Գյումրու Էնրիկո Մատտեի անվան իտալական հիվանդանոցը կարող է լուծարվել: Այս տեղեկությունը հաստատել է Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը, եւ սա այն բանից հետո, երբ լուրեր տարածվեցին, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ադամյանը կամայականորեն կրճատում է հիվանդանոցի աշխատակիցներին: Վերջին 1 շաբաթվա ընթացքում աշխատանքից ազատվել է 5 աշխատակից, եւս 15 բուժաշխատող աշխատանքից զրկվել է սեփական դիմումի համաձայն: Ուշագրավն այն է, որ մեզ ահազանգած աշխատակիցների խոսքերով` hանրապետական տնօրենը ցանկանում է կուսակցականացնել բոլորին, եւ երբ մարդիկ մերժում են տնօրենի առաջարկը, նրանք ազատվում են աշխատանքից: Մոտ մեկ տարի առաջ Գ.Ադամյանը հայտնվեց այս աթոռին, եւ դա առաջացրեց բուժաշխատողների զարմանքն ու զայրույթը, քանի որ նա չունի մասնագիտական բարձրագույն կրթություն: Տարօրինակ կերպով, երբ ֆինանսական չարաշահումների պատճառով Իտալական պոլիկլինիկայի տնօրեն Տաթեւիկ Փանոսյանի գործերը հայտնվեցին դատարանում, Ադամյանը Գյումրու ավագանու աթոռից սահուն կերպով անցում կատարեց այս պաշտոնին: Ըստ որոշ տեղեկությունների` Ադամյանի «հովանավորը» Գալուստ Սահակյանն է: Ինչպես եւ սպասելի էր, հիվանդանոցում իրականացվող զանգվածային կրճատումների` կուսակցականացման հետ կապը հերքում են թե՛ մարզի առողջապահության վարչության պետը, թե՛ հիվանդանոցի տնօրենը` պնդելով, որ պատճառը հիվանդանոցում առկա ֆինանսական խնդիրներն են: Հիվանդանոցն ունի 15 մլն դրամի պարտք, կա նաեւ կադրերի ավելցուկ: «Որպեսզի մեր հիմնարկը հետագայում չունենա մեծ պրոբլեմներ, 113 հոգի չազատվեն աշխատանքից, մենք գնում ենք ավելցուկ կադրերի կրճատման քայլին»,-փոխանցեց Գ.Ադամյանը: Իսկ հարցին, թե ինչու են աշխատակիցները սեփական դիմումի համաձայն ազատվել աշխատանքից, պատասխանեց. «Չեն բավարարում իրանց խիստ մոտեցումները, առավոտ գալ ժ. 9-ին, նորմալ բուժսպասարկում իրականացնել: Թե չէ ստիպելը ո՞րն է: Չհասկացա, ես գանգստե՞ր եմ, ի՞նչ եմ: Ո՞վ եմ ես, ընդամենը պետական չինովնիկ եմ»: «Իրոք, էնտեղ բավականին մարդիկ կրճատվել են, եւ դա արվում է նաեւ այն բանի համար, որ պարտքերը թեթեւանան: Բայց ասեմ, որ կուսակցական խտրականության խնդիր չի դրված: Հանրապետականներ էլ են ազատվել: Ով չի բավարարել տնօրենի պահանջներին, ազատվել է, ե՛ւ ԲՀԿ-ական, ե՛ւ ՀՀԿ ական, ե՛ւ դաշնակցական»,-իր հերթին հավաստիացրեց վարչության պետը:
Իրավիճակի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ նաեւ առողջապահության նախարարությունից, որի մամլո պատասխանատու Շուշան Հունանյանը մեզ փոխանցեց, որ խնդիրն իրենց իրավասությունից դուրս է: Բուժանձնակազմին աշխատանքի ընդունելու եւ աշխատանքից ազատելու իրավունքը Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչությանն է, ասել է թե` անձամբ մարզպետ Աշոտ Գիզիրյանն է փորձելու բացատրել, թե ինչ է տեղի ունենում հիվանդանոցում, կամ արդյոք իրավունք ունի ժամանակավոր պաշտոնակատարը կրճատել հիմնարկի աշխատակիցներին: Կրճատված աշխատակիցներն արդեն նամակ են գրել մարզպետին, սակայն նա դեռ չի արձագանքել:
Գյումրի