ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ԱՐՑՈՒՆՔՆԵՐԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վիկիլիքսյան» բացահայտումներից հերթականը պատմում է ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի՝ Հայաստանում դեսպան նշանակվելու կապակցությամբ նախագահականում կայացած ընդունելության մասին: Նորանշանակ դեսպանի ու Սերժ Սարգսյանի հանդիպման վերաբերյալ ԱՄՆ պետդեպին ուղարկված զեկուցագիրը կազմել է անձամբ դեսպանը՝ ներկայացնելով զրույցի մանրամասները: Ըստ հեղինակի՝ իրենք անակնկալի են եկել Սերժ Սարգսյանի բարձրացրած թեմայից՝ կապված դեպի Իրան կատարվող զենքի ապօրինի վաճառքի խնդրի հետ: Փաստաթուղթը տեղեկացնում է, որ ամերիկացիները ժամանակին Հայաստանին մեղադրել են ապօրինի զենք-զինամթերքի տեղափոխման հարցում նշանակալի դերակատարություն ունենալու մեջ:

Այսպես. փաստաթղթի սկզբում Յովանովիչը տեղեկացնում է, որ նախագահականում իր ստացած ընդունելությունը բավականին հետաքրքիր ընթացք է ունեցել: Պարզվում է՝ Սերժ Սարգսյանն առանց որեւէ նախաբանի, ուղիղ խոսքով եւ դիվանագիտական էթիկետի խախտում թույլ տալով միանգամից բարձրացրել է դեպի Իրան կատարվող զենքի վաճառքի թեման: Սերժ Սարգսյանը հատուկ ցանկացել է ամերիկացիներին տեղեկացնել, ըստ էության, անգամ համոզել, որ նման գործարք տեղի չի ունեցել: «Նա, կատեգորիկ կերպով պնդելով, մի քանի անգամ կրկնեց, որ 100 տոկոս վստահ է, որ նման բան լինել չէր կարող»: Նայելով դեսպանի աչքերի մեջ՝ Սարգսյանը նկատել է, որ Հայաստանի կառավարությունը հասկանում է Իրան կատարվելիք զենքի փոխանցումների լրջությունը, ինչի պատճառով էլ երբեք նման քայլի չէր գնա եւ երբեւէ չէր համաձայնի մասնակցություն ունենալ նման ծրագրերում: Դրական գնահատելով Սարգսյանի ըմբռնողականությունը նմանօրինակ խայտառակ արկածախնդրության մեջ չներքաշվելու առումով, այդուհանդերձ, նկատենք, որ ամերիկացիները հազիվ թե հենց այնպես Հայաստանին նման մեղադրանքներ ներկայացնեին:
Ավելին՝ դեսպանը քանիցս ուղղակիորեն ասել է, որ իրենց մասնագետներն ունեն հաստատ ու վստահելի տեղեկություններ հակառակի վերաբերյալ: Յովանովիչն ընդգծել է այս հարցում երկու երկրների համագործակցության կարեւորությունը ու ճշմարտությունը վեր հանելուն ուղղված քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Սերժ Սարգսյանը պատրաստակամորեն համաձայնել է ամերիկացի մասնագետների այցելությանը: Նա շարունակել է պնդել, որ Հայաստանը ոչ մի մեղք չունի եւ հույս ունի, որ սույն բարդությունն իր լուծումը կստանա հնարավորինս շուտափույթ: Դեսպանը, սակայն, դարձյալ բարձրացրել է իր մտահոգությունները ու բացատրել Սերժ Սարգսյանին, որ Հայաստանը կարող է ենթարկվել լուրջ վտանգի՝ կապված ԱՄՆ պատժամիջոցների հետ, ուստի ամբողջական, բաց ու համագործակից քայլերը միակ ճանապարհն են դրանից խուսափելու համար: Դիվանագետն ասել է, որ կիսում է Սարգսյանի` հարցն արագ կարգավորելու ցանկությունը, ինչը, իրենց կարծիքով, խնդիրը շտկելու լավագույն ճանապարհն է: Յովանովիչը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել հատկապես այն հանգամանքի վրա, որ Իրաքում ամերիկյան զինվորներից շատերը վիրավորվել են եւ մեկն էլ մահացել է հենց այն զենքից, որը, իրենց համոզմամբ, առաքվել է Հայաստանի միջոցով: Զգուշացնելով Հայաստանի իշխանություններին՝ դիվանագետը վերջին փաստը համարել է Միացյալ Նահանգների համար ամենալուրջ մակարդակի խնդիր:
Փաստաթղթից պարզվում է, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից անմիջապես հետո դեսպանը խոսել է ԱԳ նախարար Նալբանդյանի հետ: Նա նախարարին դիմել է «որպես ընկերոջ՝ հորդորելով՝ ավելի լավ ռազմավարություն կլիներ, որ շարունակական ժխտումների փոխարեն Սերժ Սարգսյանը շուտափույթ քննություն իրականացներ այս խնդրի առթիվ, ինչը նախընտրելի է ԱՄՆ մասնակցությամբ»: Դիվանագետը հուշել է Նալբանդյանին Սերժ Սարգսյանի ու ԱՄՆ այսօր արդեն նախկին պետքարտուղար Ք. Ռայսի առանձնազրույցի անհրաժեշտության մասին Նյու Յորքում: Յովանովիչը հասկացրել է Նալբանդյանին, որ նմանօրինակ ժխտումներն իրականում այնքան էլ համոզիչ չեն: Նալբանդյանը, խոստանալով խորհրդակցել Սերժ Սարգսյանի հետ, պատասխանել է, որ ինքն այս հարցով իր ղեկավարի հետ քննարկում ունեցել է՝ Բրայզայի հետ սեպտեմբերի 14-ի հանդիպումից անմիջապես հետո: ԱԳ նախարարը հավելել է, որ Սերժ Սարգսյանը, լրջորեն դիտարկելով խնդիրը, հավաքել է կառավարության համապատասխան ներկայացուցիչներին, հրահանգներ իջեցրել ու արդեն վստահ է, որ ոչ մի նման վաճառք տեղի չի ունեցել: Այստեղ հատկապես հետաքրքիր է ամերիկացիների անզիջում կեցվածքը եւ ՀՀ իշխանությունների հավաստիացումներին չհավատալու փաստը: Անգամ այս դիպվածում է ակնհայտ, որ միջազգային հանրությունը պարզապես չի վստահում ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող գործչին՝ հավանաբար չափից լավ տեղյակ լինելով նրա իշխանավարության իրական բնույթին:
Դեսպանը փաստաթղթի վերջում հանդես է եկել մեկնաբանությամբ, որը մեջբերում ենք ամբողջությամբ. «Զարմանալի էր, որ Սերժ Սարգսյանն այս հարցը բարձրացրել է հենց դեսպանի՝ հավատարմագիրը հանձնելու ժամանակ: Միգուցե նա փորձում էր կանխել կամ էլ հասկանալ Նյու Յորքում սպասվելիք խոսակցությունը կամ նույնիսկ փորձում էր կշռել նոր նշանակված դեսպանին: Երկու դեպքում էլ՝ նրան շատ լավ հասկացվեց, որ համառորեն ու կատեգորիկ կերպով նման խնդիրները ժխտելը ավելի է բորբոքում դրանք: Մենք պետք է օգնենք հայաստանցիներին հասկանալ, որ ԱՄՆ քայլերն այսօրինակ տեղափոխությունների հետ կապված կարգավորվում են օրենքներով ու հայերը պետք է քննություն իրականացնեն՝ պարզելու իրականությունը: Խնդիրը կարող է կարգավորվել միմիայն այս եղանակով: Պետքարտուղար Ռայսի կողմից Սարգսյանի հետ ունենալիք գալիք հանդիպմումը ավելի լավ ճանապարհ կլինի հարցը հարթելու համար»:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս