ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՈՒ ՕՐԻՆԱԽԱԽՏ

2012-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հանրապետական կուսակցության ընտրացուցակում հայտնվեցին մի շարք երիտասարդների անուններ, ովքեր իրենց ինտելեկտուալ կերպարով պետք է որակական փոփոխություններ ապահովեին խորհրդարանում: Նրանց կարկառուն ներկայացուցիչներից է նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանը, ով պատգամավոր է դարձել միայն այն արժանիքի համար, որ ՄԻԱԿ կուսակցության անդամ է: Եվ ահա, armlur.am-ը երեկ նկատել է, թե ինչպես է ԱԺ պատգամավոր, ինտելեկտուալ Նաիրա Կարապետյանը՝ 004oo11 համարանիշի ավտոմեքենայով երթեւեկության կանոնների խախտումներ թույլ տալիս: Ի դեպ, վերոնշյալ պետհամարանիշը, ԱԺ-ում գործող կարգի համաձայն, գրանցված է Արաբկիր վարչական շրջանից պատգամավոր դարձած Արտակ Սարգսյանի (ՍԱՍ-ի Արտակ) անունով, քանի որ նա է ընտրվել թիվ 4 ընտրատարածքից: Սակայն գործարար պատգամավորն իր համարանիշը նվիրել է Նաիրա Կարապետյանին:

ԷԼԻ ԳՆՈՐԴ ՉԿԱ

Նախորդ շաբաթ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կրկին հանվեց աճուրդի: Նշենք, որ համալիրը մեկ անգամ եւս էլեկտրոնային աճուրդի էր հանվել մայիսի 19-ին, որն ավարտվել էր մայիսի 29-ին: Աճուրդը չէր կայացել, քանի որ գնորդ չկար: Առաջին աճուրդին համալիրի մեկնարկային գինը սահմանվել էր 19 մլրդ 350 մլն դրամ (մոտ 46 մլն ԱՄՆ դոլար), իսկ երկրորդի դեպքում՝ մեկնարկային գինը կազմում է 17 մլրդ 415 մլն դրամ: Երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ աճուրդի ավարտին մնացել է մեկ օր: Այս պահի դրությամբ գնային առաջարկներ չկան: Սրան զուգահեռ նշենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ղեկավարությունը պնդում է, որ ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն ապօրինի կերպով է աճուրդի հանել Մարզահամերգային համալիրը: Ընկերությունը մոտ 10 միլիարդ 200 միլիոն դրամ է պարտք ՀՀ կառավարությանը: Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել ընկերությանը պատկանող Մարզահամերգային համալիրի վաճառքի միջոցով մարել նշված պարտքը: Սակայն ընկերությունն իր հերթին է դիմել դատարան՝ համալիրը գրավից հանելու եւ համալիրի նկատմամբ դատարանի սահմանած արգելանքը վերացնելու հայցով, եւ դատական այս գործընթացը դեռ չավարտված ` ԴԱՀԿ-ը համալիրը ներկայացրել է աճուրդի:

ՎԱՃԱՌՈՒՄ ԵՆ ԿԸՀ-Ի ՄԵՔԵՆԱՆԵՐԸ

Կառավարությունը որոշել է վաճառել ԿԸՀ-ի մեքենաները: Կառավարության առաջիկա նիստերի օրակարգում ընդգրկված է ԿԸՀ հաշվեկշռում գտնվող «Կիա սպորտիեջ» եւ «Գազ 3102» մակնիշի մեքենաներն ուղղակի աճուրդով օտարելու հարցը. իսկ պատճառը մեքենաների մաշվածությունն է, թեեւ դրանք 2003 եւ 2002թթ. արտադրության են: Կառավարությունը որպես մեքենաների աճուրդի գին սահմանել է 3մլն 321 հազար դրամ: Այդ գումարն ուղղվելու է ՀՀ պետբյուջե:

 




Լրահոս