ՈՐՈՇԻՉ Է ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի երկուսին Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր ընտրվեց Դավիթ Մուրադյանը, ով այս տարվա ապրիլի 10-ից ռեկտորի պաշտոնակատար էր: «Ժողովուրդ»-ը զրուցել է Դավիթ Մուրադյանի հետ՝ պարզելու, թե ինչ խնդիրներ կան ինստիտուտում եւ որոնք են լինելու նորանշանակ ռեկտորի առաջիկա անելիքները։

-Պրն Մուրադյան, ապրիլի 10-ին ընտրվեցիք ռեկտորի պաշտոնակատար, բայց միայն հունիսին ստանձնեցիք ռեկտորի պաշտոնը: Ժամանակային այս ինտերվալն ինչո՞վ էր պայմանավորված:
-Գործող ընթացակարգով միայն:
-Բավականին պատասխանատու աշխատանք եք ստանձնել: Պատրա՞ստ եք այդ ծանր բեռը տանելու եւ, ըստ Ձեզ, որոնք են կրթօջախում առաջնահերթ այն խնդիրները, որոնք լուծման կարիք ունեն:
-Գիտեք, այս կրթօջախի հետ է կապված իմ կենսագրության հիմնական մասը: Երբ տեղդ օտար չէ քեզ, ծանրությունն այդքան չի վախեցնում: Ես այն մարդկանցից չեմ, ով կարծում է, թե յուրաքանչյուր հիմնարկում կամ հաստատությունում, եթե ղեկավար է փոխվում այնտեղ, պետք է սկսի զրոյական կետից: Պետք է այն, ինչ ունես որպես հարստություն, պահպանես եւ փորձես նոր բան ավելացնել: Առաջին քայլը, որ պետք է արվի, այն է, որ մեր կրթօջախը պետք է փորձի թե՛ Եվրոպայի, թե՛ տարածաշրջանի համապրոֆիլ ուսումնական հաստատությունների հետ կապեր հաստատել, իրականացնի համատեղ ծրագրեր: Սա ուղղակի այսօր անհրաժեշտություն է: Նախնական որոշ քայլեր այս ուղղությամբ արդեն արված են: Կատարվելիք մյուս քայլը հետեւյալն է. ուսումնառությունը թե՛ մասնագիտական, թե՛ պրակտիկ առումով պետք է զուգահեռ ընթանա: Վաղուց արդեն անհրաժեշտություն է մեր տարածքում ունենալ ուսումնական կինոհեռուստաստուդիա: Այն ստեղծելու համար ֆինանսական մեծ միջոցներ են պետք: Հիմա փորձում ենք հնարավոր աջակիցներ գտնել: Թատրոնի մասով նախատեսվում է ստեղծել ուսանողական թատրոն: Աշխատանքները դեռ նախնական փուլում են:
-Կադրային ի՞նչ փոփոխություններ են սպասվում կրթօջախում:
-Արվեստը նորանում է, ի հայտ են գալիս նոր անուններ: Թատրոնի եւ կինոյի ասպարեզում վերջին 15-20 տարիներին առաջ եկան անուններ, որոնք ստեղծագործական հասցե ունեն, որոշակի փորձ են կուտակել: Կարծում եմ` ժամանակն է, որ ուսանողներ պատրաստելու գործում նրանք ներգրավված լինեն: Այս ուսումնական տարվա սկզբում երկու-երեք հայտնի անուններ հրավիրել ենք կրթօջախ: Ինչ վերաբերում է կադրային ջարդին, ես հեղափոխական էքստրեմիզմների կողմնակիցը չեմ:
-Շրջանառվող լուրերի համաձայն, ինստիտուտում դասավանդում են մարդիկ, ովքեր բարձրագույն ուսումնական հաստատության վկայական չունեն: Որքանո՞վ է տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը եւ ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու այդ ուղղությամբ:
-Եթե դուք այդ հարցը բարձրացնում եք, ես պետք է կադր առ կադր ուսումնասիրեմ, որի ժամանակը մինչ այժմ չեմ ունեցել: Բայց հետաքրքիր բան եք ասում` կնայենք, կտեսնենք: Կարեւոր է ձեր ասածը, բայց նաեւ պետք է անհատական մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուրին: Կարեւոր է նաեւ մեկ այլ բան հաշվի առնել. եթե որեւէ մեկն իր ստեղծագործական կենսագրությամբ դարձել է վարպետ, կուտակել հմտություններ, փորձ, նա կարող է պատրաստել նոր անուններ: Ի վերջո, արվեստում առաջին հերթին ամեն ինչ որոշում է ստեղծագործական անհատականությունը: Հրաչյա Ղափլանյանի նման մեծ ռեժիսորը, երբ հիմնեց Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը, դեռեւս դիպլոմ չուներ:
-Մոտ քսան տարի է` մանկավարժական գործունեությամբ եք զբաղվում: Կրթօջախում ուսանող երիտասարդ դերասանների մեջ կան Մհեր Մկրտչյաններ, Մետաքսյա Սիմոնյաններ:
-Գիտեք, արվեստները երբեք չեն ավարտվում, նրանք նոր հեռանկար են ունենում: Հիմա մենք արագ չպետք է պահանջենք, որ այսօր էլ ունենանք Մհեր Մկրտչյան: Բնությունը երկար պետք է աշխատի դրա համար:
-Թատրոնի եւ կինոյի ոլորտում այսօրվա ամենակարեւոր խնդիրը ո՞րն եք համարում:
-Շուկան չպետք է ճնշի արվեստին: Մշակույթ եւ շուկա հավասարակշռությունը պետք է գտնել, որպեսզի ոչ թե շուկան թելադրի մշակույթին, այլ մշակույթը՝ շուկային:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ




Լրահոս