ՀՀԿ-ԱԿԱՆ ՓԵՍԱՅԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԻ ՀԵՏՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ մեկ տարի առաջ, Ավան-Առինջ թաղամասի 4/2 շենքի բակում կրակոցներ էին հնչել: Կրակոցների «թիրախը» Տավուշի մարզի Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանի հարազատ որդին եւ քրոջ տղան էին: Ի դեպ, Բերդի քաղաքապետի որդին` Անուշավան Մանուչարյանը, միաժամանակ նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության նորանշանակ քարտուղար Գագիկ Մելիքյանի փեսան է: 2014թ. ապրիլ ամսին քրեական գործն ուղարկվել է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Այս պատմության մեջ ամենատարօրինակն այն է, որ ե՛ւ Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը, ե՛ւ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, ժամանակին խոսքերը մեկ էին արել եւ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել, թե այս կրակոցներն իրենց հարազատներին ուղղված չեն եղել, կատարվածը շփոթմունքի հետեւանք է:
Եվ այսպես, ինչ էր տեղի ունեցել, ովքեր էին կրակողները եւ ինչու էին ցանկացել սպանել Բերդի քաղաքապետի եւ ՀՀԿ խմբակցության քարտուղարի հարազատներին:
Դեռեւս 2013թ. մայիսի 23-ին, «Ժողովուրդ»-ն այցելել էր դեպքի վայր: Պարզել էինք, որ ժամը 15:30-ի սահմաններում Հարավ-արեւմտյան թաղամասի բնակիչ, 39-ամյա Արմեն Սիմոնյանը, ով Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանի քրոջ տղան է, այցելության էր գնացել իր եղբոր տուն: Նրա հետ էր եղել նաեւ Բերդի քաղաքապետի որդին` Անուշավան Մանուչարյանը: Տղաները բակում կանգնած են եղել, երբ նրանց ուղղությամբ հնչել էին կրակոցներ: Հատկանշական է այն հանգամանքը, որ կրակոցներ հնչելուց հետո, չնայած քաղաքապետի որդին փախել էր, սակայն կրակոցներ արձակողներից մեկը հետապնդել էր Անուշավան Մկրտչյանին մինչեւ այն պահը, երբ վերջինս մտել էր շենքի շքամուտք, եւ չնայած հետապնդմանը, բարեբախտաբար կարողացել էր փրկել կյանքը:
«Կռիվ կինոյից» տուժել էր միայն քաղաքապետի քրոջ որդին: Ինչպես հետո պարզվեց, կրակոցների հեղինակներն էլ եղել են Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներ 25-ամյա Բեգլար Հովհաննիսյանն ու 30-ամյա Հրանտ Հարությունյանը:
Այստեղ առաջանում է ամենաինտրիգային հարցը՝ եթե, ինչպես պնդում են Բերդի քաղաքապետն ու ՀՀԿ խմբակցության քարտուղարը, կատարվածը շփոթմունք է, ապա ինչո՞ւ էր հանցագործը համառորեն հետապնդել քաղաքապետի որդուն եւ ցանկացել ամեն գնով սպանել նրան: Մի՞թե շփոթմունքն այդքան «հաստատուն» է եղել, որ իրենց «թիրախին» հետապնդել են ընդհուպ մինչեւ շքամուտք: Շփոթմունքի բերումով դժվար թե որեւէ մեկին հետապնդեն մինչեւ շքամուտք:
Այսպիսով, շուրջ մեկ տարի տեւած քննությունից հետո, քրեական գործը 2014թ. ապրիլ ամսին ուղարկվել է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Այս գործով դատավոր է նշանակվել Դավիթ Հարությունյանը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Հրանտ Հարությունյանին եւ Բեգլար Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ապօրինի ձեռքբերած եւ իրենց մոտ պահվող հրազեն հանդիսացող «Մարգոլին ՄՑՄ», «M 0280», «HC-1577» տեսակի ատրճանակների գործադրմամբ կատարել են խուլիգանություն եւ կրակոցներ արձակելով՝ սպանության փորձ են կատարել Արմեն Սիմոնյանի եւ Անուշավան Մանուչարյանի նկատմամբ:
Այն, որ այս պատմությունը շատ մութ կետեր ունի, անհերքելի իրողություն է, սակայն բանն այն է, որ դատական դեպարտամենտի պաշտոնական կայքում տեղադրված փաստաթղթերում չկա այն հանգամանքը նկարագրող էպիզոդը, դրվագը, թե ինչն է եղել սպանության փորձի դրդապատճառը: Այս փաստը շատ զարմանալի է եւ պարզաբանման կարիք ունի, քանի որ հանցագործության կատարման դիտավորությունն անհայտ է մնում:
«Ժողովուրդ»-ը փորձեց մեկ տարի անց, եւս մեկ անգամ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանից պարզել, թե, ի վերջո, կատարվածը շփոթմո՞ւնք էր, թե՞ շան «գլուխը թաղված է» մեկ այլ տեղ: Սակայն Գագիկ Մելիքյանը կտրականապես հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ` ասելով. «Այդ թեմայով այլեւս ինձ հարց չտաք»:Իսկ ահա Բերդի քաղաքապետը շարունակում է մնալ այն մտքին, որ կատարվածը շփոթմունք է եղել .«Այլ բան չեմ կարող ասել, այսքանը»:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանի որդու դեմ կատարված սպանության փորձն անձնական հողի վրա է կատարվել, ինչը եւ կողմերն ամեն կերպ ցանկանում են թաքցնել: Իսկ թե կոնկրետ ինչն է եղել պատճառը, հուսանք՝ պարզ կլինի, գոնե, դատավճռի հրապարակումից հետո:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս