ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ֆինանսների նախարարությունը «Ժողովուրդ» օրաթերթի՝ հունսի 5-ի համարում «Գազային թվաբանություն կամ տամոժնու նոր օրացույցը» նյութի վերաբերյալ պարզաբանում է ուղարկել: Միայն թե, նախարարությունում այնքան են տարվել մեր հրապարակումը հերքելու ցանկությամբ, որ շփոթել են նյութի հեղինակին ու մեղադրանքներ ներկայացրել մեկ այլ անձնավորության. պարզաբանման մեջ մեր թղթակցին ներկայացրել են մեկ՝ Արման, մեկ այլ տեղ՝ Արա Գալոյան:

Ինչեւէ, անդրադառնանք նախարարության պարզաբանմանը՝ մասնավորապես հետեւյալ տողերին. «Նախորդ օրն օրաթերթին տրված պարզաբանման մեջ նշվել էր, որ ՀՀ ՊԵՆ 2000թ. դեկտեմբերի 26-ին հաստատված «Խողովակաշարերով եւ էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների նախնական հայտարարագրման դեպքերը եւ կարգը սահմանելու մասին» կարգի համաձայն՝ շուրջ մեկ ու կես տասնամյակ կատարվում է գազի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն: Այսինքն՝ միջազգային ընդունված չափանիշների համաձայն, ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ԱՊՀ անդամ մյուս բոլոր պետությունների, ինչպես նաեւ աշխարհի բազմաթիվ երկրների մաքսային ծառայություններ գազի եւ էլեկտրաէներգիայի ներմուծման վիճակագրության վարման ընթացքում այս մեթոդոլոգիան են կիրառում, եւ եթե այդ մասին տեղյակ չէ օրաթերթի «տնտեսական» մեկնաբանը, ապա դա Ֆինանսների նախարարության խնդիրը չէ»:
Սա, հիրավի, կարելի է համարել մտքի յուրօրինակ փայլատակում, քանի որ, եթե անգամ Մաքսային ծառայությունը նման մեթոդոլոգիայով է ներկայացնում վիճակագրական տվյալները, ապա պարտավոր է բարի լինել այդ մասին համապատասխան ծանոթագրություն ներկայացնել նյութի ներքեւում: Այլապես, ցանկացած նորմալ մարդ՝ տեսնելով «ՀՀ արտաքին առեւտուրը երկիր-ապրանք կտրվածքով (2013-2014թթ. I եռամսյակ)» տողերը, մտածում է՝ խոսքը հունվար-մարտ ամիսների մասին է, այլ ոչ թե՝ դեկտեմբեր-փետրվարի: Ու եթե չլիներ «Ժողովուրդ»-ի այս հրապարակումը, հայ հանրությունը չէր իմանա Մաքսայինի մեթոդոլոգիայի մասին ու կշարունակեր մտածել, որ Գագիկ Խաչատրյանի գլխավորած կառույցում տարին սկսվում է ոչ թե հունվարի 1-ից, այլ՝ դեկտեմբրի 1-ից: Համեմատության համար նշենք, որ ԱՎԾ-ն օտարերկյա ներդրումների մասին տվյալները ներկայացրել է նոր մեթոդոլոգիայով ու հարկ է համարել բոլորին նախազգուշացնել այդ մասին: Եվս մեկ հանգամանք. ՀՀ-ում բյուջետային տարին սկսվում է հունվարի 1-ից եւ այդ մասին գիտեն բոլորը: Ուստի, մեղմ ասած, անտրամաբանական է հաշվարկի նման մեթոդոլոգիան: Նախարարությունը պնդում է, որ իրենց մեթոդոլոգիայով հաշվում են գազի ներկրման դեպքում: Այդ դեպքում մյուս ապրանքների ներկրման վիճակագրությունն էլ են առաջին եռամսյակը դեկտեմբեր-փետրվար ամիսները հաշվո՞ւմ, թե՞ հունվար-մարտը:
Ֆիննախ-ի մաքսային ծառայության այս պահվածքը խոսում է պետության ու հասարակության հանդեպ նրանց վերաբերմունքի մասին: Գնահատականը թողնում ենք հանրությանը:

Ա. Գ.




Լրահոս