Պարտադիրը պետք է լինի անկախ նրանից, թե ինչ որոշում է կայացվելու: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով կուտակային կենսաթոշակային համակարգի նոր առաջարակին՝ նշեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Հիշեցնենք, որ կառավարությունն առաջարկում է պարտադիր պահումները մինչև 2017թ.-ը կիրառել միայն պետական սեկտորի աշխատողների վրա:
«Խնդիրն այն է, որ պետության վարած քաղաքականության առաջին գծի վրա կանգնած անձերը պետբյուջեից աշխատավարձ ստացողները պետք է լինեն: Մասնավորապես, հուլիսի 1-ից աշխատավարձերը բարձրանում են», – նշեց նա:
Սահակյանի խոսքով` առանձին երկրներ կան, որտեղ գործատուներն աշխատողներին ընդունելիս հարցնում են՝ բժշկության մասին ապահովագրություն ունես, թոշակի մասին ապահովագրություն ունես, և իմանալու դեպքում միայն ընդունում աշխատանքի:
«Դա ճիշտ որոշում է: Իհարկե, այդ խնդիրը ԱԺ օրենքի տեսքով ընդունելու դեպքում ևս, կարծում եմ, հնարավոր է՝ նոր առաջարկներ ու ընդվզումներ լինեն, որոնք նոր պայմաններ կբերեն», – ընդգծեց նա:
Անդրադառնալով համամասնական ընտրակարգին անցնելուն՝ ԱԺ-ի նախագահն ասաց, որ քիչ առաջ հանդիպում են ունեցել ՕԵԿ-ի հետ, և իրենք դեռ չեն ցանկանում այս հարցի հետ կապված միանշանակ դիրքորոշում հայտնել:
«Սահմանադրական բարեփոխումների խնդիր կա, ու չենք ուզում նախապես մեր կարծիքը ամրապնդել և ուղղորդողի դեր ստանձնել, հասարակական պահանջը կգնահատենք, ու մեր կարծիքն ըստ այդմ կձևավորենք»,-եզրափակեց նա: