթում, թեեւ մասնակցել էին երեք արտասահմանյան ընկերություն, տրանսպորտի եւ կապի նախարարի գլխավորած հանձնաժողովն այդպես էլ որեւէ ընկերության հաղթող չճանաչեց: Տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանն այն ժամանակ հայտարարեց, որ 11,7 կմ-անոց այդ ճանապարհահատվածը կմիացվի երկրորդ լոտին` Աշտարակ-Թալին 45 կմ երկարություն ունեցող ճանապարհահատվածին, եւ 2011թ. գարնանը կհայտարարվի ընդհանուր մեկ նոր մրցույթ: Միավորելով այս ճանապարհահատվածները` նախարարությունը փաստացի բարձրացրեց լոտի արժեքը: Ավելի պարզ ասած` այս երկու ճանապարհահատվածների վերակառուցման համար հաղթող ճանաչված շինընկերությանը կհատկացվի ավելի քան 100 մլն դոլար:
Փաստորեն, նշված նախարարությունն այս ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքների մեկնարկը երկարաձգեց շուրջ կես տարով` մրցույթում հաղթող չընտրելու միջոցով»: Որեւէ այլ երկրում Մանուկ Վարդանյանին անմիջապես պաշտոնանկ կանեին, կփորձեին պարզել նման գործելաձեւի իրական պատճառները: Սակայն մեր երկրում նման բան չեն անում, որովհետեւ արդեն իսկ ակնհայտ է, որ այդ մրցույթում շուտով հաղթող կճանաչվի որեւէ բարձրաստիճանի հովանու ներքո գործող  շինարարական կազմակերպություն:

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս