ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԱՏՅԱՆՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԴԱՍԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էլեկտրոնային մատյաններն ուսուցիչների համար դարձել են մղձավանջ, քանի որ նրանցից  շատերը, տանը չունենալով համակարգիչներ, ստիպված ժամերով պետք է սպասեն, մինչեւ ազատվի դպրոցի համակարգիչներից որեւէ մեկը, որպեսզի կարողանան այդ մատյաններով աշխատել: Իսկ դպրոցների մեծ մասն ունի ընդամենը մի քանի համակարգիչ:
Էլեկտրոնային մատյանները դպրոցներ մուտք են գործել 2011թ. սեպտեմբերից, սակայն ոչ բոլոր դպրոցներն են աշխատում այս ծրագրով:  «Դպրոցն ապահովված է համակարգիչներով, ուսուցիչներն անցել են համապատասխան վերապատրաստում: Մեր դպրոցում այդ ծրագիրը սաղմնային վիճակում է, սակայն կան դպրոցներ, որոնք կատարել են հսկայական աշխատանքներ»,-նշեց Երեւանի N 84 հիմնական դպրոցի տնօրեն Արկադի Էլոյանը: Ի տարբերություն այս դպրոցի` Երեւանի N 117 դպրոցի տնօրեն Վալյա Սարգսյանը նշեց. «Ճիշտ է, կան դժվարություններ, սակայն ուսուցչական անձնակազմը, հաղթահարելով  դժվարությունները,  աշխատում է այդ ծրագրով: Խնդիրն այն է, որ դպրոցն ունի ընդամենը 12 համակարգիչ, իսկ ուսուցիչները 35-ն են»:
Երեւանի N 44 դպրոցի համակարգիչները նույնպես 12-ն են: «Մենք առայժմ չենք օգտվում այդ ծրագրից: Ես դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում, սակայն մեր ուսուցիչների 97%-ն անցել է համապատասխան վերապատրաստում: Երբ ինչ-որ բան ստեղծվում է, ունենում է նպատակ, իսկ այս ծրագրի անհրաժեշտությունը ես չեմ տեսնում,-բացատրեց N 44 դպրոցի տնօրեն Մարինա Տոնոյանը եւ հավելեց,-եթե ծնողը ցանկանում է իմանալ իր երեխայի գնահատականները, մենք մի լավ ավանդական միջոց ունենք` օրագիրը, որը հրաշալի լուծում էր այդ խնդիրը»:
Իսկ Երեւանի N 21 դպրոցի տնօրեն Նելլի Երիցյանը նշեց, որ ճիշտ է, դպրոցն ապահովված է համակարգիչներով, եւ ուսուցիչներն անցել են համապատասխան վերապատրաստում, սակայն դեռ այդ ծրագրից չեն օգտվում: «Լսել եմ, որ շատ տնօրեններ, ուսուցիչներ դժգոհում են, որ այդ համակարգը թերի է»,-նշեց  տիկին Երիցյանը:
Սակայն ասել, որ այս համակարգն ունի միայն բացասական կողմեր, սխալ կլինի: «Երբեմն անհրաժեշտ է լինում ծրագրում փոփոխություններ կատարել, որոնք ժամանակատար են: Փոփոխությունների ժամանակ ծագում են մի շարք խնդիրներ, սակայն այդ փոփոխությունները մեկնաբանել, որ համակարգը չի աշխատում, սխալ կլինի,-բացատրեց «Նորք» տեղեկատվական կենտրոնի «Էլեկտրոնային ծրագրի» ղեկավար Գայանե Ղարագյոզյանը,-այս համակարգը նաեւ պահանջում է ֆինանսական ռեսուրսներ: Դպրոցներից շատերը չունեն համակարգիչներ, ինտերնետ, չունեն անձնակազմ, որն ունի համակարգչային գիտելիքներ. ամբողջը ծախս է»: Ներկայումս այս ծրագրից օգտվում են 360 դպրոցներ, որոնք, ըստ Գայանե Ղարագյոզյանի, գրեթե չունեն խնդիրներ: «Մեր հաջորդ քայլը` փուլ առ փուլ Հայաստանի բոլոր դպրոցներին այս ծրագրի մեջ ընդգրկելն է լինելու: Ճիշտ է,  այս ծրագրով դպրոցները սկսել են աշխատել 2011թ. սեպտեմբերից, սակայն դպրոցների հիմնական մասը սկսել է լուրջ աշխատել երկրորդ կիսամյակից»,-տեղեկացրեց մեր զրուցակիցը:
Իսկ տնօրենների եւ ուսուցիչների դժգոհությունները ծրագրի ղեկավարը մեկնաբանեց որպես հայերի սովորություն, որոնք միշտ էլ նորարարություններին բացասական են վերաբերում: Արդյոք Հայաստանի բոլոր դպրոցները կմիանան այս ծրագրին` դժվար է ասել, սակայն ինչպես Գայանե Ղարագյոզյանը նշեց, այս ծրագրին միանալու համար անհրաժեշտ են ֆինանսական ռեսուրսներ, ինչպիսիք այսօր  դպրոցների մեծ մասը չունի:

ԱԴՐԻՆԵ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ




Լրահոս