ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ տեղեկացնել, թե ո՞ր կառույցն է պարտավոր տալ շինարարության (քանդման) թույլտվություն:

Ֆելիքս Սահակյան (42 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ֆ. Սահակյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ համայնքի վարչական uահմաններում շինարարության (քանդման) թույլտվությունը կառուցապատողին (uեփականատիրոջը կամ նրա կողմից uահմանված կարգով լիազորված անձին) տալիu է համայնքի ղեկավարը, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեuված չէ: (ՀՀ կառավարության 02.02.2002 թվականի «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության եւ քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 91 որոշում, 7-րդ կետ):

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ 2013 թվականի ընթացքում վարչական շրջանների ղեկավարների կողմից պարզեցված ընթացակարգով տրամադրվել է վերանորոգման (վերափոխման) աշխատանքների իրականացման 386 թույլտվություն:

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, եթե դիմորդը ժամանել է Սփյուռքից եւ ցանկանում է ընդունվել հայաստանյան բուհ, ապա նրա համար արտոնություններ սահմանվա՞ծ են, թե ոչ: Եթե այո, ապա որո՞նք են դրանք:

Ռուզաննա Մելքոնյան (24 տարեկան, նկարչուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ բացի Հայաստանում բուհական ընդունելության ընդհանուր կարգից՝ սփյուռքահայ դիմորդները կարող են ընդունվել օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված հատուկ կարգով: Յուրաքանչյուր տարի, հուլիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, փաստաթղթերը ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարություն կամ օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ՝ դիմորդը կարող է ընդունվել ՀՀ բուհերի ցանկացած ֆակուլտետի նախապատրաստական բաժին՝ հայոց լեզուն եւ մասնագիտական առարկաները ուսումնասիրելու նպատակով եւ տարեվերջում քննությունները բարեհաջող հանձնելով շարունակել իր ուսումը կամ անցնել հարցազրույց ընդունելության համար նախատեսված առարկաներից եւ բավարար գիտելիքների առկայության դեպքում անմիջապես ընդունվել համապատասխան ֆակուլտետի 1-ին կուրս:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցավոք, ոչ միայն սփյուռքահայ, այլ նաեւ ընդհանուր դիմորդների թիվն է զգալի նվազել: Օրինակ՝ 2010-2011 ուսումնական տարվա տվյալներով՝ ընդհանուր առմամբ 3370 սփյուռքահայ է սովորել Հայաստանի պետական բուհերում, որից 296-ը պետական պատվերի, իսկ 3074-ը՝ վճարովի համակարգում: Սփյուռքահայ 466 երիտասարդ մասնագիտական բարձրագույն կրթություն է ստացել հանրապետությունում գործող միջազգային, իսկ 785-ը՝ ոչ պետական բուհերում: Իսկ քոլեջներում սովորել է 205 սփյուռքահայ ուսանող:

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ի՞նչ սկզբունքով է հրապարակվում արժութային շուկայում ձեւավորված դրամի միջին փոխարժեքը ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

Ալիկ Եղոյան (38 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից արժութային շուկայում ձեւավորված դրամի միջին փոխարժեքը հրապարակվում է որպես հաշվարկային միավոր ՀՀ ԿԲ-ի համար, եւ, ըստ ցանկության, կարող է օգտագործվել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից: ԱՄՆ դոլարի (այլ արժույթների շրջանառությունները ՀՀ արժութային շուկայում էական ծավալ չեն կազմում) նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքը հրապարակվում է համաձայն «ՀՀ տարածքում արժութային կարգավորումը եւ վերահսկողությունը» կանոնակարգ 8-ի, նախորդ օրը արտարժութային շուկայում ձեւավորված միջին կշռված փոխարժեքների հիման վրա՝ ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված արտարժութային գործառնությունների վերաբերյալ հաշվետվությունների հիման վրա: Մնացած արժույթների նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքը հաշվարկվում է ԱՄՆ դոլար /այլ արժույթներ խաչաձեւ փոխարժեքների օգնությամբ (վերջիններս ձեւավորվում են այդ երկրների կենտրոնական բանկերի կամ բորսաների գնանշումներից):

ՀՀ կենտրոնական բանկ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ըստ պաշտոնական տվյալների՝ ՀՀ սպառողական եւ արտարժույթի շուկաներում 2014 թվականի ապրիլին մարտ ամսի համեմատ արձանագրվել է գների եւ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի, համապատասխանաբար 0.5 տոկոս եւ 0.03 տոկոս հավելաճ (ԱՄՆ դոլարն արժեվորվել է): Իսկ 2014 թվականի ապրիլին 2013-ի դեկտեմբերի համեմատ սպառողական գներն ու հաշվարկային փոխարժեքն աճել են՝ համապատասխանաբար 1.7 եւ 2.2 տոկոսով:




Լրահոս