ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿՈՐՈՒՍՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի «պատկերացումներ»-ի տարբերությունն` արդյոք Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է, ներքաղաքական լուրջ հակամարտության վերածվելու նախադրյալներ է պարունակում:
Երեկ արձագանքելով ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի այն հայտարարությանը, թե` ասելով, որ Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է, Ռոբերտ Քոչարյանը ջուր է լցրել ադրբեջանական ջրաղացին, Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասել է. «Շավարշ Քոչարյանը լուրջ խնդիրներ ունի, ու ոչ միայն հիշողության հետ»: Ներկայացնելով Քոչարյանի պատկերացումների հիմքը` Սողոմոնյանը հիշատակել է նաեւ Քի Ուեսթը` «որի հիմքում ընկած էր հենց Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի վերամիավորումը»:
Ուշագրավ է, որ հիշողության հետ խնդիրների առկայության մասին խոսող նախկին նախագահի խոսնակն ինքն էլ մոռացել է հիշատակել, թե ինչի գնով եւ ինչպես էր Լեռնային Ղարաբաղը միավորվելու Հայաստանին: Այսօր արդեն անթաքույց կերպով թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր ճամբարների ներկայացուցիչները պնդում են, որ մենք պետք է Հեյդար Ալիեւի արձանը կանգնեցնենք Երեւանում` այն բանի համար, որ նա վերջին վայրկյանին փոշմանեց եւ կյանքի չկոչվեց Հայաստանի առաջիկա ոչնչացման ծրագիրը. այն, ինչ իրենից ներկայացնում էր Քի Ուեսթը` ՀՀ տարածքով Ադրբեջանն ու Նախիջեւանը կապելու գոբլյան նորացված տարբերակով: Էլ չասած` բոլոր ազատագրված տարածքները հանձնելու, եւ որ ամենասարսափելին է ` Շուշին ազերիներին տալու` քիուեսթյան բանակցությունների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածության մասին:
Քի Ուեսթը, բարեբախտաբար, կյանքի չկոչվեց, սակայն այսօր եւս ոչ մի երաշխիք չկա, որ վաղը մեզ չի հրամցվի շատ ավելի վատ մի տարբերակ: Քանզի ներկայում ՀՀ ողջ քաղաքական դաշտը, էլ չասած ժողովրդի մասին, մեծ հաշվով, անմասն է ընթացող խաղից: Եվ մենք որեւէ կերպ երաշխավորված չենք, որ ինչպես սեպտեմբերի 2-ին քնեցինք Եվրոպայի մասնիկը դառնալու տեսլականով եւ սեպտեմբերի 3-ին արթնացանք դարձյալ ռուսահպատակ, այդպես էլ հիմա մի օր չենք արթնանա Ղարաբաղը վերջնականապես ռուսներին հանձնած` բնականաբար «անվտանգության նկատառումներից ելնելով»:
Նման վտանգից խուսափելու համար առաջին հերթին անհրաժեշտ է, որ հանրությունը տեղեկացված լինի Ղարաբաղի շուրջ բանակցությունների իրական ընթացքին, իսկ երկրի ղեկավարն էլ հաշվետու լինի քաղաքական ուժերին: Մինչդեռ Սերժ Սարգսյանի վերջին հրապարակային հաշվետվությունը 2005թ-ին էր, երբ նա ԱԺ-ում Ղարաբաղի հարցով լսումների ժամանակ հայտարարեց, թե Աղդամը մեր հայրենիքը չէ:

 




Լրահոս