ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ի՞նչ է իրենից ներկայացնում «լողացող» փոխարժեքի քաղաքականությունը: Ո՞րն է վերջինիս նպատակը:
Ասյա Մանուկյան (42 տարեկան, հաշվապահ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ասյա Մանուկյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ համաձայն արժույթի միջազգային հիմնադրամի կողմից ամենամյա հրապարակվող «Արժութային կարգավորումներ եւ արժութային սահմանափակումներ» հաշվետվության մեջ տրված սահմանման՝ «Ազատ լողացող փոխարժեքի քաղաքականությունը նշանակում է, որ փոխարժեքը որոշվում է շուկայում եւ արժութային շուկային ցանկացած պաշտոնական միջամտության նպատակը ավելի շուտ փոխարժեքի փոփոխությունները չափավորելը եւ չափազանց մեծ տատանումները կանխելն է, քան թե դրա մակարդակը սահմանելը»:
ՀՀ կենտրոնական բանկ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հատկապես 2009-ի մարտի 3-ից հետո ակնհայտ դարձավ, որ ՀՀ ԿԲ-ն այդ տատանումներն անուղղակիորեն կարգավորում է այնպես, ինչպես ձեռնտու է կոնկրետ իրեն, եւ, միգուցե, մի խումբ անձանց: Արդյունքում, ինչպես միշտ, տուժեցին շարքային քաղաքացիները:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, եթե վերջույթների անդամահատում է տեղի ունենում, առաջին անգամ փորձաքննության արդյունքում հաշմանդամության անժամկետ խումբ սահմանվում է, թե ոչ: Եթե ոչ, խնդրում եմ ասեք՝ ինչո՞ւ:
Հայկազ Սահակյան (58 տարկան, 2-րդ կարգի հաշմանդամ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Վերջույթների ամպուտացիայի դեպքում հաշմանդամության խմբի սահմանումը կապված է ամպուտացիայի մակարդակից, ծայրատի վերքի առկայությունից կամ բացակայությունից, մաշկի եւ սպիի վիճակից, պրոթեզի առկայությունից, կարճ ժամանակահատվածում պրոթեզավորման իրականացման հնարավորութունից, վերջույթի բացակայության դեպքում ֆիզիկական եւ հոգեբանական հարմարողականության առկայությունից, ինքնուրույն տեղաշարժվելու կարողության, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության եւ ինքնասպասարկման ապահովման ունակության կենսագործունեությունների սահմանափակման աստիճաններից: Քանի որ նշված գործոնները կայուն չեն եւ դրանց բավարար վերականգնման համար անհրաժեշտ է որոշակի ժամանակահատված, ուստի սահմանվում է հաշմանդամության ավելի բարձր խումբը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետով: Հետագա պրոթեզավորման, ֆիզիկական եւ հոգեբանական հարմարողականության վերականգնման գործընթացից հետո, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 13.06.2003 թվականի N 780-Ն որոշմամբ հաստատված չափանիշների, սահմանվում է հաշմանդամության երրորդ խումբ, անժամկետ:
ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ առաջին խմբի հաշմանդամություն է տրվում, օրինակ, ծանր հոգեկան հիվանդություններ, շաքարային դիաբետ, հեմոդիալիզի կարիք ունեցող հիվանդներին: Այս խմբի հաշմանդամները պարտադիր խնամքի կարիք ունեն: Բնածին խուլհամրության դեպքում տրվում է երկրորդ խումբ, անժամկետ, քանի որ այս հիվանդությունը բուժում չունի: Ձեռքի եւ ոտքի անդամահատման դեպքում տրվում է հաշմանդամության երկրորդ խումբ, անժամկետ:
ՀԱՐՑ. Քույրս տարիներ շարունակ բնակվում է Մոսկվայում: Հորաքույրս իրեն է կտակել սեփականաշնորհված իր բնակարանը: Նրա մահից հետո, օրենքի համաձայն, ի՞նչ պետք է անի քույրս ժառանգորդության իրավունք ստանալու համար: Որո՞նք են նրա հետագա քայլերը:
Մանուշակ Դանիելյան (36 տարեկան, դիզայներ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ նա պետք է ժառանգության ընդունման մասին դիմում ուղարկի նոտարական մարմնին (նոտարին) ժառանգության բացման (ժառանգողի բնակության վայրի) հասցեով: Այդպիսի դիմում պետք է տալ ժառանգության բացման օրվանից հետո վեց ամսվա ընթացքում (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1227 հոդված): Կտակը պետք չէ կցել: Դիմումը գրվում է ազատ ձեւով: Ձեր քույրը կարող է դիմել նոտարին ըստ բնակության վայրի եւ վերցնել օրինակը:
Եթե իր համար դժվար է ձեւակերպել ժառանգությունը (վճարել տուրքը, հավաքել փաստաթղթերը՝ քաղվածքներ գնարժեքի վերաբերյալ, բնակարանի իրավահաստատող փաստաթղթեր, գրանցել բնակարանի սեփականության իրավունքի անցումը եւ այլն): Նա կարող է նշված գործողությունները կատարելու համար լիազորագիր տալ որեւէ մեկին, ով բնակվում է ժառանգության բացման վայրում, որպեսզի նա ձեւակերպի ամեն ինչ Ձեր անունից:
«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով, եթե նշված ժամանակահատվածը դեռ չի անցել (վեց ամիս), ապա Մ. Դանիելյանի քույրը կարող է գրել համապատասխան դիմում, կատարել օրենքով նախատեսված պահանջներն ու առանց բարդությունների ստանալ իր կտակը: