ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱՀՎԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

«Ժողովուրդ»-ը գրել էր ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ում դատապարտյալի մահվան եւ դրանից ստեղծված լարված իրավիճակի մասին: Եվ ահա, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ «Կոշ» ՔԿՀ-ի գլխավոր բժշկին հեռացրել են աշխատանքից: Մեզ հասած տեղեկություններով՝ գլխավոր բժշկի հեռացման պատճառը կապված է ՔԿՀ-ի դատապարտյալ Արտավազդի անսպասելի եւ առեղծվածային մահվան հետ: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Արտավազդի բերանից արյուն էր եկել եւ ՔԿՀ աշխատակիցները ստիպված էին եղել նրան շտապ տեղափոխել Աշտարակի բժշկական կենտրոն: Աշտարակում Արտավազդին հետազոտել էին եւ ասել, թե որեւէ լուրջ խնդիր չկա: Իսկ հաջորդ օրը դատապարտյալը մահացել էր: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն ասաց, որ «Կոշ» ՔԿՀ-ի գլխավոր բժշկին չեն հեռացրել, այլ, պարզապես, տեղափոխել են «Վարդաշեն» ՔԿՀ, քանի որ այնտեղ ազատ տեղ է եղել: Նշենք, որ բացի գլխավոր բժշկից, մի քանի բժիշկների տեղափոխություն էլ է եղել, ինչը Գոռ Ղլեչյանը եւս հաստատեց:

«ՎԵՐՆԻՍԱԺ»-Ի ԵՐԿՐՈՐԴ ՄԵՂԱԴՐՅԱԼԸ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց նախաքննական մարմնի որոշումը եւ «Վերնիսաժ»-ի կրակոցների գործով օրերս ձերբակալված Ներսես Մելքոնյանը երկու ամիս ժամկետով կալանավորվեց: Մելքոնյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը): Վերջինիս պաշտպան Արմեն Խաչատրյանն ասել էր, որ իրենք պատրաստվում են բողոքարկել դատարանի վճիռը: Իսկ մյուս մեղադրյալ, ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի՝ Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ մյուս ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի մասին ինքն ունի իր դիրքորոշումը, սակայն այս պահին նպատակահարմար չի գտնում այդ մասին խոսել: Իսկ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը մեղմացնելու եւ խափանման միջոցը փոխելու մասին հարցին, Երեմ Սարգսյանը պատասխանեց, որ այս փուլում նման խոսակցություններ չկան. «Վստահ ենք, որ հետագայում նման բան կլինի, քանի որ մեղադրանքն անհիմն է եւ, բնականաբար, մեղադրանքը փոխելուց հետո կքննարկվի խափանման միջոցը փոխելու հարցը եւս»:

ԳՈՐԾԸ ԳԼՈՒԽ Է ԳԱԼԻՍ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ շուրջ 2 տարի քննվող, բոլորին հայտնի «Գոմեշի մսի» աղմկալի գործն ընդամենը մեկ շաբաթից կուղարկվի դատարան: Հիշեցնենք, որ 2012թ. հունիսին 2-րդ կայազորային զինդատախազության կողմից ուսումնասիրություններ էին կատարվել ԼՂՀ ՊԲ պարենային կենտրոնական պահեստում, եւ զորամասերին գոմեշի միս մատակարարելու չարաշահումների փաստով հարուցվել էր քրգործ ՀՀ քր. օր.-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն)։ Նշենք, որ այս գործով կային կալանավորվածներ (այդ թվում եւ Կապանի մսի կոմբինատի տնօրեն Անդրանիկ Օհանջանյանը), որոնց մի մասը ստորագրությամբ ազատ է արձակվել։ Ավելին՝ Անդրանիկ Օհանջանյանը Պաշտպանության նախարարությանը որպես վնասի փոխհատուցում սառնարան էր կառուցել:




Լրահոս