ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԸ ԽՆԴԻՐՆԵՐ Է ԱՌԱՋԱՑՆԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էլեկտրաէներգիայի առաջիկա թանկացումը լուրջ խնդիրներ կառաջացնի ոչ միայն բնակչության, այլեւ գործարար դաշտի համար: Եվ արդեն իսկ սպասելի է, որ դրանից հետո անխուսափելի կլինի արտադրատեսակների թանկացումը, սպառման ծավալների անկումը եւ դրա արդյունքում` որոշ ձեռնարկությունների սնանկացումը:

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հանդես եկավ հայտարարությամբ, որում նշված է, որ Հանձնաժողովը շուրջ երկու ամիս ուսումնասիրել է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ներկայացրած՝ լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ ծախսերի եւ պարտավորությունների՝ 2014-2015 թվականների կանխատեսումները եւ պարզել, որ նշված տարիներին սպասվում են էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների տնտեսական գործունեության արդյունքների վրա ազդող գործոնների էական փոփոխություններ:
Եվ շուրջ երկու ամիս տեւած ուսումնասիրությունից հետո ՀԾԿՀ-ի նախնական գնահատմամբ պարզվել է, որ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության եւ սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի) լրացուցիչ գումար: Ընկերություններում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար նախատեսվում է բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացում՝ 3,8-4,3 դրամ/կՎտժ-ի (ներառյալ ԱԱՀ-ն) սահմաններում:
ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով՝ սա նշանակում է, որ տնտեսվարող սուբյեկտի կողմից ոչ արդյունավետ աշխատանքը պետք է փոխհատուցի քաղաքացին կամ դա արվի գործարարների եկամուտների հաշվին: «Որեւէ մեկը մեզ բացատրություն չի տվել, թե որտեղից է գոյացել այս պարտքը, ինչ պատճառով է ընկերության ֆինանսական վիճակը վատացել, ինչքանո՞վ է արդյունավետ աշխատում այդ կազմակերպությունը: Այս հարցերի պատասխանները չկային, ու մեզ ներկայացնում են մի փաստաթուղթ, ասում՝ երկու ամիս շարունակ ուսումնասիրել ենք, ու հայտարարում են, որ էլ.էներգիայի սակագինը 10 տոկոսով պետք է բարձրանա: Սա այն է, ինչը որ Հայաստանի համար դարձել է սովորական երեւույթ: Ոչ մի անգամ այս հարցադրումները հանրության հետ չեն քննարկվում: Եվ ոչ ոք պատասխան չի տալիս, թե ինչի համար է դա տեղի ունեցել»,-ասաց տնտեսագետը:
Նրա պնդմամբ՝ ՀԷՑ-ի՝ 2012-ի ներդրումների ծրագրում չի եղել սակագնի բարձրացման վերաբերյալ հարց: «Մինչդեռ նախորդ տարի գազի սակագնի 10 տոկոս բարձրացման դեպքում էլեկտրաէներգիայինը 30 տոկոսով բարձրացավ, գիշերայինը՝ 40 տոկոսով: Եվ ցավալին այն է, որ մեր հանրությունը հանգիստ կարողանում է սա տանել, նրանցից ոչ ոք բացատրություն չի պահանջում»,-մտահոգվեց մեր զրուցակիցը:
Մասնագետը վստահեցնում է, որ էլետկտրաէներգիայի հերթական բարձրացման պատճառով գործարար դաշտում լուրջ խնդիրներ կառաջանան. «Արտահանման մասով` դրսի շուկայում մրցակցային ապրանքներ արտադրել այս գների պայմաններում՝ բացառվում է»:
«Արեւ-1» հաց արտադրող ընկերության սեփականատեր Ծատուր Մանուկյանը՝ լսելով էլեկտրաէներգիայի թանկացման մասին լուրը, հայտնվել է անելանելի դրության մեջ: «Դեռ չենք կարողանում ալյուրի թանկացումը մարսել, հիմա էլ՝ էներգիան: Ճիշտ է, հացի գինը դեռ չեմ բարձրացրել, բայց չգիտեմ: Առայժմ յոլա եմ տանում հին թվերով: Իսկ մյուս գործընկերներիս մի մասը հացի քաշն է թեթեւացրել, մյուսը՝ գինն է բարձրացրել: Ես դեռ չգիտեմ, թե ինչ անեմ»,-հուսահատված ասաց Մանուկյանը` ընդգծելով, որ այս պահին հաց արտադրող իր ընկերությունը վնասով է աշխատում, դրան գումարած` ընկերության կողմից բանկերից վերցրած վարկային պարտավորությունները:
Հ.Գ. Ի դեպ, վերջերս հայկական մամուլում լուրեր շրջանառվեցին այն մասին, որ առաջիկայում ՀԷՑ-ը կանխամտածված սնանկացնելու են, որով եւ պետք է լուծվեր էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը:
Հիշեցնենք, որ մոտ օրերս «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն հայտնվեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տեսադաշտում եւ տուգանվեց 20 մլն դրամի չափով: Պատճառն այն էր, որ ընկերության կամայական գործողությունների արդյունքում բնակիչները զրկվել էին էլեկտրամատակարարումից: Սա առաջին անգամ չէր, որ ընկերությունը հայտնվել էր ՏՄՊՊՀ տեսադաշտում. նախորդ իրավախախտումների ժամանակ ընկերության հանդեպ դարձյալ հարուցվել էին վարչական վարույթներ, սակայն տրվել էր խիստ նախազգուշացում` միաժամանակ տեղեկացնելով, որ իրավախախտման կրկնակիության դեպքում հանձնաժողովը, օրենքի համաձայն, կցուցաբերի առավել խիստ մոտեցում:
Իսկ ահա ապրիլի 16-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 5 մլն դրամով տուգանեց ՀԷՑ-ին` նորմատիվ մի քանի իրավական ակտերի խախտման եւ ֆինանսական կարգապահության համար: Ընկերության նկատմամբ ֆինանսական տույժը կիրառվեց նույնիսկ այն բանից հետո, երբ ՀԷՑ-ի էկոնոմիկայի եւ ֆինանսների գծով տնօրեն Վլադիմիր Սազոնովը նշեց, որ դա ավելի կծանրացնի ընկերության ֆինանսական վիճակը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս