ՄԱՐԶԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆՈՐ ՄԱՐԶՊԵՏԸ ԿՊԱՐԶԻ՞

Տավուշի մարզում աշնանացան ցորենի ցանքատարածությունները կազմում են 6676 հա, որը 409 հա-ով գերազանցում է նախորդ տարվա աշնանացանի ցուցանիշը: Այս մասին Տավուշի մարզխորհրդի՝ հունիսի 3-ի նիստում ունեցած իր զեկույցում հայտարարեց մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը: Մարզխորհրդի նիստում նշվեց, որ Տավուշի մարզում կոմբայնները քիչ են, եղածն էլ շուրջ 30 տարվա հնության են, բարոյապես եւ ֆիզիկապես մաշված:
Բերդի տարածաշրջանի Տավուշ համայնքի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը, արձագանքելով մարզխորհրդի նիստում գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի այն հայտարարությանը, որ այս տարի կառավարությունը սուբսիդավորելու է աշնանացանը, նախարարին հարցրեց՝ դա ի՞նչ կարող է տալ գյուղացուն, եթե համայնքներում կոմբայններ չկան, որպեսզի արտհունձ կատարեն: Տավուշի գյուղապետի խոսքերով՝ ճիշտ կլինի, որ 2-3 համայնքին գոնե մեկ հացահատիկահավաք կոմբայն տրամադրվի:
Ի պատասխան՝ Սերգո Կարապետյանն ասաց, որ հացահատիկահավաք կոմբայնները թանկ են՝ միջինը 80 հազար ամերիկյան դոլար արժողությամբ: Եվ, բնականաբար, ֆերմերները հնարավորություններ չունեն դրանք ձեռք բերելու, ուստի նախատեսվում է, որ պետությունը կոմբայններ կներկրի, եւ 2-3 մարզերում կստեղծվեն ծառայությունների մատուցման կենտրոններ: Արթուր Հովհաննիսյանը լավատես չէր պետության աջակցության վերաբերյալ եւ գյուղնախարարին ասաց. «Քանի տարի է՝ խոսում ենք»: Սերգո Կարապետյանն էլ հակադարձեց. «Պետության հնարավորությունը դա է, համբերություն է պետք, նոր կառավարություն է ձեւավորվել, որն աշխատում է այդ հարցերին լուծումներ տալ»:
Տավուշի մարզում վարուցանքի գյուղատնտեսական տեխնիկան քիչ է եւ մաշված, մեխանիզատորներն էլ թվով սակավ են: Գյուղապետերը մեզ հայտնեցին, որ վարի ժամանակաշրջանում գյուղացիները խնդրում-պաղատում են գյուղի մեխանիզատորին, որ նա գա, իրենց հողը վարի: Ավելացնենք, որ 2013 թվականին պետության կողմից աշնանացանի համար սուբսիդավորում չի կատարվել: Սակայն, ըստ մարզպետարանի բնապահապանության եւ գյուղատնտեսության վարչության՝ հացահատիկի ցանքերն աճել են:
Տավուշի գյուղատնտեսության բնագավառի անկախ մասնագետները խիստ կասկածելի են համարում, որ մարզում 6676 աշնանացան կա: Դա նշանակում է, որ Տավուշի 62 համայնքներից յուրաքանչյուրում միջին հաշվով 107 հեկտար աշնանացան է կատարվել: Մինչդեռ մարզում քիչ չեն համայնքները, որտեղ աշնանացան ընդհանրապես չի կատարվել, կամ էլ քիչ քանակությամբ է արվել: Տավուշի նոր մարզպետ Հովիկ Աբովյանը կցանկանա՞ պարզել աշնանացանի իրական թվերը, թե՞ մարզպետարանի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները կշարունակեն ուռճացած թվեր ներկայացնել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս