Դերասան ԳՆԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԸ` ավելի հայտնի Մոնչ անունով, ունի մասնագիտական դերասանական կրթություն` ավարտել է «Հայֆիլմ» կինոդերասանների ստուդիան, նաեւ ստեղծագործում է: Սակայն ոչ մի թատրոնի հիմնական դերասան չէ, միայն ժամանակ առ ժամանակ վարձավճարով կոնկրետ ներկայացումներ է խաղում:
-Գիտեմ` ինչ է թատրոնն էլ, կինոն էլ: Ստացել եմ դրամատիկ ժանրի դերասանի կրթություն, չնայած կոմեդիա էլ եմ խաղացել: Այդ ամենից բացի, ես նաեւ ինքս էլ եմ ստեղծագործում, ունեմ 2 տպագրված գիրք` խոհափիլիսոփայական ոճի բանաստեղծություններ եմ տպագրել: Այս տարի որոշել եմ եւս մի գրքույկ թողարկել: Ինչ անում եմ, արվեստի շուրջ եմ պտտվում:
-Երբեք այլ գործերով չե՞ք զբաղվել:
-Վատ տարիներին եղել է` ուրիշ գործեր էլ եմ արել, դե ինչպես մնացած բոլոր մարդիկ, որոնք ձգտումներ ունեն: Բայց հիմնականում սա է իմ կյանքը, ես ինձ արվեստում եմ լավ զգում:
-Սերիալներում մենք Ձեզ ավելի շատ տեսել ենք սրտակեր տղամարդկանց կերպարներում:
-Դե իմ կյանքն էլ տենց ա դասավորվել: Իմ կերպարները Դոն Ժուանի պես չեն եղել, դրանք կյանքից վերցրած մարդիկ են: Մի սերիալում ես սիրում էի կնոջս, բայց նաեւ ուրիշ կանանց, այս` «Եդեմի գաղտնիքները» սերիալում ես ունեմ երկու սեր…
-Ճի՛շտն ասեք, վերը նշված կերպարներն ինչ-որ բանով մո՞տ են Ձեզ:
-Ի՞նչ եք ասում: Ես կին ունեմ, ում շատ սիրում եմ: Այդ տեսակ հակումներ չունեմ: Իհարկե, շրջապատում հաճելի է կանանց ներկայությունը, բայց չէի ասի, որ հայ տղամարդիկ շատ նման են այն կերպարներին, որ ես խաղում եմ: Մի լավ խոսք են ասում հայ տղամարդկանց մասին` «բրուտալ», այսինքն` մեր շփումների մեջ մենք շատ ավելի կոպիտ ենք, ոչ այնքան ռոմանտիկ: Հայ տղամարդն ավելի շատ ընտանիքի հետ է կապված լինում, ես ինքս այդպիսին եմ:
-Ձեր կարծիքով` արտաքինը որեւէ կերպ ազդո՞ւմ է լավ դերեր ստանալու հարցում: Ձեզ միշտ լավ դերեր են բաժին հասնում:
-Եթե անկեղծ լինեմ, ես դեռ չեմ ստացել այն դերը, որի մեջ կզգայի ինձ, ինչպես ձուկը ջրում: Վերջին երկու դերերս էլ ինձ համար բարդ էին, որովհետեւ որպես տղամարդ՝ ես այդպիսին չեմ, հետո էլ հայ կանայք մի տեսակ նույնացնում են սերիալի միջի տղամարդուն իրական դերասանի հետ, ու իրենց թվում է, որ ես այդպիսին եմ: Սկսում են ատել տվյալ կերպարին: Սերիալների սեւ գործն եմ ես անում, վատ կերպարներն ինձ վրա են (ծիծաղում է-Ե.Ռ.): Չնայած բոլորովին այլ էր Մոնչի կերպարը, որով էլ ճանաչում ձեռք բերեցի:
-Իսկ ի՞նչ դերեր եք ցանկանում, որ մինչեւ հիմա չեն առաջարկել:
-Հայերը դեռ լավ ֆիլմեր չեն նկարել, որ իմ ուզած դերերից լինի, օրինակ` հոգեբանական թրիլեր կամ էլ գոնե լավ կոմեդիա լիներ:
-«Եդեմի գաղտնիքները» սերիալում անկողնու տեսարան կա: Հետաքրքիր է, Ձեր կինն ինչպե՞ս է արձագանքում:
-Ես ու կինս իրար գիտենք 10 տարի: 5 տարի ընկերություն ենք արել, 5 տարի էլ ամուսնացած ենք: Ամենասկզբից էլ գիտեր, որ ես դերասան եմ, իմ խաղընկերուհիներից շատերը մեր տուն եկել-գնացել են: Կինս այդ ամենը որպես աշխատանք է դիտում, խանդի տեսարաններ չի սարքում, ինքը գիտի, որ ես աշխատանքն ու իրական կյանքն իրար չեմ խառնում: Չնայած էս վերջերս կես-կատակ, կես-լուրջ ասաց` այնքան են ասում չե՞ս խանդում, արդեն սկսելու եմ խանդել: Բայց ես կնոջս կարծիքը հաշվի եմ առնում: Դե ճիշտն այդպես է, լսի՛ր կնոջդ ու արա՛ հակառակը (ծիծաղում է-Ե.Ռ.):
-Վերջին տարիներին դերասանների մեծամասնությունը նկարահանվում է սերիալներում, նույնիսկ նրանք, ովքեր ժամանակին դեմ էին:
-Ես չեմ հարգում այն դերասաններին, որոնք փնովում են ու ասում` սերիալն այսպես, սերիալն այնպես, մենք չենք խաղա: Վստահ եմ, եթե համապատասխան գումար առաջարկեն, նրանք անպայման կնկարվեն: Եթե լավ դերասան են, թող գան, սերիալում որակով բան խաղան: Ապացուցված բան է ամբողջ աշխարհում` դերասանները, որոնք սկսել են սերիալներից, հետո դարձել են շատ կոմերցիոն դեմք, ու նույն ֆիլմարտադրությունն էլ շահել է դրանից: Մեկ էլ չեմ սիրում, երբ ֆիլմ նկարող ռեժիսորն ասում է` սերիալից դերասան չլինի:
-Կարծիք կա, որ դերասաններն ավելի շատ սերիալ են գնում զուտ ֆինանսական խնդիրներ լուծելու համար:
-Նման բան գոյություն չունի, չեմ հարգում մարդկանց, որ այդպես են արտահայտվում: Այնքան տաղանդավոր դերասաններ կան, որոնց ոչ մեկը չի ճանաչում ու չի ուզում իրանց հետ գործ բռնի: Բայց սերիալում հայտնվելով` նրանք մասսայականություն են վայելում: Ցանկացած դերասան ուզում է ճանաչված լինել, այլապես չէր դառնա դերասան:
-Հիմա Դուք սերիալում նկարահանվում եք ֆինանսի՞ համար, թե՞ դա սիրելի աշխատանք է:
-Ես նկարահանվում եմ ե՛ւ ֆինանսի համար, ե՛ւ որ սիրելի աշխատանք է: Չնայած հոգնեցուցիչ է, բնականաբար, ավելի նախընտրելի կլիներ գեղարվեստական ֆիլմերում նկարահանվել:
-Գիտեմ նաեւ, որ վերջերս հայր եք դարձել, շնորհավորում եմ:
-Շնորհակալ եմ, որդիս ծնվեց 2 ամիս առաջ, ես էլ դարձա 32 տարեկան: Մեծ պատասխանատվությամբ եմ մոտենում փաստին, որ hայր եմ, Ալեքսի խնամքի հարցում փորձում եմ նաեւ ինչ-որ կերպ օգուտ տալ:
«ՍԵՐԻԱԼՆԵՐԻ ՍԵՎ ԳՈՐԾՆ ԵՄ ԱՆՈՒՄ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ