ՀՀԿ-Ն ԲՈՅԿՈՏԵՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արայիկ Թունյանին երեկ ՀՀԿ-ականները երկար «տառապանքներից» հետո կարողացան ընտրել ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ: Ու սա այն դեպքում, երբ նրան ներկայացրել էր Սերժ Սարգսյանը՝ փոխարինելու ՍԴ 70 տարին բոլորած անդամ Վալերի Պողոսյանին:

Երեկ խորհրդարանում կատարվածն ուշագրավ էր այն առումով, որ ԱԺ նորընտիր նախագահ Գալուստ Սահակյանն ու ՀՀԿ խմբակցության նորաթուխ ղեկավարը առաջին անգամ էին փակ, գաղտնի քվեարկություն կազմակերպում: Եվ ինչպես ավանդաբար, քվեարկությունից առաջ ՀՀԿ խմբակցությունն առավոտյան նիստ էր հրավիրել, որպեսզի «ինստրուկտաժ» աներ պատգամավորներին՝ ինչպես քվեարկել: Սակայն «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ խմբակցության նիստը լարված ընթացք է ունեցել եւ բանն այնտեղ է հասել, որ Վ. Բաղդասարյանը ստիպված է եղել ձեռքը «խփել» սեղանին, որպեսզի իրեն չլսող, իր հետ համահավասար խոսող ՀՀԿ-ականները «ուշքի գան»: Խմբակցության ղեկավարի նկատողությունը դուր չի եկել ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանին (Շմայս), ով հայտարարել է, թե սա դպրոց չէ, որ Բաղդասարյանը նման կերպ է վարվում: Սա նշանակում է, որ ՀՀԿ-ականները ոչ մի կերպ չեն ցանկանում ենթարկվել Վահրամ Բաղդասարյանին:
ՀՀԿ-ականների ինքնագլուխ գործելաոճը փոխելու համար Վ. Բաղդասարյանը երեկվա նիստի ժամանակ հրահանգել է խմբակցության պատգամավորներին ասուլիսի կամ հրապարակային որեւէ միջոցառման գնալուց առաջ խորհրդակցել իր հետ: Զգուշացումը ոչ բոլորի սրտով է եղել: Ու, թերեւս, այդ պատճառով էլ ՀՀԿ-ական 10 պատգամավոր երեկ այդպես էլ չմասնակցեց Սերժ Սարգսյանի ներկայացրած թեկնածուի քվեարկությանը՝ ըստ էության բոյկոտելով նրան: Ճիշտ այնպես, ինչպես ԱԺ ոչ իշխանական ուժերը բոյկոտեցին:
Հաշվիչ հանձնաժողովը շատ լարված սպասում էր քվեարկության ավարտին, հատ-հատ հաշվում էր, թե ով է մնացել պատգամավորներից, որ չի քվեարկել: Զանգահարում կանչում էին կամ գնում բերում նրանց: Օրինակ՝ Հերմինե Նաղդալյանին Գագիկ Մելիքյանը թեւանցուկ բերեց քվեարկության:
Բայց անգամ դրանից հետո ՀՀԿ-ին երեկ հաջողվեց քվորում ապահովել ՕԵԿ-ից Իշխան Խաչատրյանի, Լեւոն Դոխոլյանի, ՀԱԿ-ից՝ Հրանտ Բագրատյանի եւ «Ազատ դեմոկրատական» կուսակցությունից Ալեքսանդր Արզումանյանի մասնակցության շնորհիվ: Արդյունքում 65 կողմ, 3 դեմ ձայներով Թունյանը դարձավ ՍԴ անդամ: Ու եթե չլինեին այդ 3 դեմ ձայները, Թունյանը չէր ընտրվի՝ անգամ ստանալով 65 կողմ ձայն: ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 66 պատգամավորի մասնակցություն:
Նկատենք, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամները երեկ նաեւ կեղծիքներ են իրականացրել ԱԺ-ում: Թեեւ հայտարարեցին, որ անկախ պատգամավորները եւս մասնակցել են ՍԴ անդամի ընտրությանը, այնուամենայնիվ, լրագրողները ֆիքսեցին որ անկախներից միայն Էդմոն Մարուքյանն ու Արայիկ Գրիգորյանը մասնակցեցին: Ասել է թե՝ մյուսների փոխարեն հաշվիչ հանձնաժողովի անդամներն են քվեարկել:
Հ. Գ. ՀՀ Սահմանադրության համաձայն՝ ՍԴ 5 անդամին նշանակում է ԱԺ-ն, 4-ին՝ նախագահը: Ու ԱԺ կողմից նախագահականի ներկայացուցչին նշանակելով, ըստ էության, խախտվում է օրենքով նախատեսված համամասնությունն ու ստացվում է՝ ՍԴ-ում նախագահն ունի ոչ թե 4, այլ՝ 5 ներկայացուցիչ: Այս նշանակումը, այդ առումով, պարադոքսալ է: Բայց երբ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե ստացվում է՝ նախագահականն ԱԺ-ի միջոցով իր թեկնածուին գործուղեց ՍԴ, այսպիսի պատասխան տվեց. «Հետո ինչ, նա ՀՀ քաղաքացի է»:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս