ԲԱՑ ԵՎ ԹԱՓԱՆՑԻԿ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ` ՄԱՐՈՒՔՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռ. Հակոբյանին, ՀՅԴ խմբակցության ղեկավար Ա. Ռուստամյանին, ԲՀԿ խմբակցության քարտուղար Ն. Զոհրաբյանին, ՀԱԿ խմբակցության անդամ Լ. Սարգսյանին, ՕԵԿ խմբակցության ներկայացուցիչ Ի. Խաչատրյանին:

Հարգելի պատգամավորներ.
Ս. թ. մայիսի 20-ին մի խումբ լրագրողներ հրապարակայնորեն դիմել էին ԱԺ պատգամավորներին՝ կոչ անելով կազմակերպել խորհրդարանական լսումներ եւ ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով, որը լրագրողական հետաքննության հրապարակումների հիման վրա խորհրդարանին եզրակացություն կներկայացնի 2012թ. ԱԺ ընտրությունների ժամանակ Վանաձորի թիվ 30 ընտրատարածքում կատարվածի վերաբերյալ: Հայաստանի պառլամենտարիզմի պատմության մեջ աննախադեպ եւ ժողովրդավարության նոր ավանդույթ սկզբնավորող մամուլ-խորհրդարան այդօրինակ համագործակցության հաջողված օրինակ է այն, որ Դուք դրական վերաբերմունք եք արտահայտել լրագրողական հետաքննության հրապարակումների հիման վրա խորհրդարանական լսումներ անցկացնելու եւ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ: Չորրորդ իշխանություն-ԱԺ այս աննախադեպ համագործակցությունը շարունակելու կոչով դիմում ենք ձեզ եւ խնդրում քննարկել ԱԺ ներքոհիշյալ որոշման նախագիծը օրենսդրական նախաձեռնության կարգով շրջանառության մեջ դնելու հարցը, որին հորդորում ենք միանալ նաեւ բոլոր պատգամավորներին: Ս.թ. մայիսի 22-ի ԱԺ նիստում Մարուքյանի՝ խորհրդարանին ձեռնոց նետելու այն հայտարարությունից հետո, թե «Էդմոն Մարուքյանի ընտրվելու թեմայով կարող եք ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, կարող եք ցանկացած ձեւի լսում կազմակերպել, կարող եք ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ տանել հարցը», իրեն հարգող ցանկացած խորհրդարան՝ իր բոլոր խմբակցություններով հանդեձ, պարտավոր է Մարուքյանի ընտրվելու հարցով անցկացնել խորհրդարանական լսումներ եւ ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով: Հակառակ պարագայում կստացվի, որ ինքը՝ Մարուքյանը, կողմ է իր արտահայտությամբ «Էդմոն Մարուքյանի ընտրվելու թեմայով ժամանակավոր հանձնաժողով ստեղծել», նույնիսկ «ՄԱԿ անվտանգության խորհուրդ տանել հարցը», բայց «դեստրուկտիվ» ԱԺ-ն չի ցանկանում դա կատարել:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ /նախագիծ/
ՀՀ Ազգային ժողովի՝ 2012թ. մայիսի 6-ի ընտրությունների ժամանակ Վանաձորի թիվ 30 ընտրատարածքում կատարված խախտումների վերաբերյա զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված փաստերն ուսումնասիրող Ազգային Ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ հոդվածի եւ «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ 2002թ. փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի (այսուհետ՝ Կանոնակարգ) 22-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային Ժողովը որոշում է՝
1. Ստեղծել ՀՀ Ազգային ժողովի 2012թ. մայիսի 6-ի ընտրությունների ժամանակ Վանաձորի թիվ 30 ընտրատարածքում կատարված խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված փաստերն ուսումնասիրող Ազգային Ժողովի ժամանակավոր հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով):
2. Հանձնաժողովի խնդիրներն են՝
1) Ազգային Ժողովի 2012թ. մայիսի 6-ի ընտրությունների ժամանակ Վանաձորի թիվ 30 ընտրատարածքում կատարված խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված փաստերի ուսումնասիրությունը,
2) Ազգային Ժողովի 2012թ. մայիսի 6-ի ընտրությունների ժամանակ Վանաձորի թիվ 30 ընտրատարածքում կատարված խախտումների առընչությամբ իրավասու պետական մարմինների՝ ՀՀ կառավարությանն առընթեր Ոստիկանության, ԱԱԾ-ի, ՀՀ Գլխավոր դատախազության, ԿԸՀ-ի եւ Վանաձորի թիվ 30 ԸԸՀ-ի գործունեության օրինականության եւ գործողությունների իրավաչափության ու համաչափության ուսումնասիրությունը,
3) Իր գործունեության արդյունքների վերաբերյալ համապատասխան գրավոր եզրակացություն Ազգային Ժողով ներկայացնելը։
3. Հանձնաժողովն իր առջեւ դրված խնդիրներն իրականացնելիս՝ Կանոնակարգի 30.1-ի հոդվածով սահմանված լիազորություններից բացի իրավունք ունի՝
1) Իրավասու պետական, տեղական ինքնակառավարման մարմիններից, պետական կամ համայնքային հիմնարկներից ու կազմակերպություններից եւ դրանց պաշտոնատար անձանցից, բացառությամբ դատարանների, դատավորների, դատախազների եւ քննիչների, պահանջել Հանձնաժողովի ուսումնասիրման ընթացքում բացահայտման ենթակա հանգամանքների վերաբերյալ անցկացնել ուսումնասիրություններ, փորձագիտական հետազոտութուններ եւ ներկայացնել դրանց արդյունքները.
2) օրենսդրությամբ սահմանված կարգով ծանոթանալ իր առջեւ դրված խնդիրներին վերաբերող ցանկացած փաստաթղթի, այդ թվում՝ պետական եւ ծառայողական, կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների.
3) իր գործունությունն իրականացնելիս ներգրավել մասնագետների եւ փորձագետների.
4) Հանձնաժողովի որոշմամբ հրավիրելու պաշտոնատար անձանց՝ նրանցից պարզաբանումներ ստանալու Հանձնաժողովում քննարկվող հարցերի վերաբերյալ:
4.Հանձնաժողովի կազմում ընդգրկվում է 2 պատգամավոր ՀՀԿ խմբակցությունից, եւ մեկական պատգամավորներ ԲՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցություններից:
5. Պատգամավորները Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան խմբակցության ղեկավարի ներկայացմամբ՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում:
6.Հանձնաժողովը կազմավորված է համարվում նրա անդամների կեսից ավելիի նշանակման օրը: Հանձնաժողովի առաջին նիստը գումարվում է նրա կազմավորման օրվան հաջորդող7-րդ աշխատանքային օրը:
7. Հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ եւ տեղակալ:
8. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե ներկա է հանձնաժողովի անդամների կեսից ավելին եւ այն վարում է Հանձնաժողովի նախագահը կամ Կանոնակարգով նախատեսված դեպքում՝ նրա տեղակալը կամ Հանձնաժողովի որոշմամբ լիազորված Հանձնաժողովի անդամը.
9. Հանձնաժողովի որոշումները եւ եզրակացություններն ընդունվում են նիստին ներկա հանձնաժողովի՝ անդամների ձայների մեծամասնությամբ
10. Ազգային Ժողովի աշխատակազմը մշտական հանձնաժողովների համար սահմանված կարգով ապահովում է Հանձնաժողովի գործունեության համար անհրաժեշտ պայմաններ:
11. Հանձնաժողովն իր գործունության արդյունքների վերաբերյալ գրավոր եզրակացությունն Ազգային Ժողով է ներկայացնում մինչեւ Ազգային Ժողովի հինգերորդ գումարման նստաշրջանի ավարտը: Մինչ այդ Հանձնաժողվն իր նախաձեռնությամբ Ազգային Ժողովի նիստում կարող է հանդես գալ հաղորդուներով: Ազգային Ժողովին ներկայացվող Հանձնաժողովի եզրակացության հետ կապված հանձնաժողովի անդամի հատուկ կարծիքը կցվում է այդ եզրակացությանը:
ԱԺ վերոհիշյալ պատգամավորներին խնդրում ենք, որպեսզի ս.թ. հունիսի 10-ի ԱԺ նիստի հայտարարությունների ժամանակ նրանցից որեւէ մեկը ներկայացնի այս բաց նամակը:

Մի խումբ լրագրողներ




Լրահոս