ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանական կուլիսներում Միասնական քննչական կոմիտեի հետ կապված սկանդալ է հասունանում. Սերժ Սարգսյանը չի ստորագրելու եւ «փող չկա» հիմնավորմամբ ու առարկությամբ հետ է ուղարկելու «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ԱԺ ընդունած օրենքը:

Հիշեցնենք, որ պաշտոնավարման ժամկետը լրանալու պատճառով ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից Աղվան Հովսեփյանի հեռանալուց հետո Սերժ Սարգսյանը որոշել էր նրա համար նոր աշխատատեղ բացել, եւ 2013թ. սեպտեմբերի 24-ին կարգադրություն էր ստորագրել Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով ստեղծելու մասին՝ հանձնաժողովի նախագահ նշանակելով անձամբ Աղվան Հովսեփյանին: Դեկտեմբերի 5-ին հանձնաժողովը հայտարարեց նախագծերի փաթեթը ավարտելու եւ կառավարություն ներկայացնելու մասին: Սակայն պարզվեց՝ նախագծով հանձնաժողովը քննչական նոր մարմնին օժտել է գերլիազորություններով ու կառավարությունը ստիպված էր նախագիծը լրամշակել՝ էապես փոփոխելով այն: Նշենք նաեւ, որ սկզբում նախատեսված էր այդ մարմնում միավորել ՀՀ ոստիկանության, ՊՆ եւ ՊԵԿ քննչական մարմինները, բայց հետո որոշվեց, որ ՊԵԿ-ի քննչականն առայժմ չի ընդգրկվի այդ կառույցում, եւ կմիավորվեն միայն Ոստիկանության եւ Պաշտպանության նախարարության քննչական վարչությունները: ԱԺ-ն, մայիսի 19-ին, 88 կողմ, 32 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց օրենքը, որից հետո այն ուղարկվեց նախագահական՝ Սերժ Սարգսյանի ստորագրմանը: Նշենք, որ ՀՀ Սահմանադրության համաձայն, նախագահը պետք է 21-օրյա ժամկետում ստորագրի եւ հրապարակի օրենքը: Հիմա Սահմանադրությամբ նախատեսված վերջնաժամկետը մոտենում է ավարտին, սակայն Ս.Սարգսյանն այն դեռ չի վավերացրել:
«Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Սերժ Սարգսյանը պատրաստվում է մերժել եւ չստորագրել օրենքը՝ նոր ստեղծվող մարմնի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: Բան այն է, որ 2014թ. պետական բյուջեում նախատեսված չեն համապատասխան գումարներ: Տեղեկացնենք, որ նախատեսվածի համաձայն՝ քննչական մարմնի աշխատողների աշխատավարձերը բավականին բարձր են լինելու. բացի աշխատավարձից, գումարվելու է նաեւ հավելավճար՝ ըստ կոչումի եւ աշխատանքային ստաժի: Նշենք նաեւ, որ քննչական կոմիտեն պետք է ունենա 1000 հաստիք, որից 800-ը՝ քննիչ: Իսկ նման մարմինը պետության վրա ահռելի ծախս է: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ վերջնական հայտնի չէ 2015թ. բյուջեում էլ դրա համար կհատկացվեն միջոցներ, թե ոչ:
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեսականորեն չբացառեց, որ Ս.Սարգսյանը չի ստորագրելու օրենքը, սակայն, ըստ նրա՝ նման տեղեկատվություն չկա: «Ամեն ինչ էլ հնարավոր է: Քանի դեռ սահմանված առավելագույն ժամկետը չի լրացել, որեւէ մեկը չի կարող ասել՝ հանրապետության նախագահը կստորագրի օրենքը, թե ոչ: Դա նրա բացառիկ իրավունքն է»,- ասաց Նահապետյանը: Ինչ վերաբերում է բյուջեում քննչական մարմնի համար գումարների բացակայությանը, նա նշեց. «Օրենքն ամբողջապես կարգավորում է Քննչական կոմիտեի ստեղծման ու գործունեության վերաբերյալ հարցերը»: Բայց դե որքան գումար է անհրաժեշտ կոմիտեի համար, Նահապետյանը տեղյակ չէր. «Այդ հաշվարկը պետք է կատարի կառավարությունը: Ուզում եմ վստահ լինել, որ հաշվարկներն արված են ու քննչական կոմիտեի կազմավորման հետ կապված խնդիրներ չենք ունենա»: Թե որքան գումար է անհրաժեշտ նոր քննչական կոմիտեի ստեղծման համար, չգիտեր նաեւ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը: Նա եւս նշեց, թե տեղյակ չէ «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքի ճակատագրից:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս