ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք՝ հայերս, մեր նախնիներից ժառանգել ենք հարուստ ու բազմազան խոհանոց, որը մեր ազգային մշակույթի կարեւոր բաղադրիչներից մեկն է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Հայ խոհարարական ավանդությունների զարգացում եւ պահպանում» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանն ասաց, որ պետք է հայ տատիկների ձեռքը համբուրել, որ պահպանել են մեր ազգային ժառանգությունը:

-Պրն Մամուլյան, ինչն է պատճառը, որ, ունենալով հարուստ եւ բազմազան խոհանոց, մենք ընդամենը մի քանի հայկական ուտեստի մասին գիտենք:
-Խոհանոցը պետք է զարգացնեն այն կրողները: Պետք է կարողանանք պահպանել եւ սերնդեսերունդ փոխանցել մեր նախնիների ժառանգությունը: Եթե քիչ է գովաբանվում ու լուսաբանվում հայկական խոհանոցը, այն մսխվելով ոչնչանում է: Ես կարծում եմ` պետք է հայ տատիկների ձեռքը համբուրել, որ պահպանել են մեր ազգային ժառանգությունը: Այն, ինչ ժառանգվել է մեզ հայկական խոհանոցի մասով, ժառանգվել է բնական ճանապարհով, իսկ այսօր այդ բնական կապը դանդաղել է, եթե չասենք` խզվել: Տեսնում եք` ինչպես են հրճվանքով գովազդում օտար ուտեստները, որն իր ազդեցությունն է ունեցել մեր տանտիկինների վրա: Ես ուղղակի զարմանում եմ, երբ հայ գործարարը հայերի միջոցով հարստանալուց հետո այդ գումարն օգտագործում է օտար մշակույթը քարոզելու համար: Սա ուղղակի խոսում է արժանապատվության բացակայության մասին: Ու այսքանից հետո սեղանի շուրջ հայրենիքի ու ազգի կենացը խմելն ուղղակի անհասկանալի է: Ավելին` հիմա փորձեր են արվում ազգայնացնել թուրքական ծագում ունեցող, քոչվորին բնորոշ բաստուրման Ռուսաստանում վաճառելու նպատակով: Ի դեպ, հարեւան Ադրբեջանը խուսափում է բաստուրմայի մասին խոսել, իսկ տոլմայի ու քաշիկայի հանդեպ զգայուն է: Ուզում եմ նաեւ հիշեցնել, որ հայկական խոհանոցից օգտվել են ոչ միայն մեր հարեւանները, այլեւ այլ ժողովուրդներ` ռումինացիները, հնդիկները, բուլղարները, տաջիկները: Պարզապես որոշ ազգեր շնորհակալ են ակունքից` հայկական խոհանոցից օգտվելու համար, իսկ մեծ մասը պղտորում է ակունքը:
-Ինչ արդյունքներ են տվել Ձեր ՀԿ-ի բանահավաքչական աշխատանքները նոր հայկական ուտեստներ հայտնաբերելու ուղղությամբ:
-Շատ լավ արդյունքներ, որոնց մասին առաջիկայում կխոսենք: Միայն ասեմ, որ մոլեկուլյար խոհանոցը մեր նախնիներին ծանոթ է եղել դեռ հազարամյակներ առաջ: Հայկական 3-4-րդ դարերի աղբյուրներում կան տեղեկություններ նաեւ Շոթի հացի պատրաստման մասին: Կարող եմ ասել միայն այն, որ հայկական խոհանոցը մեկ տարի անց ավելի բարձր դիրքերում կլինի, կունենանք հաճելի նորություններ:
-Ինչո՞ւ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայկական ոչ մի ուտեստ չի ամրագրել իր ցանկում:
-ՅՈՒՆԵՍԿՕ-ն այն հարթակը չէ, որտեղ պետք է ջանք թափել: ՅՈՒՆԵՍԿՕ-ն այնպիսի կազմակերպություն է, ինչպիսին «Հայ խոհարարական ավանդությունների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ն է: Պարզապես մի քիչ ավելի շուստրի կազմակերպություն է, որն այս կամ այն երկրից փող է կորզում նրանց օգտին քարոզչություն անելու համար: Ես արհամարհում եմ այդ կազմակերպությանը, քանի որ այն սնվում է հիմնականում Թուրքիայից եւ Ադրբեջանից: Ինձ համար կարեւորը փաստերն են ու ավանդույթները:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ




Լրահոս